[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ժամանակակից աշխարհում հասարակության սրընթաց փոխակերպումների, տեղեկատվական հոսքերի շեշտակի ակտիվացման պայմաններում բարձրացել է բնակչության հոգեկան լարվածության մակարդակը: Այս առումով հոգեկանի զարգացման և առողջության պահպանման խնդիրներն անչափ  կարևոր են:

Արցախի պետական համալսարանում տարիներ շարունակ շրջանառվում է Հոգեբանական կենտրոն ունենալու գաղափարը: Այն արդեն իրողություն է: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Կենտրոնի պաշտոնական բացումը: Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ռեկտոր Մանուշ Մինասյանը, հոգեբան-մանկավարժներ, հյուրեր մայր Հայաստանից, ուսանողներ: 

Նախարար Ն. Աղաբալյանը Հոգեբանական կենտրոնի և վերջերս  Իրավաբանական կլինիկայի բացումը կարևոր իրադարձություն համարեց համալսարանի կյանքում, քանի որ դրանք  մայր բուհում մասնագետների պատրաստման,  գիտակրթական ու գիտահետազոտական աշխատանքներում, համագործակցության ծրագրերում նոր մշակույթ են ձևավորում: Նրա խոսքով` կիրառական հոգեբանությունը մեր հանրապետությունում կայացման փուլում է, և այն, որ հենց այս փուլում Արցախի մայր բուհում ստեղծվում է նման բազային կենտրոն, հուսադրում է, որ մասնագետների պատրաստումը կբարձրացվի որակական նոր աստիճանի: Իսկ  հոգեբան մասնագետների պահանջարկն այսօր Արցախում  ակնհայտ է. այդպիսի մասնագետների կարիք կա և՜  դպրոցներում` կապված ներառական կրթության հետ ու ոչ միայն,  և՜ ՊԲ-ում, և՜ հասարակության բոլոր շերտերում: Նախարարը հույս հայտնեց, որ Հոգեբանական կենտրոնը մասնագետների պատրաստմանը զուգահեռ կնպաստի նաև այլ խնդիրների լուծմանը: 

ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը նույնպես կարևորեց Կենտրոնի բացումը` նշելով, որ պատերազմող երկրի ժողովուրդը և  բանակը հոգեբանների կարիք ունեն: Ճիշտ է, մինչ այդ էլ բանակը համագործակցում էր ԱրՊՀ հոգեբանների հետ, բայց և այնպես մասնագետների կարիք կա: 

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշեց, որ Հոգեբանական կենտրոնը ԱրՊՀ-ի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանում գործող ՙԱպագա՚ հոգեբանական ծառայության կենտրոնի և բոլոր այն շահագրգիռ կառույցների համագործակցության ծնունդ է, որոնք գիտակցում են և կանգնած են այն գաղափարի  կողքին, որ Արցախում վաղուց ծառացել է հոգեբանական ծառայություն ունենալու անհրաժշտությունը: 

ՙԱպագա՚ հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը, ներկայացնելով Կենտրոնի բացմանը նախորդած չորսամսյա կազմակերպական աշխատանքները, որոնց թվում է մասնագետների պատրաստումը, նշեց, որ հաղթահարված են առաջին փուլի դժվարությունները: Կենտրոնին սպասվում են հետաքրքրիր գործընթացներ: Նրա գործունեությունը կնպաստի հասարակության տարիքային առանձին խմբերի հետ տարվող աշխատանքներին: Այն կդառնա հոգեբանական խորհրդատվության և աջակցության, առողջական ծրագրերի իրականացման  օջախ:

ԱՀ ԿԳՍ նախարարության  մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հոգեբան Լուսինե Ղարախանյանը, կարևորելով Կենտրոնի կիրառական հնարավորությունները, վստահություն հայտնեց, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում ապրող մեր բնակչության հոգեկան առողջության հետ կապված խնդիրները այսուհետ կլուծվեն ոչ թե կարծրատիպային մտածողությամբ, այլ մասնագիտական մոտեցումով: 

Հոգեբանության բաժնի ուսանողուհի Արմինե Սևումյանն ընկերների անունից շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը և բոլոր աջակիցներին` ուսանողների  մասնագիտական գիտելիքների  խորացմանն ու հմտությունների և կարողությունների ձեռքբերմանն ուղղված նման  հարթակի ստեղծման համար: 

Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջեցին Հոգեբանական կենտրոնի սենյակներով, որոնք առանձնացված են ըստ  տարիքային խմբերի: Կենտրոն կարող են հաճախել ոչ միայն հոգեկան խնդիրներ ունեցող երեխաները, այլև բոլոր նրանք, ովքեր դրա կարիքն ունեն: Փոքր տարիքի երեխաների համար արդեն առկա են անհրաժեշտ գործիքակազմերը: Ա. Բեջանյանը տեղեկացրեց,  որ Երևանի իրենց կենտրոնը մշակել է ձեռնարկներ ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների, ծնողների համար, և կտրամադրեն Ստեփանակերտի կենտրոնին, շուտով կլինեն ձեռնարկներ  նաև սպա հոգեբանների համար:  ԿԳՍ նախարարը հետաքրքրվեց` կա՞ն գործիքակազմեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել երեխաների վտանգավոր վարքի դրսևորումները, կախվածությունը տեղեկատվական միջոցներից: Ա. Բեջանյանը վստահեցրեց, որ կան: Նրա խոսքով` մի քանի ամիս անց Կենտրոնը կունենա այցելուների մեծ բանակ: Իսկ  մանկավարժների համար այն  կդառնա  մեթոդական կենտրոն: 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ