ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Դեկտեմբերի 15-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունում նախարար Սերգեյ Շահվերդյանի հրավիրած մամլո ասուլիսը նվիրված էր Ամանորյա տոնական միջոցառումներին:

Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, գերատեսչության ղեկավարը կարևորեց տարվա ամենաուրախ, ամենախորհրդանշական տոները հնարավորինս հետաքրքիր կազմակերպելու անհրաժեշտությունը: 

Մամլո ասուլիսի նպատակն է այս ձևաչափով հանրությանն իրազեկել Ամանորյա ծրագրերի բովանդակության մասին, որպեսզի բնակչության լայն խավերն ավելի շատ ընդգրկված լինեն և իրենց մասնակցությունը բերեն նշված միջոցառումներին, ընդգծեց Ս. Շահվերդյանը: Դրանցում կընդգրկվեն հանրապետությում գործող ստեղծագործական համույթները, որոնք հանդես կգան մանկապարտեզների սաների, դպրոցականների համար: Մանկական ներկայացումներով հանդես կգան Շուշիի Խանդամիրյանի անվան պետական և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները: 

Այս տարվա նորույթը, տեղեկացրեց նախարարը, Վերածննդի հրապարակում տեղակայված Կաղանդավանն է, որը կգործի դեկտեմբերի 18-31-ը: Տեղադրված կլինեն 16 տնակներ, որտեղ մարդիկ կարող են կատարել ամանորյա առևտուր: Այս տնակներից մի քանիսը կտրամադրվեն հեռավոր սահմանամերձ գյուղերի բնակիչների, մանկատների, ուսումնական հաստատությունների երեխաների կողմից պատրաստված հուշանվերների վաճառքի համար: Օգտվելով առիթից, նախարարը բնակչությանը կոչ արեց հենց այդ կրպակներից առավել շատ առևտուր կատարել: 

Որոշ տնակներ վերածված կլինեն հանրային սննդի կետերի, որպեսզի այդտեղ գտնվելու ժամանակ մարդիկ հնարավորություն ունենան թեթև սնունդ ստանալ: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ամանորյա քաղաքն ապրելու է իր ուրույն մշակութային կյանքով` բաժանված երկու մասի: Ժամը 17:00-18:00-ը ծրագրեր կներկայացվեն երեխաների համար` հիմնականում տիկնիկային ներկայացումներով հագեցված, իսկ 19-21-ը` մեծերի համար: Կաղանդավանի գործունեությունը կազդարարի դեկտեմբերի 18-ին կայանալիք մեծ շքերթը, որը կավարտվի քաղաքապետարանի առջև տեղակայված տոնածառի լույսերի միացմամբ, այնուհետև կտրվի Կաղանդավանի գործունեության մեկնարկը: Ծրագիրը հնարավոր դարձավ կյանքի կոչելու բազմաթիվ մեկենասների աջակցության շնորհիվ` ՙԲեյզ Մեթըլս՚, ՙԱրցախէներգո՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚, ՙԱրդշինբանկ՚ ընկերությունների, ինչպես և ՙSBS՚ խանութի: Կաղանդավանը կգործի մինչև դեկտեմբերի 31-ը և կավարտվի երեկոյան` ավանդական մեծ տոնական համերգով: Ինչպես իրազեկեց Ս. Շահվերդյանը, բացի Արցախի ստեղծագործական կոլեկտիվներից, այս տարվա համերգին կմասնակցեն երգիչներ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից: 

Ստեփանակերտցիներին սպասում է ևս մեկ նորույթ, տեղեկացրեց նախարարը: ՙՍովորաբար մեր տոնական միջոցառումներն սպառված ենք համարում դեկտեմբերի 31-ին,-նկատում է գերատեսչության ղեկավարը,-և Սուրբ Ծննդյան տոնը մնում է ստվերի տակ ՚: Հաշվի առնելով, որ Սուրբ Ծննդյան տոնը տարվա ամենակարևոր ազգային տոներից է, իսկ ազգային մշակույթի հիմքում դրված է քրիստոնեությունը, Ս. Շահվերդյանն իրազեկեց, որ նախարարությունը հնարավորություններ գտավ` շնորհիվ հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանի, կազմակերպել ևս մեկ մեծ համերգ` նվիրված Սուրբ Ծննդյանը: Այն կկայանա հունվարի 6-ին: Նախարարը հավաստիացրեց, որ բոլոր միջոցառումները կկազմակերպվեն ամենաբարձր մակարդակով:

Մշակույթի այլ ոլորտներին ուղղված լրագրողների բազմաթիվ հարցերի պատասխաններն ու մեկնաբանությունները կարդացեք թերթի առաջիկա համարներից մեկում:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ