[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ԵՐԳՈՒՄ ԵՄ ՀՈԳՈՎ՚

Հերթական անգամ հավաքվել էինք ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում: Պատճառն օրերս այստեղ տեղի ունեցած Ռուսական երգի երեկոն էր, որի նախաձեռնողը երգչուհի, կիթառահար Ջուլիետա Առուստամյանն էր:

ՙԱրմատներ՚-ի բացման առաջին իսկ օրերից կենսակենտրոնի անձնակազմի հետ Ջուլիետայի համագործակցությունը կայացավ: Գաղտնիքը թերևս կողմերի մոտ ստեղծագործական մտածողություն ունենալու մեջ է: 

Երեկոն արդարացրեց սպասումները: Այն հագեցած էր երգի և երաժշտության բովանդակային, խորաթափանց մատուցմամբ: Երգացանկում ընդգրկված էին Օկուջավայի, Վիզբորի, Վիսոցկու, Ռոզենբաումի և այլոց երգերը: Երեկոյի կախարդական ելևէջներն ստիպեցին հետաքրքրվել կիթառահարուհու կենսագրությամբ, նրա անցած ճանապարհով:

Ջուլիետա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը:

-Ի՞նչ տարիքից եք երգում, ինչպե՞ս մտաք երգարվեստի աշխարհ:

 -Հայրս երաժիշտ էր, մենք ընտանիքում հինգ աղջիկ էինք, բայց միայն ես ընտրեցի հորս ճանապարհը: Երգը, երաժշտությունն ինձ մանկուց են գրավել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ քրոջս ծննդյան օրը նրան կիթառ նվիրեցին: Բայց այդ կիթառը նա չօգտագործեց, չհետաքրքրեց, փոխարենն այն սկսեց ինձ դեպի իրեն գրավել: 

-Ինչո՞վ Ձեզ հետաքրքրեց հենց հեղինակային երգը:

-Ես ծննդով Մինգեչաուրից եմ, հետագայում ընտանիքով տեղափոխվել ենք Կիրովական, այնտեղ սկսել եմ հաճախել երաժշտական դպրոց, ապրել ենք Վանաձորում, Սանկտ Պետերբուրգում: Վանաձորում ճակատագրական դեպք էր ինձ հետ կատարվել: Երգի ուսուցչուհուս սխալի հետևանքով ձայնս խզվել էր, չէի կարողանում ոչ միայն երգել, այլև խոսել: Պետերբուրգում ինձ օգնեցին վերականգնել ձայնս, բայց այլևս չկային նախկին ձայնային տվյալները: Պատճառներից մեկը, որ ես եկա հեղինակային երգի ժանր, սա էր: Այդ ժամանակ ես վախենում էի երգել, ինչպես օդաչուն, որը մի անգամ վթարի է ենթարկվել, բայց հրաշքով փրկվել ու այլևս չէր ուզում օդ բարձրանալ, այնպես էլ` ես: Պետերբուրգում սկսեցի հետաքրքրվել զբոսաշրջությամբ: Դե, գիտեք, որտեղ արշավներ, այնտեղ խարույկ և կիթառ: Այդպես վախս հաղթահարեցի: Այս ժանրում անպայման չէ կատարյալ ձայն և հզոր դիապազոն ունենալ: Այստեղ կարևորը մթնոլորտն է, այն ոգին, որով երգում ես: Ես երգում եմ հոգով: 

Երգել եմ նաև էստրադային երգեր, տարբեր երգչախմբերում` Գանձասարի, Պետական երգչախմբում, բայց, ի վերջո, ես ինձ հեղինակային երգի ժանրում տեսա: Սա այն ժանրն է, որտեղ դու ոչ մեկից կախված չես, չես սպասում, որ մեկը երգ կգրի քեզ համար, այդ երգի գործիքավորումը կստացվի՞, թե՞ չէ: Այս ժանրի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ, գեղեցիկ երաժշտությունից բացի, կան բովանդակային հարուստ տեքստեր: Սա ժանր է մտածող և ոչ անտարբեր մարդու համար:

-Դուք ղեկավարում եք Հեղինակային երգի ակումբը: Ինչպե՞ս է այն ստեղծվել:

-Սկսեմ հեռվից: Երգը երեխայի նման է ծնվում, և երբ երկար ժամանակ հանրությանը չի ներկայացվում քո աշխատանքը, ոգևորությունը մի տեսակ մարում է: Վերջիվերջո, որքա՞ն կարելի է խոհանոցում երգել: Ես միշտ ունեցել եմ այդ խնդիրը` աշխատանքը ներկայացնելու հարթակ ունենալը: Արցախում շատ քիչ վայրեր կան այսպիսի ժանրով երգեր ներկայացնելու համար: Այդ ժամանակ աշխատում էի Շուշիի Նարեկացի արվեստի միությունում: Ինձ առաջարկեցին ակումբ հիմնել, և  ես համաձայնեցի: Այդպես ծնվեց Հեղինակային երգի ակումբը: Ակումբը եզակի է նրանով, որ այստեղ կարող են գալ այնպիսի մարդիկ, որոնք նույնիսկ երաժշտական կրթություն չունեն: Հոգեբանի իմ կրթությունն այստեղ ինձ օգնում է. կարողանում եմ տեսնել երեխայի ներուժը: Ժամանակի ընթացքում տեսնում եմ, որ իմ սաներն ինձնից լավ են նվագում: Եվ սա ոգևորում է: Ունենք կարևոր մի խնդիր` ակումբը չունի պարապմունքներն անցկացնելու համար վայր, իմ տանն ենք հավաքվում: Հուսով եմ` այդ հարցը ևս ժամանակի ընթացքում լուծում կստանա: 

-Զարմանալի է, որ այսօրվա դրությամբ աշխատանք չունեք: 

-Եթե ճիշտն ասեմ, ես  դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Բայց, ցավոք, մեր իրականությունն է այնպիսին, որ հնարավոր է որոշակի ներուժ ունեցող մարդիկ մնան ՙխաղից դուրս՚ վիճակում: Գնում ենք ուրիշ երկրներ, այնտեղ կարողանում ենք ինքնադրսևորվել, բայց ցավալին այն է, որ սեփական  երկրում ինքնադրսևորվելը բարդ հարց է: 

-Ո՞րն է Ձեր երգերի հիմնական մեսիջը, այն, ինչն ուզում եք փոխանցել Ձեր ունկնդրին:

-Երգը ծնվում է կյանքի կոնկրետ իրավիճակում, կոնկրետ զգացողությունների արդյունքում: Հիմնականն այն է, որ երբեք չպետք է հանձնվել, որ սերը ամենագլխավոր արժեքն է, և ինչ էլ լինի, չպետք է այն կորցնել: Սերը` ընդհանրական իմաստով: Ունեմ պատերազմական թեմաներով երգեր: Ամուսինս զոհվել էր Արցախյան պատերազմում, և այդ թեմային ես չէի կարող չանդրադառնալ: Հիմա էլ չեմ կարող անտարբեր անցնել այդ հարցերի կողքով: 

-Դուք ունեք բազմաթիվ նախասիրություններ, նույնիսկ լրագրությամբ եք սկսել զբաղվել: Ինչո՞ վ է դա պայմանավորված:

-Իմ ներաշխարհն այդպիսին է. ես չեմ կարող անտարբեր լինել: Բնավորությամբ պրպտուն եմ, սիրում եմ առաջ շարժվել: Երբ ես դադարեմ առաջ շարժվել, կորցնեմ հետաքրքրություններս, ինձ կհամարեմ հոգով մեռած մարդ: Չնայած տարիքս այնքան էլ փոքր չէ, բայց ինձ ամեն ինչ հետաքրքրում է: Ընդհակառակը, ես համարում եմ, որ հիսունից հետո գալիս է մի տարիք, երբ շատ ժամանակ ես ունենում, և պետք է այն քեզ համար օգտագործես: Մարդիկ ընկճվում են, երբ հատում են երիտասարդության շեմը, իսկ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, չէ՞ որ շատերն այդպես էլ չեն հասնում այդ տարիքին: Ծերությունն էլ յուրահատուկ երջանկություն է: Համաձա՞յն չեք....

Այսպիսինն են կրեատիվ, կենսուրախ, իր գործի վարպետ Ջուլիետայի մասին իմ տպավորությունները, մի կնոջ, ով իր ամբողջ կյանքը հաղթահարել է իրեն բաժին հասած քարքարոտ ճանապարհը:

Նրա համար դռները հեշտ չեն բացվել, բայց իր համառությամբ նա միշտ առաջ է շարժվում, և մեկ անգամ ևս ապացուցում, որ եթե կա տաղանդ, համարձակություն, ապա պետք է այն միշտ զարգացնել:

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ