[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՐՈՑ ՙԾԻՐԱՆԱԲԵՐԴ՚

Ամրոցի ավերակները գտնվում են Խաչենագետի հովտի Առաջաձոր գյուղի հյուսիս-արեւմտյան անտառապատ բարձունքի վրա: Ներկայում հայտնի է ՙՂլեն խութ՚ անվամբ:

Ծովի մակարդակից բարձրությունը 1069 մ է: Ամրոցի մասին տեղեկություններ են պահպանվել մասնավորապես տեղագրող Մ. Բարխուդարյանցի երկում, ով ամրոցը Անանուն կամ Ծիրանաբերդ է կոչում՝ դա համարելով Ջալալյան իշխանների հենակետերից: Իրականում ամրոցը ծիրանի գույն չունի եւ, թերեւս, այդպես է անվանվել թիկունքում գտնվող համագույն ժայռից: 

Ծիրանաբերդ ամրոցն  ունի ուղղանկյուն հատակագիծ: ՙԲերդաբլուրը ....ձգուած է հիւսիսից հարաւ դիրքով.... նեղ եւ երկար է բերդակիս մակերեւույթն բլրի գագաթի ձեւով: Պարսպուած է բլրիս գագաթն ամուր պարսպով, միայն հիւսիսային ու հարաւային անկիւններում շինված են երկու բուրգեր, որք միեւնույն ժամանակ ծառայած են իբրեւ ջրամբար, որոնց ջուրն բերուած է մօտակայ աղբիւրներից: Անպակաս են եւ սորա միջից քարուկիր հին տնաբակերը՚,- գրում է Մ. Բարխուդարյանցը: 

Բուն շինությունն ունի 39,8 x 8,4մ մակերես: Դա ներքուստ բաժանվում է երկու հատվածների` արեւելակողմի եւ արեւմտակողմի (ամրոցն ունի հարավ-արեւելք, հյուսիս-արեւմուտք ուղղվածություն), ընդ որում՝ վերջինիս շարունակությունն է կազմում կիսակլոր կառուցվածքով եւ թաղակապ ծածկով, 4,3 x 2,6 չափերի եւ ավելի քան 4մ խորությամբ, ներքուստ սվաղված կիսավեր կցակառույց աշտարակը, որը, ինչպես նշվեց, Մ. Բարխուդարյանցի կարծիքով՝ ամրոցի ջրամբարներից է եղել: Ընդ որում՝ ջուրը բերվել է մոտակա ՙԲաբեն բոստան՚ կոչվող տեղավայրից: Սակայն չի բացառվում, որ դա ծառայեր նաեւ այլ նպատակներով` վերնամասում ունենալով երկրորդ հարկ-պահակակետ, որն այժմ չի պահպանվում: Թերեւս, հնագիտական ուսումնասիրություններով կբացահայտվի իրողությունը:

Համանման (բրգաձեւ) շինություններ են եղել նաեւ ամրոցի այլ հատվածներում, որոնք պարսպապատերի ամրացման համար ծառայում էին որպես հենարաններ: Ամրոցի ուշագրավ շինություններից են նաեւ արեւելյան կողմից հիմնովին ավերված երկու կցակառույցները (չափերը` 2 x 2,5 մ եւ 2 x 2,3 մ), որոնք, ամենայն հավանականությամբ, ծառայում էին որպես դիտակետ: Ավելացնենք, որ ներկայում ամրոցապատերը պահպանվում են 1-2,5 մ բարձրությամբ: Հարավային եւ հարավ-արեւմտյան կողմերից պատի հաստությունը 1,6 մ է, իսկ հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան կողմերից` 2,3 մ: Ընդ որում՝ այստեղ կան 1,5 x 1,5 մ չափերի երկու կիսաշրջան հենարան-աշտարակներ:

Ծիրանաբերդ  ամրոցը Խաչենի հովտի միջնադարյան պաշտպանական կարեւոր հանգույցներից է եւ արժանի գիտական խորազնին ուսումնասիրության:

Սլավա ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, ԼՂՀ մշակույթի 

վաստակավոր գործիչ