[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

Նույն  օրը լրացել էր ԱրՊՀ-ում իրականացվող ոչ ֆորմալ կրթության  ծրագրի 2-րդ տարին, և ռեկտոր Մանուշ Մինասյանն այդ առթիվ շնորհավորեց համալսարանականներին` արժևորելով  ծրագրի կարևորությունը,  նշելով, որ այն նոր թարմություն մտցրեց  բուհական կյանքում:

Ներկայացնելով հյուրին` Մ. Մինասյանն ասաց, որ նա հանրորեն ճանաչված տնտեսագետ է, շատերն են նրան ծանոթ հրապարակային ելույթներից, դասախոսական աշխատանքի մեծ փորձ ունի, դասախոսել է աշխարհի տարբեր համալսարաններում, 20 մենագրության, 500-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է: 

Թ. Մանասերյանի դասախոսության թեման էր ՙՀՀ և ԱՀ տնտեսությունը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում և ազգային անվտանգության խնդիրները՚: 

Բանախոսը նախ նշեց, որ դասախոսելով տարբեր համալսարաններում` իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն  է  լինել Արցախի պետական համալսարանում, և տեղեկացրեց, որ դեռևս  2006թ. հոդված է հրապարակել ԱրՊՀ  հանդեսում, որը կոչվում էր ՙՀայաստանի  և Արցախի տնտեսական անվտանգության հիմնախնդիրները՚: Այդ թեմայով նա զբաղվում է շուրջ 20 տարի: 

Գիտնականն իր դասախոսությունը  սկսեց  հենց  տնտեսական  անվտանգության ոլորտից, որովհետև, ինչպես ինքն է ասում,  չի կարող լինել զարգացման ծրագիր, եթե չի  կատարվել ախտորոշում (դիագնոստիկա), և չգիտենք,  թե ինչ լուրջ խնդիրներ ունենք: Նա ցավով արձանագրեց, որ  ՀՀ-ում 1990-ից ի վեր հաշվառում չի կատարվել ունեցած ռեսուրսների մասով, բայց երբեք ուշ չէ դա կատարել, քանի որ եթե դա չիմանանք, ապա առաջ շարժվելն ուղղակի լինելու է անհնար: Ընդ որում` դրանցից առաջնայինը նա համարեց մարդկային ռեսուրսը,  հետո միայն հանքահումքային, արդյունաբերական-արտադրականը և վերջում` ֆինանսականը: Գիտնականի խոսքով` հաշվառելով  մարդկային ռեսուրսը` լայն առումով արժևորում ենք մարդուն, գիտելիք  փոխանցողին:

Տնտեսագետն այնուհետև ներկայացրեց  այն սպառնալիքները, առանց որոնց կրճատման ու վնասազերծման հնարավոր չէ զարգացում ապահովել: Ըստ նրա` առաջընթացը երկու կարևոր հենասյուն ունի. առաջին` անվտանգության ապահովում` մեծ առումով, և երկրորդ` մրցունակություն: Մրցունակություն և՜ գիտելիքի առումով,  և՜ ապրանքների, և՜ ծառայությունների: Եթե այդ երկուսն առկա են, կարելի է առաջընթացի հստակ տեսլականներ, նպատակներ դնել,   խնդիրներ ձևակերպել և, ըստ  ունեցած ռեսուրսների, ծրագրեր շարադրել: 

Սպառնալիքների դաշտը բավական մեծ է: Բանախոսը բերեց  մի օրինակ` բնակչության ծերացումը: Ծերացում կա նաև եվրոպական երկրներում, Ճապոնիայում, այլուր: Մարդիկ ավելի երկար են ապրում, որովհետև լավանում են  սոցիալական պայմանները, և  առողջ ապրելակերպով նրանք կարողանում են հասնել բարձր  տարիքի: ՀՀ-ում,  ցավոք, դա տեղի է ունենում ի հաշիվ երիտասարդ, բանիմաց, աշխատունակ  մարդկանց արտահոսքի: Արդյունքում երկրում թվով ավելի քիչ երիտասարդների ուսերին է մնում  հարկերի, նպաստների, աշխատավարձերի, կենսաթոշակների բեռը: 

Թ. Մանասերյանն ասաց, որ հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահին, պետնախարարին: Հիացած է նրանց մտածողությամբ, հավատով, ծրագրերով, Արցախում կատարվող գործընթացներով: Գիտնականը նրանց է հանձնել իր ՙՊատերազմի տնտեսագիտություն՚ վերտառությամբ աշխատանքը: Հիշեցնելով, որ  ֆիզիկայի օրենքները երկրի  վրա և տիեզերքում նույնը չեն` կապված գրավիտացիայի հետ,  նա  տարբերություններ է տեսնում նաև տնտեսագիտության մեջ  և հանդուգն եզրահանգում անում` խաղաղ պայմաններում ազատական տնտեսություն վարելու  շռայլությունը, ճոխությունը մենք այսօր պիտի  սահմանափակենք: Կառավարման համակարգում նման պատրանքներ այլևս չպետք է լինեն: ՙՄենք չենք կարող խոցելի լինել մեր տնտեսությամբ: Պատերազմի կամ չավարտված պատերազմի պայմաններում ավելի զգոն պետք է լինենք՚,-կարծում է գիտնականը: Նա կոչ է անում բացահայտել ազգային մրցակցային առավելությունները` սկսած մտավոր կարողությունից`  ավարտած տնտեսության տարբեր ճյուղերով:  

Դասախոսությունն ընթացավ բացախոսության պայմաններում: Տնտեսագետին հուշեցին շոշափել նաև եվրամիության և եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության գործընթացները: ՙՀասարակ քաղաքացուց սկսած, լրագրողներով, մինչև պետական այրեր, բոլորը հարցնում են` ի՞նչ կտա մեզ եվրամիության   հետ  համաձայնագիրը կամ ի՞նչ ենք ստանում եվրասիական տնտեսական  միությունից: Իմ պատասխանն է` ոչինչ, եթե մենք հարցն այդպես ենք դնում: Մենք  ոչինչ  չենք ստանա, եթե ոչինչ չանենք՚:  Ապա բացեց փակագծերը. ՙՄենք պետք է ունենանք ազգային օրակարգ, ցավալի է, բայց մենք անգամ դա չունենք: Եթե ունենանք ազգային օրակարգ, մեզ համար հեշտ է շահել և՜ եվրամիության, և՜ եվրասիական  տնտեսական միության ընձեռած հնարավորությունները առաջընթացի համար՚,-պարզաբանեց նա` հավելելով, որ հետո  կարող է լինել շանհայյան տնտեսական համագործակցություն, սևծովյան և այլն, և այդ ամենը պետք է բխեն մեր շահերից:  ՙԲայց եկեք խոստովանենք. մենք անու՞մ ենք մեզնից կախվածը: Մենք  ունե՞նք մեր թիրախները՚,-գիտնականը քանիցս նման հռետորական հարց հնչեցրեց:  Եվ Թուրքիայի օրինակը բերեց: Պարզվում է` այդ երկիրն ունի Կարմիր գիրք: Դա մեր իմացած Կարմիր գիրքը չէ: Թ. Մանասերյանն ինքն էլ նոր է իմացել դրա մասին:  Այդ գիրքը Թուրքիայի հարյուրամյա առաջընթացի ռազմավարությունն է, որը տասը տարին մեկ  քննարկում են գլոբալ մարտահարվերների տեսանկյունից.  ի՞նչ անելիքներ ունեն,  ու՞ր են հասել այդ նպատակների ճանապարհին: ՙՄենք պե՞տք է ունենանք նման բան, թե՞ չէ՚,- դարձյալ հռետորական հարցով հիմնական դասախոսությունն ավարտեց տնտեսագետը և անցավ ներկաների հարցերին: Պետք է ասել, որ այն անցավ անմիջական, անկեղծ մթնոլորտում:  

Հարց հնչեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների մասին: Հայաստանն, իհարկե, ինքնաբավ է և մատակարարում է նաև հարևաններին, չնայած իր պաշարների ընդամենը մեկ երրորդն է օգտագործում, բայց պետք է զարգացնել  բոլոր հնարավորությունները, որովհետև առանձին համայնքների, հատկապես Արցախի համար ինքնաբավությունը ռազմավարական խնդիր է, նկատեց գիտնականը և շարունակեց. ՙՋրի պաշարներով հարուստ է Արցախը, բայց օգտագործման տեսանկյունից անելիքներ ունենք: Վերկանգնվող ռեսուրս է ջուրը, Աստված է մեզ դա տվել,  և եթե դժվար շրջանն անցանք, մեզ ոչ թե լավ, այլ հրաշալի ապագա է սպասվում՚,- այսպիսի մեծ լավատեսություն փոխանցեց  ներկաներին գիտնականը` փորձելով փարատել նաև կասկածամիտների մտայնությունը, թե  ինչ առաջընթաց կարող է լինել անբնական մենաշնորհների պայմաններում: Գիտնականի կարծիքով` դրա ելքն էլ կա, և ասաց, որ իր գաղափարները կիսում  է նաև Ռուբեն Վարդանյանը: Պետք է ներքևից լինի ճնշում-պարտադրանքը: ՙԼուծումը մեկն է. եթե մենք պիտի մեզ օտարված զգանք պետությունից,  ոչ մի բան չի ստացվի: Մենք  բավարար պահանջկոտություն չենք  ցուցաբերում: Մենք պետք է  դաստիարակենք մեր կառավարիչներին: Ոչ բնական մենաշնորհներ կոչվածները  մեր չարիքն են, բայց այդ մենաշնորհները մեր ազգային կապիտալի մի կարևոր մասն են:  Անկախության տարիներին առևտրային կապիտալ է կուտակվել, մենք պիտի կարողանանք սովորեցնել նրանց`  ինչպես աշխատեն ու ծառայեն մարդկանց, առևտրային կապիտալն արդյունաբերական կապիտալի վերածելու խնդիր ունենք՚,-ելքն է ցույց տալիս գիտնականը:  

Թ. Մանասերյանն ասաց, որ ժամանակին նույն գաղափարներով կիսվել է ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետ, այն ծրագրում, որը  նա գրել է Արցախի համար, մի փոքր նաև իր ներդրումը կա: 

Բանախոսը վերջում նորից հանգեց գիտելիքի կարևորությանը` խոստովանելով, որ մանկավարժական գործունեության  իր  35 տարիների ընթացքում ամենածանր ժամանակահատվածն է  ապրում, երբ ուսանողին պիտի համոզի, որ իրեն պետք է այդ գիտելիքը: ՙԵս դասավանդում եմ Ստենֆորդի, Անտրվերպենի  համալսարաններում, Չինաստանում  և այլուր, բայց ինձ համար ամենակարևորը հայ ուսանողն է, որովհետև  զրո արժեք է իմ գիտելիքը, եթե ես չեմ կարողանում դա փոխանցել ձեզ:  Եվ  մենք միասին պետք է կարողանանք ելքը գտնել: Միակ խնդրանքս է ձեզ. հավատացեք` այդ գիտելիքի օրը գալու է՚,-այս խոսքերով  եզրափակեց իր հանդիպումը  տնտեսագետը:  

Վերջում գիտնականը համագործակցության առաջարկ արեց համալսարանականներին: Ինքը ղեկավարում է իր իսկ հիմնադրած ՙԱյլընտրանք՚ գիտական կենտրոնը, որը հրատարակում է նաև համանուն հանդես և հանդգնում է մտնել ՙՍկոպուս՚  համակարգի մեջ: Առաջարկեց տպագրվել այդտեղ, լինել միասնական իրենց հետ, որպեսզի փոփոխություններն ավելի արագ կատարվեն: 

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր դասախոսության և առաջարկության համար` ասելով, որ ի դեմս Թ. Մանասերյանի` բացահայտեց նաև հայրենասեր մարդու: 

 

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ