ՀՈՅԱԿԵՐՏ ԴՎԻՆԸ ԿՀԱՌՆԻ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՓՈՇՈՒՑ

Դվին քաղաքի միջնադարյան շերտերի տակ մասնագետները հայտնաբերել են վաղ բրոնզե, վաղ երկաթե և անտիկ դարաշրջանների կառույցներ։

Գտնվել են նախաուրարտական շրջանի 27 բացառիկ տաճարներ։ 2018թ. լայնամասշտաբ պեղումներ կսկսվեն Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Դվինի բնակատեղիում։ ՙ2019թ. այդ տարածքում կբացվի թանգարանային ցուցադրություն։ Կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Բացի այդ, պատրաստվում է ՙՎիրտուալ Դվին՚ նախագիծը, քանի որ արդեն պատկերացում կա` ինչպիսի տեսք ուներ հայկական մայրաքաղաքը՚,- օրերս հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Մի ժամանակ Դվինը խոշոր արհեստաառևտրային քաղաք էր ոչ միայն միջնադարյան Հայաստանում, այլև ողջ Առաջավոր Ասիայում։ Այն բանից հետո, երբ Արաքս գետի հունը տեղաշարժվեց դեպի հարավ, և Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը զրկվեց ջրից, որոշվեց հայկական պետության մայրաքաղաքը տեղափոխել այլ վայր։ 

Դվինը կառուցվել է Խոսրով 2-րդ թագավորի կողմից՝ 335թ.։ Այդ պահից սկսած ու դեռ երկար ժամանակ այն հանդիսանում էր Արշակունիների դինաստիայի հայ թագավորների նստավայրը։ Դվինը որպես մշակութային, տնտեսական ու առևտրային կենտրոն գոյություն է ունեցել IV-XIII¬րդ դարերում։ 428թ.Հայկական թագավորության անկումից հետո Դվինը դարձավ պարսից, ապա՝ 640թ.¬ից, արաբական տիրակալների նստավայրը, ովքեր, բացի հայկական հողերից, միավորեցին նաև Վրաստանը, Առանը և Բաբ ալ Աբվաբը (Դերբենտ)։

Չնայած այն բանին, որ Դվինն այդ ժամանակից ի վեր բազմիցս է ձեռքից ձեռք անցել, IX դարասկզբին այն դեռևս ծաղկուն վիճակում էր։ 1236թ. Դվինը վերջնականապես ավերվեց մոնղոլական զավթիչների կողմից, ովքեր անխղճորեն սրի մատնեցին գրեթե ողջ բնակչությանը։ Այդ ժամանակից քաղաքն ամայացավ ու մոռացության մատնվեց։

Առաջիկա աշխատանքների մասին ՙԳոլոս Արմենիի՚ թղթակիցը խնդրեց պատմել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնէաբանության ու ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ։ 

-Դվինում սիստեմատիկ պեղումներ անց են կացվում 1937 թվականից։ Այն ժամանակ հետազոտական աշխատանքը վարում էր հնագիտական արշավախումբը, որը ղեկավարում էին այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսիք էին Սմբատ Տեր¬Ավետիսյանը,Կարո Կաֆադարյանը, Արամ Քալանթարյանը։ Միջնաբերդի տարածքում հայտնաբերվել են հսկայական հրապարակ ու կենտրոնական թաղամաս։ Պահպանվել են Արշակունիների ժամանակներից պալատական շինությունների մնացորդներ, IV¬րդ դարի մեծ բազիլիկ դահլիճը՝ չորս զույգ սյուներով, VIII¬րդ դարի պալատական խոշոր շինության մնացորդներ՝ տարբեր նշանակության կացարաններով, բնակելի տներ, արտադրական ու կոմունալ համալիրներ։ IV¬V դդ. բոլոր մոնումենտալ շինությունները կառուցված են բաց գույնի կրաքարից ու գունավոր տուֆից։ Շինությունների ներսի մասը ճոխ հարդարված է գիպսե քիվերով, որմնանկարներով, ճարտարապետական տարբեր դետալներով։ Սա հսկայական նյութ է, որը հաստատում է, որ Դվինը յուրահատուկ քաղաք էր՝ հարուստ ճարտարապետությամբ։

-Պրն. Ավետիսյան, Արարատյան դաշտում են գտնվում Հայաստանի երկու մայրաքաղաքների՝ Արտաշատի ու Դվինի ավերակները։ Հայտնի է, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է պահպանված հուշարձանների վերականգնման ու դրանց հարակից տարածքների բարեկարգման ծրագիր։  Ձեր ինստիտուտը դրանում ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերում։ 

- Իրականում դրանք համատեղ նախագծեր են։ Տարածքի բարեկարգմանը զուգահեռ մեր ինստիտուտի մասնագետները հետազոտական աշխատանքներ կտանեն, այնուհետև բոլոր հուշարձանները բաց կլինեն այցելուների համար։ Արտաշատում գլխավոր տաճարի դիմաց 2004թ. պեղել ենք հռոմեական բաղնիքներ՝ քանդակված հազվագյուտ խճապատկերով։ Քանի որ բաղնիքները գտնվում են Արաքս գետից ոչ հեռու, անհրաժեշտ է դրանք տեղափոխել թանգարան, հակառակ դեպքում ստորերկրյա ջրերի պատճառով կարող ենք կորցնել դրանք։ Ե՜վ Դվինում, և՜ Արտաշատում հնէաբանական բազմաթիվ շերտեր կան, որոնք ենթակա են ուսումնասիրման։ Այնպես որ Դվինի և Արտաշատի բարեկարգման ծրագրերը շատ կարևոր են։ Դվինի տարածքում կբացվի Քարեդարան՝ քարակերտ մշակույթի թանգարան։ Այստեղ կցուցադրվեն խաչքարերի ու տարբեր շինությունների քարաբեկորներ, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Անցած տարեշրջանում ամրացվել է հնէաբանական հուշարձանի տարածքի մուտքը, ինչպես նաև կառուցվել է ճանապարհ։

-Հայտնի է նաև, որ Դվինի տարածքում կան նաև հնագիտական վաղ շրջանի շերտեր։ Դրանք նո՞ւյնպես կուսումնասիրվեն ձեր կողմից:

-Միջնադարյան շերտերի տակ մասնագետները հայտնաբերել են վաղ բրոնզե, վաղ երկաթե և անտիկ շրջանների շերտեր։ Մենք գտել ենք նախաուրարտական շրջանի 27 բացառիկ տաճարներ։ Սա խոսում է այն մասին, որ Հայկական լեռնաշխարհն ուրբանիզացիայի ու վաղ պետական կազմավորումների կենտրոն էր։ Մեր ինստիտուտը, իհարկե, կշարունակի այդ շերտերի ուսումնասիրումը, բայց` ոչ ի վնաս վերին շերտերի։ Պեղումները բարդանում են այն հանգամանքով, որ միջնադարյան կառույցները գտնվում են վերին շերտում՝ դժվարացնելով ավելի խոր շերտերի ուսումնասիրությունը։  Համոզված եմ, որ Դվինում նախաքրիստոնեական շրջանի դեռ շատ տեղեկություններ են անթեղված։ Այժմ մեր գլխավոր խնդիրը միջնադարյան բոլոր շինությունները պահպանելն ու զբոսաշրջիկներին գրավելն է։

golosarmenii. am

Տիգրան ՄԻՐԶՈՅԱՆ