[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՆՊԱՍՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

Հադրութի մշակութային կյանքը` շնորհիվ շրջվարչակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի ակտիվ աշխատանքի, ընթացիկ տարում բավականին աշխուժացել է:

Բաժնի գործունեության գլխավոր գիծն այն է,  ասում է նրա վարիչ Երազիկ Հայրիյանը, որպեսզի համադրվի, միահյուսվի տարբեր ոլորտների գործունեությունը և դրա շնորհիվ ավելի մերձեցվեն շրջանի բնակչության տարբեր խավերի շփումները: Անշուշտ, հեշտ չէ լայնամասշտաբ այս գործընթացն իրականացնելը, նկատում է բաժնի վարիչը:Ինչպե՞ս երիտասարդներին ներգրավել մշակութային կյանքին, վարակել ազգայինով, նրանց մեջ հետաքրքրություն արթնացնել արվեստի տարբեր ոլորտների հանդեպ: Հեշտ չէ նման խնդիր լուծելը, խոստովանում է բաժնի վարիչը, բայց կարևորն այն է, որ բաժնի աշխատողները, ինչպես և նրա շուրջը հավաքված երիտասարդները, ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մշակվեն զանազան նախագծեր, մտահղացումներ` ի նպաստ թե՜ մշակույթի ընդհանուր զարգացման և թե՜  գործընթացին հնարավորինս երիտասարդության ներգրավվման:

Որպեսզի հետ չմնան մայրաքաղաքում տեղի ունեցած մշակութային անցուդարձից, հատկապես վերջին ամիսներին ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում անցկացված զանազան միջոցառումներից, գաղափար ծնվեց նման միջոցառումներ անցկացնել նաև Հադրութում: ՙՎաղուց էի մտմտում դրա իրագործման շուրջ,- ասում է Երազիկ Հայրիյանը:- Ինչպե՞ս այն իրականացնել, որտե՞ղ, ու՞մ հետ: Համախոհներ չէի գտնում: Բայց, ինչպես ասում են, ով որոնում է, նա միշտ գտնում է: Վերջերս Հադրութում հիմնվեց ՙԴորութ՚ ճարտարապետական ստուդիան, որի հիմնադիր տնօրեն Նինա Ներսիսյանի հետ վերջերս եմ ծանոթացել: Որոշեցի հանդիպել զուտ ստուդիայի գործունեությանը ծանոթանալու նպատակով: Բայց քիչ-ինչ շփվելուց, զրուցելուց հետո իրար լավ հասկացանք ու սկսեցինք քննարկել երիտասարդների ակտիվությանը վերաբերող հարցերը: Զրույցի ընթացքում ծանոթացա նաև մեկ այլ հրաշալի անձնավորության` Գայանե Սարգսյանի հետ: Իմ այս մտահղացմանը մեծ արձագանք ստացա աղջիկներից: Երբ քննարկվեց ծրագիրը, ղեկավարությանը տեղեկացրինք գաղափարը կյանքի կոչելու մտադրության մասին, ու երբ այն հավանության արժանացավ, սկսեցինք փնտրել միջոցառումների անցկացման վայրը՚:

Հադրութի կենտրոնական հատվածներից մեկում տեղակայված ՙԴիզակ՚ սրճարանը լավագույնս համապատասխանում էր ծրագրին: Հայ ավանդական տների ձևով կառուցված հին շինության առաջին հարկը` կամարակապ առաստաղով, փայտե հնաոճ սեղաններով ու աթոռներով, լավագույն պայմաններ էին մտերիմ մթնոլորտում շփվելու, խոսելու երիտասարդներին հուզող խնդիրների շուրջ, մշակութային հետաքրքրիր միջոցառումներ անցկացնելու, ինտելեկտուալ խաղեր կազմակերպելու, մի խոսքով` մի բաժակ սուրճի, թեյի շուրջ խոսակցություն ծավալելու ցանկացած թեմայի վերաբերյալ:

Առաջին միջոցառումը կայացավ նոյեմբերի 18-ին: Զգալի թվով երիտասարդներ հավաքվեցին, միասին դիտեցին անցած դարի 80-ականներին էկրան բարձրացած հրաշալի մի ֆիլմ` ՙԻնչպես գողանալ միլիոնը՚: Գեղեցիկ տեսարաններով, հմայիչ ու սրամիտ հերոսներով, նուրբ հումորով, ջերմությամբ ու սիրով համակված ֆիլմը քննարկման ցանկություն չառաջացրեց, բայց մեծ հաճույքով դիտվեց, քանի որ երիտասարդներից շատերն առաջին անգամ էին այն տեսնում:

Երկրորդ միջոցառումն, անշուշտ, նույն վայրում, կայացավ նոյեմբերի 25-ին: Այն նվիրված էր հայ ազգային երգին: Հադրութցի երիտասարդների առջև հանդես եկան Տողի արվեստի դպրոցի ժողովրդական երգեցողության դասարանի սաները` դասատու Մարատ Հարությունյանի գլխավորությամբ: Դպրոցի աշակերտների կատարմամբ հնչեցին հայկական հոգևոր, ազգագրական, հայրենասիրական երգեր: Իսկ վերջում Մարատ Հարությունյանը կատարեց իր հեղինակային երգերը, որոնք մեծ ոգևորություն առաջացրին ունկնդրողների մոտ: Նրանց խոստովանությամբ` առաջին անգամ էին լսում նման երգեր, այն էլ կենդանի ու այդքան հրաշալի կատարմամբ: Այնքան հավանեցին, որ ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ մասնակցել նման համերգի:

Կարևորն այն է, նկատում է Ե. Հայրիյանը, որ այդ երկու տարբեր միջոցառումները մեծ արձագանք գտան շրջկենտրոնի երիտասարդների շրջանում, այսինքն` մտահղացումը ծառայեց իր նպատակին: ՙԱվելին ասեմ,- բավականությամբ նշում է բաժնի վարիչը,- ավելի մեծ տարիքով մարդիկ սկսեցին հետաքրքրվել: Եվ անգամ մասնակցելու ցանկություն հայտնեցին, ինչը շատ ոգևորեց մեզ՚: Պարզապես միջոցառման վայրը, ափսոսանքով նշում է բաժնի վարիչը, թեկուզև իր ինտերիերով մտահղացմանը համապատասխանում է, փոքր է: Սակայն նա համոզված է, որ հետագայում կունենան  մեծ տարածքով վայր, որտեղ ավելի շատ մարդ կկարողանա մասնակցել բաժնի կողմից կազմակերպվող նման միջոցառումներին:

Տեղեկացնենք` միջոցառումներն այդ կազմակերպվում են շաբաթը մեկ անգամ, շաբաթ օրը երեկոյան, և ամեն անգամ նվիրված են լինելու մշակույթի տարբեր ոլորտների:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ