Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐ ՄԱՐԴԸ ՑՆԾԱ ՀԱՎԵՐԺԻ ԲԱԽՏՈՎ...՚

 altՙ1984թ. մարտի 14-ին Երևանի ՙԼեչկոմիսիա՚ հիվանդանոցում վախճանվեց հայ դասական քնարերգության պայծառ աստղերից մեկը՝ Հովհաննես Շիրազը (Օնիկ Թադևոսի Կարապետյան)։

Մեծ պոետի մահվան բոթը լսեցի Մարտունու ՙԱշխատանք՚, այժմ՝ ՙԱմարաս՚ թերթի խմբագրությունում, հանրային ռադիոյով։ Լուրը ցնցող էր և անհավատալի, թեև ընդամենը երկու շաբաթ առաջ էինք համակուրսեցիներով այցելել բանաստեղծին, ով հիվանդ պառկած էր Ամիրյանի վրա գտնվող իր բնակարանում։ Դա մեր չորրորդ հանդիպումն էր Հովհ. Շիրազի հետ։ Ով կմտածեր, որ...վերջինը... 

1984թ. փետրվարն էր։ Մինչ այցելելը, զանգեցինք։ Անի Շիրազը պատասխանեց։ Այս  անգամ բանաստեղծը մեզ ընդառաջ չեկավ։ 

...Երեխաներից մեկը դուռը բացեց և ներս հրավիրեց մեզ։ Բանաստեղծը հիվանդ պառկած էր։ Համբուրեցինք աջը։ Ամեն անգամվա պես անակնկալի չեկավ, անհարմար զգալու շարժումներ չարեց և չջանաց ինքն էլ ողջագուրվել  մեզ հետ։

- Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ տեսնելու,-ասաց։ Անընդհատ Ղարաբաղից էր հարցնում։

- Թուրքերը ձեզ չե՞ն նեղում։ Ամոթ էլ է, ոչ մի անգամ չեմ տեսել Արցախս...

Մենք ասացինք, որ շատ դռներ ենք ծեծել՝ իրեն Արցախ հրավիրելու նպատակով, սակայն տեղում վախենում, Տարբեր պատճառաբանություններով խուսափում են։

Ո՛վ կմտածեր, որ դա մեր վերջին հանդիպումն էր լինելու...

1984 թվական, մարտի 14։ Օպերայի հրապարակում ոտք դնելու տեղ չկար։  Ամբողջ Հայաստանը, սփյուռքահայությունը, ԽՍՀՄ հայաբնակ վայրերի հայերը՝ բանաստեղծի արվեստի երկրպագուները եկել էին հրաժեշտ տալու ժողովրդական քնարերգուին։

Ահավոր հրմշտոց էր։ Յուրաքանչյուրը շտապում էր րոպե առաջ հասնել, տեսնել երգի անվեհեր արքային. շատերս չէինք հավատում, որ այդքան կենսախինդ, մահամերժ մեծությանը մահը կարող էր տապալել։ Աննկարագրելի դժվարություններով հասանք մուտքին, ներս մտանք։  Մայր Հայաստանի շքեղ ծաղկունքն էր նրա աճյունի և օպերային հարակից փողոցների վրա։ ՙԵվ ծաղիկներ շաղ տալով...՚։

Երկրպագուները Հայաստանի հեռավոր շրջաններից եկել էին ծաղկեպսակներով, բանաստեղծի մեծադիր լուսանկարներով։ ՙՀայոց քերթության հավերժափայլ աստղը՚ գլխատառերով գրված էր լուսանկարներից մեկի տակ։

Մարդկային գետը փողային նվագախմբի հնչյունների և ծաղունքի տարափի տակ հասավ պանթեոն՝ հայոց մեծերի հանգրվանը։

Այն պահին, երբ օպերայի շենքից դուրս բերվեց բանաստեղծի աճյունը, հանկարծ սկսեց անձրև տեղալ, ծանր խոշոր կաթիլներով անձրև...Երկինքն էլ էր արտասվում...

Մահը...եթե այն կարողացավ բանաստեղծական շքեղ գոյության վերջնագիծը գծել, տապալել գեղեցկությամբ ու խոյանքներով շնչող մի ողջ տիեզերք, ուրեմն, ճար չկա մահին...

Այն հոգևոր հզոր լույսը, որը կրում  էր բանաստեղծը, այն խոլ խիզախությամբ հորդացող շիրազյան տաղանդավոր երկերը կերտեցին իմ սերնդի դիմագիծը։ Շիրազյան արյուն բոցավառող հայրենասիրական քնարով դաստիարակվեցին մեր սերունդները։ Դարի քաոսում սրտաշարժ և անհավատալի լինելու չափ զուլալ  ու անպաճույճ մարդու և բանաստեղծի նրա անկրկնելի կերպարը հառնում է իր անընդգրկելի մեծությամբ։ 

Ասես սգվոր էին հեռվից երևացող ձյունաճերմակ Մասիսները։ Թվաց, թե նրանք էլ ձյունեղեն ողբով  սգում էին բանաստեղծի կորուստը։

Հանկարծ մտածեցի, որ Արարատն անձեռակերտ հուշարձան է նրան, մեծասքանչ ու արժանի։

Դեպի ընթերցողի սիրտը տանող ճանապարհը ոչ միայն բանաստեղծի տաղանդի մեծությունն է, այլև տաղանդի խիզախությունն ու բանաստեղծական տողի շիտակությունը։  Ժողովրդական բանաստեղծը  (իսկ Հովհ. Շիրազը, ինչպես վկայում են նրա ժամանակակիցներն ու գրչընկերները, աննախադեպ ժողովրդայնություն էր վայելում մայր հայրենիքում և նրա սահմաններից դուրս) այնպիսին էր, ինչպիսին ժողովուրդն էր, ժողովրդի հետ էր և ժողովրդի մեջ։ 

Խորհրդային բռնատիրության տարիներին   Հովհ. Շիրազի պես գրիչը միայն կարող էր բոլոր ժամանակների պատեհապաշտներին սանձել չափածոյով.

 

Պաշտոնիդ հեծած իջել ես արոտ,

Դու ստոր հոգի ճախրանքի կարոտ...

Եվ ապա՝   

Ոչ ոք չի կարող երգս կաշառել

Դեպի Մասիս է երթս աննահանջ։

Ոչ մեկիդ առաջ գլուխ չեմ ծռել,

Խոնարհվում եմ ես լոկ 

մորս առաջ...

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ