[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆ Է

Դեկտեմբերի 15-ին, ինչպես տեղեկացրել ենք, կայացավ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի մամլո ասուլիսը` նվիրված ամանորյա տոնակատարությունների ծրագրի ներկայացմանը: Օգտվելով առիթից, լրագրողները հետաքրքրվեցին ոլորտի տարբեր ճյուղերում առկա խնդիրներով:

Նախարարը պատրաստակամությամբ պատասխանեց լրագրողների կողմից հնչեցված հարցերին` նշելով առկա խնդիրներն ու առաջնահերթությունները:

Անշուշտ, երկու ամիսը շատ քիչ ժամանակ է, որպեսզի հասկանալի լինի, թե որոնք են առաջնահերթությունները, ընդգծեց Ս. Շահվերդյանը: Որպես հիմնական խնդիր, գերատեսչության ղեկավարը համարում է մշակութային քաղաքականության մշակումը: Անշուշտ, նախարարությունը մշտապես բազմաթիվ ու բազմաբովանդակ միջոցառումներ է կազմակերպում, բայց, համոզված է նախարարը, պետական կառույցների գործառույթները քաղաքականության մշակման և դրա իրագործման մեջ են: ՙԱյժմ մենք աշխատում ենք երկրի մշակութային կոնցեպտուալ քաղաքականության մշակմամբ,- ասաց նա:- Դա բավականին երկար և լուրջ ուսումնասիրություններ պահանջող գործընթաց է՚:

Պատասխանելով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին շենքի հիմնանորոգման խնդրին անդրադարձած լրագրողի հարցին` Ս. Շահվերդյանն ասաց. ՙԹատրոնի խնդիրը մտահոգում է բոլորիս: Շենքից դուրս գալու որոշումը համարում եմ սխալ, քանի որ դատարկ շենքը մատնված է քայքայման: Շենքի հիմնանորոգման համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ, և մենք երկրի ղեկավարության հետ փորձում ենք միջոցներ գտնել` հիմնանորոգումն ապահովելու համար: Ասեմ` դա շատ մեծ միջոցներ են: Երկրի նախագահն այդ խնդրով շատ է մտահոգված: Առայժմ մեզ մնում է աջակցել` կոլեկտիվին այս պայմաններում ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու, եղած պայմանները բարելավելու: Կոլեկտիվը քաջ գիտակցում է այս ամենը և ձգտում է հնարավորինս լիարժեք գործունեություն ծավալել, նոր բեմադրություններ իրականացնել՚: Ասել, թե երկու-երեք տարվա ընթացքում թատրոնը բարենորոգ շենք կունենա, իրատեսական չէ, շեշտեց նախարարը, բայց խնդիրն ուշադրության կենտրոնում է:

Ի՞նչ ճակատագիր է սպասում գյուղական ակումբներին: Արդյո՞ք վերաբերմունքն այս խնդրի հանդեպ կփոխվի: Խնդիրը, համաձայնեց նախարարը, իսկապես բարդ է, ուստի նախարարության կողմից ուսումնասիրություններ են արվում այն ամենայն խորությամբ ու ճշգրտությամբ պատկերացնելու համար: Այստեղ կան և՜ օբյեկտիվ, և՜ սուբյեկտիվ հանգամանքներ, նկատում է նա, որոնք խոչընդոտում են գյուղական ակումբների բնականոն աշխատանքին: ՙՄենք համառորեն պետք է որդեգրենք հետևյալ քաղաքականությունն այս հարցում. մշակույթի բնագավառն աշխատատեղով ապահովելու բնագավառ չէ: Այն ուղղակիորեն կապված է մեր երկրի ապագայի, սերունդների դաստիարակության հետ, և մենք երբեք չենք կարող մեզ թույլ տալ մշակույթի բնագավառը վերածելու պարզապես աշխատանքով ապահովելու վայրի: Ամբողջական ուսումնասիրություններից հետո շրջաններում կազմակերպական բնույթի հարցեր կլուծենք: Վստահ եմ, որ այս ճանապարհին մենք կունենանք շրջանների ղեկավարների անվերապահ աջակցությունը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես մտահոգված են տիրող իրավիճակով: Կարծում եմ` հաջորդ տարվա կեսերին մենք կտեսնենք նոր մոտեցման արդյունքները՚: Իսկ խնդիրն ավելի լայն դիտարկելու դեպքում, պարզվում է, այս ոլորտում առկա է նախաձեռնության պակասի խնդիր, մատնանշում է նախարարը: Որքանո՞վ է պահանջված տվյալ համայնքում մշակութային կյանքի հագեցվածությունը, և կա՞, արդյոք, նախաձեռնություն` միտված մշակութային կյանքի բարելավմանը: Սա է այն հիմնական հարցը, որի պատասխանը պետք է գտնենք, որպեսզի խնդիրն իր լուծումը ստանա:

Այդյո՞ք նախկինում անցկացված փառատոները նույնպես կշարունակվեն կազմակերպվել, թե՞ ի հայտ կգան նորերը: Փառատոներ ավելացնելու խնդիր չկա, վկայում է նախարարը, խնդիրն արդեն ֆիքսված, իրեն արդարացրած փառատոները շարունակելու, բայց և դրանք ավելի եկամտաբեր դարձնելու մեջ է:

Ինչպե՞ս կլուծվի գրադարանների շենքային պայմանների խնդիրը: Պատասխանելով այս հարցին, նախարարը, մասնավորապես, տեղեկացրեց, որ Ստեփանակերտի մանկական գրադարանը շուտով կտեղափոխվի նոր շենք` ՙՍոֆիա՚ առևտրային կենտրոն, որտեղ կապահովվի ավելի հարմարավետ պայմաններով: Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը նույնպես բավականին ծանր պայմաններում է իր գործունեությունը ծավալում, թեկուզև ինչ-որ չափով տանելի, և դեռ այդպես կշարունակի աշխատել: ՙՇրջանների գրադարանների վիճակը նույնպես որոշ չափով բավարար կարելի է համարել,- ասաց Ս. Շահվերդյանը:-Ինչ վերաբերում է համայնքային գրադարաններին, ապա դրանք կցված են դպրոցներին և աշխատում են որպես դպրոցական գրադարաններ, և դա, համոզված եմ, ամենաօպտիմալ տարբերակն է՚:  Խնդիրն այլ է, մեկնաբանում է նախարարը: Մեր գրադարանների աշխատանքի բնույթը պետք է փոխվի: Այսինքն, գրադարանը պետք է դառնա մի այնպիսի վայր, որտեղ հաճախորդը կարող է գնալ ոչ միայն ընթերցելու, այլև իր ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու նպատակով: ՙԱյս խնդրի շուրջ շատ քննարկումներ են եղել,- խոստովանեց գերատեսչության ղեկավարը,- և արդեն նախանշվել են այն քայլերը, որոնք թույլ կտան լուծել այդ հարցերը:Եթե հաջողվի կենտրոնական գրադարաններում իրականացնել այս փոփոխությունները, ուրեմն փորձն այդ կփոխանցենք նաև շրջանային գրադարաններին: Ընդհանրապես, գրադարանները, որպես այդպիսիք, կա՜մ վերանում են, կա՜մ փոփոխության են ենթարկվում: Մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ քայլեր ձեռնարկենք, որպեսզի գրադարաններն ապահովենք հաճախորդով՚:

 Ինչպես գրադարանները, այնպես էլ թանգարանները, դրանց շենքային պայմաններն են ոչ բարվոք վիճակում, բարձրաձայնում են լրագրողները: Շենքային պայմաններից բոլորն են դժգոհ, ի պատասխան ասում է նախարարը, քանի որ դրանք չեն համապատասխանում արդիական պահանջներին: Հուրախություն բոլորի, տեղեկացրեց նախարարը, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նախագիծը շուտով պատրաստ կլինի, շինարարությունն էլ չի ուշանա: Թանգարանը կունենա նոր շենք, որը կառուցվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակին հարակից տարածքում:

Գյուղական միջավայրում մշակույթը հասանելի դարձնելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով վերջին տարիներին մի քանի գյուղերում հիմնվել են արվեստի դպրոցներ: Այս ուղղությունն արդյո՞ք շարունակություն, զարգացում կստանա, և նման դպրոցներ կբացվե՞ն նաև երկրի այլ խոշոր գյուղերում: Պատասխանելով հարցին՝ Ս. Շահվերդյանն անչափ կարևորեց գյուղական համայնքներում արվեստի դպրոցներ հիմնելը: ՙԴա մեծ ձեռքբերում է մեր երկրի համար, այդ դպրոցները հնարավորություն տվեցին շրջանների բնակչությանն ուղղակի առնչվելու մշակույթի հետ, մշակութային կրթություն, դաստիարակություն ստանալու: Բնականաբար, այս մեծ ձեռքբերումը մենք պետք է շարունակենք, ընդլայնենք, որքանով որ հնարավոր լինի դա անել պետական միջոցներով՚:

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում երիտասարդության ոլորտում: Պատասխանելով հարցին՝ գերատեսչության ղեկավարը համաձայնեց, որ հաջողված բոլոր նախագծերը շարունակություն կունենան, բայց դրան զուգահեռ կմշակվեն նոր ծրագրեր:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին, Ս. Շահվերդյանը գոհունակությամբ նշեց, որ 2017 թվականը կարելի է համարել հաջողված: Չոր, բայց խոսուն մի քանի թվերով նա ներկայացրեց տարվա արդյունքները: Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործում են 8 զբոսաշրջային օպերատոր, 1 զբոսաշրջային գործակալ և 6 լիցենզավորված զբոսավար: Երկրում գործում են 50 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 1373 մահճակալով: 2017թ. առաջին տասն ամիսների ընթացքում գրանցվել է զբոսաշրջիկների քանակի 41% աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017թ. զբոսաշրջիկները երկրում ծախսել են շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Նախարարը պատրաստակամությամբ պատասխանեց լրագրողների բազմաթիվ այլ հարցերի ևս:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ