[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԱ ՈՉ ԹԵ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԱՅԼ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է՚

Նոյեմբերի երկրորդ շաբաթն էր, շտապել էինք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճ` ներկա լինելու մշակութային¬թատերական միջոցառմանը։

Հաճախորդների մի փոքրաթիվ մասին այստեղ էին բերել ոչ թե ազդագրերը, այլ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի հետ հանդիպման ակնկալիքը։ Մամուլից արդեն տեղյակ էինք, որ Լիտվայի Վիսագինաս քաղաքում ՙԱսպինդիս՚ միջազգային 11-րդ փառատոնում դերասանուհին շահել է Գրան պրի ՙԻմ ընտանիքը իմ ճամպրուկում է՚ ներկայացման համար։ Իսկ ներկայացումն ինքնակենսագրական է՝ Արցախյան պատերազմի համապատկերի վրա։ 

Դահլիճը լեփ¬լեցուն էր. զինվորներ, ռազմամարզական վարժարանի սաներ։

Նախքան ներկայացումն սկսելը ելույթ է ունենում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ, ՙՄշակութային օրեր Արցախում՚ ծրագրի հեղինակ Հարություն Հարությունյանը: Նրա խոսքով` առաջին օրվա ելույթներին հետևելու են  ծրագրային այլ միջոցառումներ։ Նա երախտագիտություն հայտնեց ՙՀայաստանի երիտասարդական հիմնադրամ՚¬ին ֆինանսական աջակցության համար և դերասանուհուն, որ համաձայնեց գալ։

Մեկ ընտանիքի պատմությամբ ներկայացվում է ազգային-ազատագրական պայքարի իրական պատկերը։ 1992 թվական։ Հայկական Նորագյուղի և Ստեփանակերտի միջև Խոջալուն է, թշնամու կրակակետը։ Աղջնակի հորը, որ խաղաղ բնակիչ է, օմոնը գերի էր վերցրել։ Թուրքական բանտից Կառլենը վերադառնում է խոշտանգված։ Հրետակոծությունից մարդիկ պաշտպանվում են նկուղներում։ Դպրոցական աղջկան ուղղաթիռով ուղարկում են Հայաստան, որտեղ ցուրտ ու մութ օրեր են։ Փոքրիկ Նարինեն երազում է թատերական խմբակ, խաղաղություն...

Ներկայացման գերխնդիրը լուծվում է մասնավորից գնալով դեպի գեղարվեստական ընդհանրացումներ: Մոնոներկայացումը խոր քաղաքական ենթատեքստեր ունի: Զգացվում է երկու համահեղինակների նուրբ աշխատանքը սցենարի վրա։ Սա դերասանուհու և սցենարիստի համագործակցության, փոխըմբռնման  ցայտուն օրինակ է։ Զարմանալ կարելի է, թե ներկայացման ընձեռած այդքան կարճ ժամանակահատվածում հեղինակները ինչպես են կարողացել ՙտեղավորել՚ դարակազմիկ փոփոխություններ. ազգային զարթոնք, հակամարտություն, պատերազմ, երկրաշարժ, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, պետականության վերականգնում, ազգային ինքնության հաստատում, հայրենասիրության քարոզ՝ առանց ճչոցի ու թմբկահարության։ 

Դերասանական խաղն այնքան է հղկված, մշակված, որ ճիգը չի զգացվում։ 

Հանդիսատեսի հետաքրքրությունը պահպանվեց առաջին տեսարանից մինչև վերջնավարտ։ Խոսքի և դրության նուրբ հումորը փոքր-ինչ թեթևացնում էր դահլիճի լարված վիճակը, հանդիսատեսի հուզմունքը։

Մեր հարցազրույցը Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

 

-Արցախցի հանդիսատեսը Ձեր համակիրն է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ղարաբաղյան հյուրախաղերից։ Հավանաբար, ամեն առիթ օգտագործում եք` լինելու Ձեր ծննդավայրում...

-Անկեղծ ասած` ամեն ինչ հանպատրաստից ստացվեց։ Երեկոյան եղավ առաջարկը, առավոտյան արդեն ճանապարհին էինք։ Տանը հարցրին՝ ի՞նչ միջոցառում է, ասացի՝ չգիտեմ, Արցախի անունը լսել, անմիջապես համաձայնել եմ։ Չգիտեի՝  ինչ լսարան է լինելու։

-Ինչպե՞ս ծնվեց Ձեր պատմությունը ներկայացնելու գաղափարը։

-ՙԱրմմոնո՚-յի ղեկավարը՝ Մարիաննա Մխիթարյանը, միտքը հուշեց, և ամեն ինչ սկսվեց այդտեղից։ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասկացա, որ, որպես քաղաքացի, ուզում եմ խոսել հանդիսատեսի հետ։ Պատերազմի օրերին այն զգացողությունն ունեի, որ ամեն ինչ անիմաստ է, թատրոնը՝ նույնպես։ Բայց անցավ որոշ ժամանակ, և ես հասկացա, որ թատրոնի այսօրվա թեման պիտի լինի այն, թե ինչ դժվարությամբ ես ձեռք բերել քո երկրի անկախությունը։ Այսօրվա սերունդը միգուցե այնքան էլ լավ չգիտի այն ճանապարհը, որ անցել են ավագները։ Որպես փոքր երեխա` ես շատ բան եմ տեսել, և ուզում էի, որ նոր սերունդը տեսնի ու գնահատի այն ձեռքբերումները, որ կան, գնահատի մեր անկախությունն ու պետականությունը։ Ես ուրախ եմ, որ մեր երիտասարդները ներկայացումը դիտում, ընկալում, փոխվում են, հասկանում են, թե ինչ է հայրենիքը, ինչ է հայրենիքի հանդեպ սերը, ինչ է հայրենասիրությունը։ Հայրենասիրությունն առաջանում է իրար սիրելուց. սա ներկայացման գլխավոր ասելիքներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը։ Ես ուզում էի, որ իմ պատմությունը դառնա բոլոր երեխաների ու երիտասարդների ՙսեփականությունը՚։ Ներկայացումը նաև հիշատակի խոսք է` նվիրված իմ հայրիկին, ով  կրել է ադրբեջանական բանտի սարսափները։ 

-Նարինե, ներկայացման ընթացքում ես մտածում էի այն մասին, թե ինչպես է օտարազգի հանդիսատեսն զգում և ընկալում Ձեր ասելիքը, հայերեն խոսքը։ 

-Ասեմ, որ Լիտվայում ռուսերենով էի ներկայանում, բայց ամեն տեղ պահում էի ղարաբաղյան բարբառով իմ խոսքը։ Տեսարաններ կան, որ բեմավիճակն ինքն օգնում է ընկալելու բարբառը։  Լիտվայում հանդիսատեսը հուզվում էր, ինչպես հայը։ 

-Գնալուց առաջ մտավախություն կա՞ր։

-Իհարկե՝ կար։ Չէ՞ որ բոլոր դեպքերում տեքստը հայրենասիրական է։ Բայց ամեն ինչ սահուն գնաց, սցենարն ամբողջության մեջ ընկալվեց։ Եվ այդ ընկալմանն օգնում է պատումի ճշմարտացիությունը, իմ՝ որպես հեղինակի, անկողմնակալ վերաբերմունքը և այն, որ առաջին պլան  են մղվում ներկայացման համամարդկային արժեքները։

-Սցենարում բավականին քաղաքական ենթատեքստեր կան։

-Այո։ Լիտվայում ադրբեջանական քարոզչությունն ուժեղ է, նրանք ապատեղեկատվություն ունեին Խոջալուի մասին, իսկ ես հենց առաջին տեսարանում տալիս եմ Խոջալուի անունը` նշելով, որ այնտեղից կրակում, հրետակոծում են։ Ու հանկարծ դահլիճից մի այնպիսի սառը հոսանք եկավ, իմաստը սա էր՝ դե, հայ է՝ էլ ինչ պիտի ասեր... Բայց հետո զգացի, որ նրանց մոտ կամա՛ց¬կամաց ցրվեց այդ զգացողությունը։ Դահլիճն ինձ հասկացավ, ընկալեց, ծափահարեց։ Սա պատմություն է մարդու մասին։ Պատերազմ էր, կրակում էին, բայց մենք խնդիր էինք լուծում։ Մեծ հաղթանակը բազմաթիվ փոքրիկ հաղթանակների գումարով է ստեղծվում. ես սա էի ուզում փոխանցել հանդիսատեսին, և ուրախ եմ, որ կարողացա համոզել։ 

-Լիտվայից բացի ուրիշ ի՞նչ երկրներում եք խաղացել ներկայացումը։ 

-Գերմանիայում։ Քանի որ այնտեղ Հայկական մշակույթի օրերն էին։

-Դարձյալ ռուսերե՞ն էիք խաղում։

-Ոչ, հայերեն, բայց տիտրերը գրվում էին գերմաներեն։ Բացի այդ, մեր բեմանկարիչը, որ գերմաներեն գիտի, նախապես հանդիսատեսին ծանոթացնում էր բովանդակությանը։ 

-Ձեր առաջին զգացողությունը, երբ մրցանակը շահեցիք։  

-Ես մրցանակ շահելու մասին բացարձակապես չէի մտածում, միայն զգում էի պատասխանատվությունը հանդիսատեսի առաջ։ Պահն էլ շատ պատասխանատու էր, քանի որ 13 ներկայացում կար` Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրանից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլն։ Հանձնախմբի ղեկավարն էլ լեհ անվանի թատերագետ Տոմաշևսկին էր։ Միակ մրցանակը՝ Գրան պրին, տրվեց ինձ։ Տարօրինակ զգացողություն ունեի։ Ուզում էի կիսվել որևէ մեկի հետ։ Ամուսինս անհասանելի էր, զանգում եմ մորս, հայտնում եմ, որ Գրան պրի եմ շահել։

Շուշիում ներկայացման ժամանակ պապիկս ներկա էր, և նրան խիստ հաճելի էր թոռնիկի խաղը, հաջողությունը։ Ղարաբաղում նրան ճանաչում են, Արշավիր Գալստյանը երկար տարիներ Նորագյուղի կոլտնտեսության նախագահն է եղել։ Բայց սրտիս դարդ է մնացել, որ ներկայացման ավարտին նրան բեմ չեմ բարձրացրել։

-Ստեղծագործական պրոցեսում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

-Ինձ համար ամենադժվարը անցածը վերապրելն էր, վերամարմնավորելը։ Որովհետև մենք փորձել էինք մոռանալ պատերազմական շրջանի ծանր ապրումները։ Օրինակ, երբ Հրազդանից տեղափոխվեցինք Ղարաբաղ, Սարդարաշենի տատիկս ասաց. ինչո՞ւ եք եկել, բա ո՞ր.... Ես բնազդով հասկացա, որ իմ հարազատների մեջ վախ կար, վախ վտանգից, որ եկել ու դեռ գալու էր։ Ինձ համար դժվար էր այն օրերի զգացողությունները վերականգնելը, վերապրելը։ Գիտե՞ք, երբ ինչ¬որ դեր ես խաղում, ներքուստ կարծես թե հանգիստ ես, կարծես թե դա դու չես։ Իսկ այստեղ այլ իրավիճակ է, բեմում ես եմ, իմ ապրածն ու զգացածը։ Եղել է պահ` ինձ թվացել է, թե բեմում կլացեմ, հատկապես սկզբում երբ չգիտեի` ներկայացումը կընդունվի, թե չէ։ Որովհետև սա ներկայացում չէ, սա խոստովանություն է։ Գուցե նկատել եք, որ վերջնավարտին ես նույնիսկ խոնարհում չարեցի։ Սա խաղ է բաց նյարդերով, խաղ, որի մեջ սիրտդ ես դրել, ու ամեն ինչ շատ ցավոտ արձագանքվում է հոգուդ մեջ։ 

-Դուք ինչ¬որ փորձ ունեի՞ք սցենար գրելու կամ ստեղծագործելու։

-Ոչ։ Փորձ չունեի։ Բայց ես կարողացել եմ իմ ապրումները, մտքերը, զգացողություններն այնպես շարադրել, որ Սառա Նալբանդյանի հետ ստեղծել ենք այն, ինչ որ դուք տեսաք այսօր բեմում։ Սառան սցենարիստ, գիտնական է, Իտալիայում է կրթություն ստացել, ոսկերչական բարձր մակարդակով է արել իր գործը։

-Մտավախություն չունեի՞ք, թե ինչպես կընկալի արցախցի հանդիսատեսը։ 

-Անկեղծ ասած, վախենում էի արցախցի հանդիսատեսից։ Որովհետև գիտեմ, որ արցախցին շատ ծանր բաներ է տեսել, իսկ դրանից մարդու սիրտը քարանում է, նրան չես կարող զարմացնել։  Բայց ամեն ինչ վերջացավ հաջողությամբ։ 

-Առաջիկա Ձեր ծրագրերը։ 

-Հրավերներ ունեմ Ուկրաինա, Բելառուս, Մարոկկո, Չիլի...

-Հաջողություն եմ ցանկանում:

-Շնորհակալություն:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ