Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՄՈՒՄ ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՀԵՔԻԱԹՆ Է

Դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցավ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ՙՍպիտակաձյունիկը և յոթ թզուկները՚ հեքիաթի (Գրիմ եղբայրներ) հերթական առաջնախաղը (բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Յունոնա Մալենկոյի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի, պարերի բեմադրությունը՝ Անի Աբրահամյանի)։ Թագուհու դերում այդ օրը խաղում էր Մարիա Խաչատրյանը (կրկնակ՝ Լիլիթ Հայրապետյան), Սպիտակաձյունիկը՝ Աննա Ավետիսյանն էր (կրկնակ՝ Վարդինե Հայրապետյան), Արքայազնը՝ Մանուել Մաթևոսյան (կրկնակ՝ Գագիկ Հարությունյան)։ Յոթ թզուկների դերերում էին Էդվարդ Դավթյանը (Որսորդ), Գենադի Առուշանյանը (Փնթփնթան), Դավիթ Ղահրամանյանը (Փոքրիկ), Լենա Մաթևոսյանը (Հարբուխիկ), Պավել Տերտերյանը (Իմաստուն), Անի Սաղյանը և Կարեն Մովսեսյանը (Քնկոտիկ), Տիգրան Գալստյանը (Կայտառիկ)։ Ավագ սերնդից ներկայացմանը մասնակցում էր ԼՂՀ վաստակավոր արտիստ Մարտին Ալոյանը։ 

 Բեմադրության առաջին տեսարանները՝ աշխույժ, դինամիկ, սրընթաց, անմիջապես ցրեցին այն տհաճ տրամադրությունը, որ ստեղծվել էր դահլիճում ներկայացումը նշված ժամից 20 րոպե ուշ սկսելու առթիվ։ Չմոռանանք նաև նշել, որ թեկուզ հրավիրատոմսերով, ապահովված էր լեփլեցուն դահլիճ (վկայությունն այն բանի, որ մարդկանց մեջ արթուն է սերը և հետաքրքրությունը թատրոնի հանդեպ)։ Ներկայացման նախամուտքին Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը բեմից հայտարարեց, որ ոչ թատերային պայմաններում աշխատելով՝ ամեն ինչ անում են, որպեսզի թատրոնը կայանա։ 

  Հանդիսատեսները (մեծահասակներ` հիմնականում երեխաների հետ) ձանձրանալու ժամանակ չգտան. հեքիաթը բեմադրիչի կողմից սեղմվել¬կրճատվել էր, հասցվել պատշաճ տևողության (գրեթե մեկ ժամ)։ Յունոնա Մալենկոյի ոչ միայն բեմադրական, այլև երաժշտական ձևավորում կատարելու ճաշակը հանդիսատեսին ծանոթ է նրա նախորդ` ՙԵրկու թխկի՚ հեքիաթի բեմադրությունից։ Բեմանկարիչը (հավանաբար, ռեժիսորի համագործակցությամբ) կարողացել է ստեղծել հեքիաթի միջավայրը՝ անտառ, խրճիթ, թագավորական պալատ, առավելագույնս օգտագործելով բեմի սահմանափակ տարածքը, հնարավորությունները։ Գտնված է միջնորմ¬բուտաֆորը, որը ծառայում է և՜ որպես թզուկների հյուղակ, և՜ պալատ։

Այնուամենայնիվ, բեմադրական հաջող լուծումների մեջ յոթ թզուկների կերպարները մնացին ոչ լրիվությամբ բացահայտված։

Բեմադրության գործողություններին դինամիզմ հաղորդելու նպատակով բեմադրիչը կրճատել է հեքիաթի սկիզբը, բնականաբար, պահպանելով սյուժեն, բովանդակությունը, որը հետևյալն է. թագուհին մահանում է, և Սպիտակաձյունիկը խորթ մայր է ունենում՝ գեղեցիկ ու գոռոզ։ Ամեն օր կանգնում է հայելու առաջ, հարցնում, թե ո՞վ կա աշխարհում իրենից ավելի գեղեցիկ։ Օրերից մի օր էլ հայելին պատասխանում է, որ Սպիտակաձյունիկը  հազար անգամ ավելի գեղեցիկ է։ Չար Թագուհին հրամայում է տանել անտառ և սպանել։ Որսորդը խղճում է աղջկան, բաց է թողնում, որ նա փախչի անտառի խորքը։ Սպիտակաձյունիկը թափառելուց մի փոքրիկ խրճիթ է գտնում, մտնում է, ուտում-խմում, պառկում-քնում։ Վերադառնում են 7 թզուկները, իմանում աղջկա պատմությունը, խղճում, ապաստան են տալիս նրան։ Կախարդական հայելուց Թագուհին իմանում է, որ աղջիկը կենդանի է, և որոգայթներ է սարքում նրան սպանելու համար, ինչը վերջապես հաջողվում է։ Արքայազնը տեսնում է, սիրահարվում: Սպիտակաձյունիկը կենդանանում է։ Գրին եղբայրների մոտ չար Թագուհին ստանում է իր դաժան պատիժը. շիկացած կոշիկներ հագցնելով` սպանում են նրան։ 

Յունոնա Մալենկոն ներկայացման վերջնավարտը Գրին եղբայրների տեքստից բավականին  փոփոխել է: Բեմադրիչի նոր ընկալումը, նոր մոտեցումը հեքիաթին բավականին արդիական են դարձրել ներկայացումը:

Մեր ճեպազրույցը Յունոնա Մալենկոյի հետ։ 

-Երկրորդ անգամն է` Դուք անդրադառնում եք հեքիաթին։ Կյանքում  հրաշքները պակասել են, գուցե դրանի՞ց է...

-Ես հաճույքով եմ հեքիաթներ բեմադրում, քանի որ երևակայական առումով ծավալվելու համար այն մեծ հնարավորություններ է տալիս։ Եվ հետո, հեքիաթը միշտ և բոլոր տարիքների համար գրավիչ ժանր է։ Երկար եմ փնտրել, թե ինչ ներկայացնեմ, և կանգ առել ՙՍպիտակաձյունիկը և յոթ թզուկների՚ վրա։ Ինձ գրավել է հեքիաթի գունագեղությունը։ Գրին եղբայրների այս գործը շատ շերտեր ունի։ Ես փորձել եմ բացել մանուկներին, ինչու չէ, նաև մեծերին հետաքրքրող կողմը։ Ես օգտագործել եմ Գրին եղբայրների հեքիաթի նյութը, ստեղծել եմ կոմպոզիցիա, փորձել եմ այս պայմաններում ստանալ մաքուր թատերային աշխատանք։ 

-Քեզ հաջողվել է հանդիսատեսին հասցնել ներկայացման գերխնդիրը։ 

-Ավանդական մեկնաբանման ճանապարհով չեմ գնացել՝ չարի ու բարու պայքար, հակամարտություն և այլն։ Փորձել եմ հակադրել երկու գեղեցկությունները՝ Թագուհու և Սպիտակաձյունիկի, մեկը՝ սառը գեղեցկություն, սառը հոգի, ով նախանձում է, ում կյանքը չի գոհացնում, մյուսը՝ ապրում է բուռն կյանքով։ Հիմնականում փոխել եմ հակամարտության շեշտադրումները։ Ինչպիսին կարող է լինել մարդը՝ ունենալով գեղեցկություն, բայց չունենալով սեր, բարություն։ Նախանձ կինը տանուլ է տալիս։

-Պարերով, երաժշտությամբ փորձել եք հետաքրքիր դարձնել ներկայացումը։

-Այո։ Դասական գործերը պիտի բեմադրել արդիական հնչողությամբ։ Երբ նայում ենք հանրահայտ մուլտֆիլմը, հրաշալի գործ է, բայց այսօր երեխան դժվարությամբ է այն դիտում, տեմպոռիթմը չի բավարարում այսօրվա երեխաների պահանջները։ Այսօր բեմադրիչները խնդիր ունեն ստեղծել այնպիսի ներկայացումներ, որ երեխան մեկ ժամ նստի և չձանձրանա։ Մեր ժամանակներում թատրոնի հանդեպ պահանջներն ավելի շատ են՝ և՜  տեխնիկական, և՜  դերասանական տեխնիկայի հետ կապված։ Եթե նկատել եք` հնարքները, բեմավիճակները հիմնված են եղել դերասանների կարողությունների վրա։ 

-Ինձ թվում է՝ աղմուկը բեմում շատ էր, հատկապես թզուկների տեսարանում։ 

-Բեմը շատ փոքր է, գործող անձերը՝ շատ։ Ես փորձել եմ օգտագործել մեր սուղ հնարավորությունները, անգամ դահլիճը։ Բեմն ինքը կամերային է, ներկայացումը՝ գունեղ, և փաստորեն, դիսոնանս է եղել։ 

-Ի՞նչ ճակատագիր ունեցավ ՙԵրկու թխկին՚։ Թատրոնը բարդ օրգանիզմ է, բեմադրություններ են լինում, որ ՙթիթեռի կյանք են ունենում՚։ 

-Կարող եմ ասել, որ ՙԵրկու թխկի՚ ներկայացումը  մեկ տարվա լիարժեք կյանք ունեցավ։ Նույնիսկ այսպիսի հումոր էին անում,  Արցախում չկա երեխա, որ ՙԵրկու թխկին՚ դիտած չլինի։ Հիմա սպասում ենք՝ նորերը գան` նրանց համար ցուցադրենք։ 

-Մանուկների համար ներկայացումները, կարծես թե, հիմնականում դիտում են մայրաքաղաքում։

-Մյուս տարվանից շրջանները  ևս կնախատեսենք։ Դա շատ կարևոր է։ Կապ չունի, թե երեխան որտեղ է ապրում։ Նա պիտի թատրոն տեսնի։ 

-Որպես բեմադրիչ, առաջիկայում ինչ ծրագրեր ունեք։ 

-Նոր բեմադրություններ անպայման կունենամ։ Նյութի ընտրության հարցում դեռ ոչինչ չեմ կարող ասել։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ