[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զապել Եսայանի ժառանգությանը նվիրված և ՙԻնչու են մարդու իրավունքները կարևոր՚ խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները։

 Միջոցառմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը, ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, մրցութային հանձնաժողովի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ և այլոք։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները, Զապել Եսայանի թոռը՝ ԵՊՀ դոցենտ Ալեքսանդր Եսայանը։ Տեսաուղերձով ներկաներին ողջունեցին մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը և մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Հայ իրավաբանական միության խորհրդի անդամ Կարո Ղազարյանը։

Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանը, երկրորդ մրցանակային տեղը` Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լինա Միրզոյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սիրուն Գաբրիելյանը։ Առաջին և երկրորդ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են iPod պլանշետներով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ TSD ընկերության տրամադրած ArmPhone բջջայինով։

Եզրափակչի մյուս 9 մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել Հայաստանի և Արցախի օմբուդսմենները, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը, Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, ՙԴասավանդիր Հայաստան՚ հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ասոցիացիան (ԱՄՆ)։ Եզրափակչի մասնակիցները ստացել են նաև գրքեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև ՙԱնտարես՚ հոլդինգի կողմից։ 

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են Թումո ստեղծարար կենտրոնի հայտարարած մրցույթում հաղթող դիզայնով շապիկներ, ինչպես նաև հուշանվերներ Զ. Եսայանի ընտանիքի կողմից։

Հարկ է ընդգծել, որ այս տարի մրցույթի երկրորդ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը Արցախի շրջանների դպրոցականներ են։

Միջոցառման ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների կատարումները։

Եզրափակիչ խոսքում Ռուբեն Մելիքյանը գոհունակությամբ ընդգծել է, որ մրցույթի աշխարհագրությունը մեծանում է, իսկ աշխատանքների որակը` բարձրանում։ ՙՈւրախալի է, որ եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները՚, - նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նաև խոստացել է, որ 2018թ. գարնանը մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտների համար կազմակերպվելու է կարճատև ուսումնական այց Երևան։

 

ՄԻՊ աշխատակազմ