[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԱՀԱՅՏ ԱՄՐՈՑՆԵՐ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ

Ամրոց - բնակատեղի 

ՙՔարախաչ՚ (Փոքր Ծար)

 Մատենագրության մեջ Ծարը հայտնի է նաև ՙԱստուածապահ յամուրն Ծար՚ անվանումով, որը վերաբերում է ոչ միայն  համանուն գավառի վարչական կենտրոնին, այլև դրա շուրջ գտնվող պաշտպանական այլ հանգույցների: Գտնվելով Արցախը Սյունիքի հետ կապող ռազմավարական հանգուցակետում, այդ վարչական տարածքը փաստորեն շրջափակված էր մի շարք այլ ամրոցներով ևս, որոնց շարքում, ըստ էության, առանձնակի տեղ է գրավել  բուն Մեծ Ծար բարձրավանդակին տեղակայված և XI-XIIIդդ.  բնորոշ ամրոցը՝ եզակի իր չափերով ու կառուցվածքով: Աշխարհագրական կոորդինատներն են N 39 59 24.1, E 45 57 14.6: Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է մինչև 2160մ: Նկատի ունենալով  ամրոցամերձ հյուսիսային ձորով հոսող ՙՔարախաչ՚ գետանվանումը, ամրոցը ներկայացնում ենք ՙՔարախաչ՚ անունով, որը, մեր կարծիքով, դրա պատմական անվանումներից է:

Բուն ամրոցակալ բարձրավանդակն արտաքուստ ունի թերակղզու տեսք՝ փռված  Թարթառ-Ծարագետի և դրա վտակ Քարախաչի միջև: Դրա  մոտ գտնվող ամենամոտ ու մատչելի բնակավայրը  հարավ-արևմտյան կողմում տեղակայված    Զիվելն է (Զաբալ): Ամրոցակալ բարձրավանդակի ընդհանուր երկարությունը մոտ 1,2կմ է, իսկ լայնությունը՝ 150-500մ: Կազմված է երկու հիմնական հատվածներից. վերնամասից և դրանից արևելք ընկած հիմնական տարածքից: Տարածքը խորհրդային ժամանակներում  մշակվել-աղավաղվել է, ներկայումս վերգետնյա մասում գրեթե ոչինչ չի պահպանվում: Վերնամասում պահպանվում են պատերի հիմքերի առանձին հատվածներ, ներառյալ արևելակողմ՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող պարսպի հիմքը՝ մինչև 120մ երկարությամբ: Միակ մուտքը հարավ-արևմտյան կողմից է՝ ժայռի տակ: Սակայն ամրոցի հիմնական պարսպաշարերը կամ դրանց հիմքերն ու մնացորդները բավականին լավ պահպանված են սոսկ բարձրավանդակի եզրամասերում, գերազանցապես հնարավոր անցումների հատվածներում, մասնավորապես, արևմտակողմ ժայռագոտում՝ սկսած մուտքի հատվածից, որի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 500մ: 

 Կիկլոպյան ամրոց ՙՄեծ  Ծար՚

Գտնվում է ներկայիս Ծար բնակավայրից հյուսիս-արևելք,  հարավ-արևմուտք -հյուսիս-արևելք ձգվող բարձրավանդակի արևելակողմ ծայրամասում, ծովի մակերևույթից մինչև 1860մ բարձրության վրա: Աշխարհագրական կոորդինատներն են N 40 01 07.5, E45 59 14.5: Ամրոցի անվանումը բխում է պատմական Ծար իշխանանիստ բնակավայրից կամ տեղավայրից, որը կալվածացուցակում հանդես է գալիս նաև ՙՄեծ Ծար՚ անվամբ (Սիմէօն կաթողիկոս Երեւանցի, Ջամբռ, Վաղարշապատ,1873,էջ 283): Դա  ավելի քան 3,7 կմ ձգվող բարձրավանդակով ամրակուռ ռազմապաշտպանական հանգույց էր՝ գրեթե բոլոր կողմերից առանձնացված բնական անդնդախոր ձորերով: Այդ մասին են վկայում մասնավորապես դեպի ներկայիս բնակավայր ձգվող ճանապարհին մերձ ժայռագոտում և այլ տեղավայրերում պահպանվող,  XII-XIIIդդ. բնորոշ պարսպապատերի հետքերն ու մնացորդները: Դառնալով բուն կիկլոպյան ամրոցին, հարկ է նշել,  որ այն տեղակայված է այստեղ գտնվող դամբարանադաշտից ժայռային ելուստով առանձնացված մոտ 120 ճ 25-26մ չափերի սրածայր, եռանկյունաձև հրվանդանի վրա, իսկ ելուստի միջով՝ հարավ-արևելյան կողմից, անցնում է դեպի  այն տանող ժայռափոր արահետը: Ամրոցը, սակայն, միայն նշված հրվանդանով չի սահմանափակվում: Այն տարածվում է նաև ժայռի տակ՝ արևելակողմ թեքադիր հատվածում, որտեղ պատերը պահպանվում են համեմատաբար լավ վիճակում, ավելին, ընդգծելով այդ հինավուրց պաշտպանական հանգույցի հիմնարկման ժամանակաշրջանը, որը, ըստ տեղում իրականացված հետազոտությունների, վերաբերում է մ.թ.ա. VII-VIդդ.:

 

Սլավա  ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ