[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ

Դեկտեմբերի 17-18-ին հանրապետությունում  անցկացվեց միջոցառումների շարք` նվիրված  նշանավոր հայագետ, պատմաբան, մատենագետ, աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին։

Մտահղացումը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանինն է, իսկ միջոցառումն անցկացվեց Հայաստանի ազգային արխիվի, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ համատեղ։ 

Միջոցառումների շարքն սկսվեց Գանձասարի  Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ կատարվեց ոգեկոչման հատուկ կարգ, ապա այցելություն՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ, որտեղ ծնվել է մեծ գիտնականը, ազգային մեծ նվիրյալը։ Ավերված եկեղեցում, գյուղի հասարակայնության մասնակցությամբ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ներկայացրեց Գ. Հովսեփյանի կյանքն ու գործունեությունը, ապա հավաստիացրեց, որ կմիջնորդի եկեղեցու վերանորոգման և կաթողիկոսի  տունը թանգարանի վերածելու համար։

Երկրորդ օրը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության  պալատում լայնածավալ ցուցահանդեսից հետո, որի բացմանը մասնակցեց Նախագահ Բակո Սահակյանը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցան Գարեգին Հովսեփյանի հեղինակած երկու ստվարածավալ հատորների շնորհանդեսը և գիտաժողով: Միջոցառումների նպատակը մեծ արցախցու  հիշատակի ոգեկոչումն ու լայն հասարակայնությանը հանրաճանաչ դարձնելն է։

Տերունական աղոթքից հետո ցուցադրվեց մեծ գիտնականի գործունեությունը լուսաբանող փաստավավերագրական ֆիլմ։

ՙԵրջանկահիշատակ Տեր Տեր Գարեգին Հովսեփյան հոգևորականը՚ թեմայով զեկույցը ներկայացրեց Մայր Աթոռի արխիվի, ձեռագրատան և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: ՙԻնձ համար չափազանց ուրախալի է, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այստեղ եմ և մասնակցում եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը։ Մխիթարական էր և գոտեպնդիչ, որ Գանձասարում մասնակից դարձանք պատարագին և մեր աղոթքն առաքեցինք առ Աստված երջանկահիշատակ Հայրապետի հոգու հանգստության ու լուսավորության համար՚,¬ ասաց Տեր Ասողիկը և նշեց, որ Գարեգին Հովսեփյանն իր վառ անհատականությամբ և խրոխտ կերպարով ներշնչող, լուսավոր օրինակ է հոգևորականության նոր սերնդի, նոր ժամանակների գիտնականների, հայրենյաց մշակույթի նվիրյալների համար։ Նա նշեց, որ հրատարակված երկու հատորներն ամփոփում են կաթողիկոսի գործունեությանն առնչվող նյութերը, որի ամեն մի փաստաթղթի մեջ կան չափազանց մեծ իմաստնություն, պատգամ և պատվիրան, որոնք նախանշված են կյանքում ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ քայլեր կատարելու, ճիշտ գործունեություն իրականացնելու համար։ Ամեն մի ազգային գործիչ մեծ հոգևորականի կյանքից ու գործունեությունից պետք է քաղի նորանոր պատգամներ՝ կապված թե՜ մեր ազգային, թե՜ եկեղեցական կյանքի հետ։ Սերունդները պատմության անցքերը քննելով են դասեր առնում, քանի որ հատկապես այսօրվա կյանքն էլ նման է այդ երկու հատորներում նկարագրված անցքերին։ Ոչինչ չի փոխվել, փոխվել է մի բան` որ ունենք անկախ պետականություն։ Բայց չի փոխվել այդ պետականությանը սպառնացող վտանգը։ Կաթողիկոսի թողած ժառանգությունը, վավերագրերը ցույց են տալիս, թե ինչպես չեզոքացնել վտանգը։ Բանախոսը կանգ առավ այն փաստի վրա, թե ինչպես Գարեգին Հովսեփյանը գնացել էր Ամերիկա միաբանելու, խաղաղեցնելու անմիաբան, պառակտված հայ համայնքը։ 

Գարեգին Հովսեփյանի կյանքի ու գործունեության մասին զեկուցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ հայր Պետրոս վարդապետ Մանուելյանը՝ ընդգծելով, որ այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը փորձում է Գարեգին շնորհազարդ Հովսեփյանի՝ արցախցու հավատքով ու կամքով կազմակերպել իր գործունեությունը։ Բանախոսը կանգ առավ այն ժամանակների վրա, երբ հայկական գաղութներն անկազմակերպ վիճակի մեջ էին, և Գարեգին Հովսեփյանը հանձն առավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ու կարճ ժամանակում բոլոր առումներով կազմակերպեց Սփյուռքի կյանքը։ Նրա թողած ժառանգությունը բազմազան ու այլազան է, որից մեկը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքն է, որին նա 7 տարի պահեց իր ուշադրության կենտրոնում։ Կաթողիկոսի շնորհիվ Դպրեվանքը դարձավ մշակույթի  և ուսման փարոս։ Երկու ժողովածուների նյութերը վկայում են, որ Գ. Հովսեփյանը, լինելով Կիլիկիո կաթողիկոս, չէր մոռացել Հայաստանը, որը նրա մշտական մտածումների մեջ էր։ Այդ հատորներից մեկում հետաքրքրական է այն դրվագը, որ կաթողիկոսը Սփյուռքում կազմակերպել էր դրամահավաք՝ Խորհրդային Հայաստանում կոշկի գործարան կառուցելու առթիվ։ Փաստը վկայում է մեծ արցախցու սերը մայր Հայաստանի  հանդեպ։ 

Գ. Հովսեփյանի  1918-1920թթ. գործունեությունը ներկայացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը: Կաթողիկոսն իր ներկայությամբ 1918-ին Սարդարապատի ճակատամարտում զինվորներին նոր ոգի տվեց: Նա 1914-1917թթ. Սուրբ Էջմիածնի ՙԵղբայրական օգնության՚ կոմիտեի անդամ էր, կոմիտե, որը ապաստանեց 220 հազար գաղթականի։ Գարեգին Հովսեփյանն անչափ նվիրված էր հայոց անկախության գաղափարին։ Անկախություն, որը, դժբախտաբար, գոյատևեց 2,5 տարի։ Սակայն եթե չլիներ առաջին անկախ հանրապետությունը, չէր լինի և երկրորդը, և Արցախի Հանրապետությունը։  1918 թվականին կնքվեց կրակի դադարեցման Երզնկայի պայմանագիրը, ապա ռուսական զորքերի հեռացումը Արևմտյան Հայաստանից,  Երզնկայի, Էրզրումի անկումը: Թուրքական զորքերը մոտենում են Կարսին, Սուրմալուին, և ահա Վեքիլյանի նամակը հայոց Վեհափառին` խնդրանքով, որ Գարեգին Հովսեփյանը մեկնի Բայազետ և ոգևորի զինվորներին դիմադրելու թշնամուն։ Վերջինս Բայազետ չհասավ, բայց հետագայում եղավ Սարդարապատում։ Բանախոսը նշեց, որ Սարդարապատի մասին փաստաթղթերը քիչ են, եղածը հուշեր են, չհաշված մի քանի կոչեր, հայտարարություններ, և հուշերից տեղեկանում ենք, թե ինչպես հայկական զորքը նահանջում էր, համընդհանուր հուսալքություն էր, Սիլիկյանը գնում է Էջմիածին, հանդիպում Էջմիածնի կաթողիկոսին՝ համոզելու, որ Էջմիածնից հեռանա։ Վեհափառը մերժում է, ապա երկու հոգևորական է ուղարկում Սարդարապատ՝ ոգեշնչելու զորքին։ Երկուսն էլ արցախցիներ էին՝ եպիսկոպոսներ Գարեգին Հովսեփյանը և Զավեն Բաբայանը։ Նրանց ներկայությունը զորքի մեջ հոգեբանական մեծ ներգործություն է ունենում։ Ա. Վիրաբյանի խոսքով` նրանք եղել են արցախցի կամավորականներից կազմված Մահապարտների գնդում, որը ղեկավարում էր արցախցի Պողոսբեկ Փիրումյանը։ 

Սարդարապատից հետո Գարեգին Հովսեփյանն իրեն նվիրում է հոգևոր գործունեության, նա Էջմիածնի միաբանական ժողովի  ատենապետն էր։ 1920թ., երբ Ալեքսանդրապոլում բացվեց հանրապետությունում առաջին համալսարանը, Գարեգինն առաջին դասախոսներից մեկն էր։ Հայտնի է նաև, որ հատուկ արշավախմբում մասնակցել  է Անիի պեղումներին։ Մեծ Հայրենականի տարիներին Գարեգին Հովսեփյանը, ով գտնվում էր արտասահմանում, մեծ օգնություն է ցուցաբերել ՙՍասունցի Դավիթ՚ հայկական տանկային շարասյան ստեղծման գործին։ 

ՙԽճանկար Գարեգին Հովսեփյանի կյանքեն՚ թեմայով զեկույց կարդաց սփյուռքահայ Արմեն Գասպարյանը։ Այնուհետև ամփոփիչ խոսքով հանդես եկավ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը: Նա երախտագիտություն հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, ողջ աշխատակազմին, Հայաստանի և Սփյուռքի հոգևոր կենտրոններից ժամանած ներկայացուցիչներին` հոբելյանական այս աննախադեպ միջոցառումներին պատշաճ մակարդակ հաղորդելու համար։ 

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ