[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈԹՈՐԻԿՆԵՐ ՍԱՆՁՈՂ ՀԱՆՃԱՐԸ

 ՙԱյվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է, և ոչ միայն մեզանում, այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ՚: 

Ի. ԿՐԱՄՍԿՈՅ 

Գեղանկարիչ

 2017-ը համաշխարհային մշակութային կյանքում նշանավորվեց  աշխարհահռչակ հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանով: Հոբելյանին նվիրված ցուցահանդեսներ են բացվել, միջոցառումներ կազմակերպվել  Հայաստանում, Ռուսաստանում, Արցախում, այլուր: 

Դեկտեմբերի 13-ին  Արցախի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի կերպարվեստի բաժինը` ԱրՊՀ պրոֆեսոր, նկարիչ-քանդակագործ Լավրենտ Ղալայանի գլխավորությամբ, մեծարանքի իր տուրքը մատուցեց մեծ ծովանկարչին: 

Նկարչի արմատներն Արևմտյան Հայաստանից են: 1700-ական թթ.  ավարտին, երբ վերջնականապես  ավերվեց Անի քաղաքը, և հայերը  ցրվեցին  աշխարհով մեկ, Գևորգ (Կոնստանտին) Այվազյանն էլ թողեց հայրենի տունը և տեղափոխվեց սկզբում Լեհաստան, այնուհետև`  Ղրիմի  հայաշատ  Թեոդոսիա քաղաքը, որտեղ էլ ամուսնացավ  Հռիփսիմե անունով  աղջկա հետ:  Այդտեղ էլ ծնվեցին նրանց Գրիգոր, Գաբրիել, Հովհաննես երեխաները:  Գրիգորը գնաց հոր ճանապարհով` առևտրի ուղղությամբ, Գաբրիելը` հոգևոր և հետագայում հասավ  Մխիթարյան միաբանություն, իսկ Հովհաննեսը մնաց ծննդավայրում  և ընտրեց նկարչության  ճանապարհը:  Նա սկզբում ջութակ էր նվագում, ըստ որում` այնքան էր տիրապետել, որ նրան արդեն հրավիրում էին  համերգների:

Ապագա նկարիչն սկզբում սովորել է տեղի Սուրբ Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոցում:  Նրա նկարչական մեծ շնորհքի մասին իմացան տեղի իշխանությունները և առաջ տարան նրան: Այդ մարդկանց անուններն այսօր  պատմության մեջ հիշվում են Այվազովսկու շնորհիվ:

Երջանիկ աստղի տակ է ծնվել նկարիչը: Նրա կայացումն անհամեմատ  սահուն ու հարթ է անցել`  նկատի ունենալով հայ մարդու ճակատագիրը:  Դրա ամենավառ ապացույցն էր նրա` 13 տարեկանում պետական հովանավորչությամբ կայսերական ակադեմիայի ուսանող դառնալը:

Այվազովսկին վայելել է  նաև ժամանակի հայտնի մտավորականների, գրողներ Ժուկովի, Կռիլովի,  Պուշկինի, Գոգոլի սերն ու հարգանքը, իհարկե, այդ ամենն իր տաղանդի շնորհիվ:  Պարգևները, ոսկե մեդալները գալիս էին մեկը մյուսի ետևից:  Այվազովսկին շրջագայեց Եվրոպայում, հարուստ գործեր ստեղծեց, ցուցահանդեսներ բացեց:  Դրանք շատ են դուր գալիս Հռոմի պապ Գրիգորիս 16-րդին,  հատկապես` ՙՔաոս. աշխարհի արարումը՚, որը հեղինակը նվիրում է նրան: Հետագայում Պապն այն հանձնում է  Մխիթարյան միաբանությանը, իսկ նկարչի 200-ամյակին կտավը հանգրվանում է Հայաստանի ազգային  պատկերասրահում: 

Առավել հայտնի են Այվազովսկու ծովանկարները. նրան համարում են աշխարհի ամենախոշոր ծովանկարիչներից մեկը: Անչափ բեղմնավոր էր նրա վրձինը, նա  ստեղծել է ավելի քան 6000 կտավ, տարեկան` մոտ 100 հատ: Նրա արագ նկարելու մասին շատ պատմություններ կան, ընդ որում` ավելի շատ նկարում էր հիշողությամբ:

Միջոցառման ընթացքում իրենց տպավորությունները ներկայացրին ԱրՊՀ կերպարվեստի բաժնի ուսանողները, որոնք հոկտեմբեր ամսին համալսարանի միջոցներով հնարավորություն են  ստացել Հայաստանի ազգային պատկերասրահում դիտելու  Այվազովսկու գործերը: 

ՙԵրբ իմ աչքերով տեսա ՙՔաոսը՚  և Այվազովսկու մյուս  գլուխգործոցները, ես կրկին ոգևորվեցի և հասկացա, որ ընդհանրապես պետք չէ հուսահատվել: Արտակարգ հետաքրքիր են Այվազովսկու ՙՆավաբեկություն՚-ները` իրենց գունային լուծմամբ և կոմպոզիցիոն կառուցվածքով: Նրանց բոլորի մեջ պատկերված են ծովի անսահման տարերքի դեմ մաքառող միայնակ նավերը, միայնակ մարդը կամ մարդկանց խմբեր: Այվազովսկին միշտ որևէ հնարքով` լույսի մի շողով, ծիածանի պատկերումով, շեշտում է հույսի գաղափարը: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշն է:Հենց  սա պետք է մենք սովորենք Այվազովսկուց՚,-ասաց ուսանող Գեղամ Բաբայանը: 

Հայկական թեմատիկան մեծ տեղ է գրավում Այվազովսկու ստեղծագործություններում: Նա  միշտ մտահոգված է եղել մեր ժողովրդի ճակատագրով, և իր ապրումներն արտահայտել է նկարների միջոցով: Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերն  արտահայտվել է ՙԱրարատ՚, ՙՀայ մարտիկի երդումը՚, ՙՀայ ժողովրդի մկրտությունը՚, ՙԲայրոնի այցը Մխիթարյաններին` Սուրբ Ղազար կղզում՚, ՙԽրիմյան հայրիկը Էջմիածնի շրջակայքում՚, ՙՆոյն իջնում է Արարատից՚ և այլ կտավներում: Իր ճանապարհորդությունների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին` դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ: Փայփայել է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող հայ նկարիչներին և զարկ տալ կերպարվեստի զարգացմանը: 

Մեծ արվեստագետն իր վերաբերմունքն է արտահայտել նաև հայկական կոտորածների նկատմամբ: 1890-ական թթ. հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծեց  ՙՀայերի ջարդը Տրապիզոնում՚, ՙԹուրքական նավերը ծովն են թափում հայերին՚  և այլ աշխատանքներ` արտահայտելով իր ցասումը  թուրք մարդասպանների հանդեպ: Այդ նկարները նա չի վաճառել, ամեն  ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է, դրել այնպիսի տեղ, որ առաջինն  այդ նկարները երևան` իր բողոքն  աշխարհին  այդպես է ներկայացրել նկարիչը:  Իսկ մահից առաջ, որը վրա է հասել հանկարծակի, նա վրձնում էր ՙԹուրքական նավի խորտակումը՚ նկարը:  

ԱրՊՀ կերպարվեստի բաժնի դասախոս Ալեքսանդր Գասպարյանը խոսեց  Այվազովսկու ստեղծագործությունների ժանրային կառուցվածքի, ոճի, թեմատիկայի, ստեղծագործական մեթոդի,  նրա ազգային պատկանելության յուրահատկությունների մասին: 

Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի, Փարիզի գեղարվեստի ակադեմիաների, ռուսական աշխարհագրական ընկերության, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, ռուսական կայսրության պատվավոր ծովակալ Հովհաննես Այվազովսկին գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Թեոդոսիայում, որտեղ էլ այսօր պահպանվում է նրա տուն-թանգարանը:  

Մահացել է 82 տարեկան հասակում` 1900թ. մայիսի 2-ին: 

Իր կտակի համաձայն`  նրան թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում: Նրա շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. ՙՄահկանացու ծնեալ, անմահ զիւրն յիշատակ եթող՚:

Միջոցառման վերջում Լավրենտ Ղալայանը ցուցադրեց իր գործերի, գետերի շարքը, որ նա նվիրել է մեր մեծ հայրենակցին` ասելով. ՙԻսկ ես` որպես այսօրվա նկարիչ, մեր Արցախի  գետերն  եմ նկարել, որ գնան - հասնեն Այվազովսկու ծովին՚: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ