Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԱԿՆԹԱՐԹԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ՚

Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ լուսանկարիչ, Թուրքիայի քաղաքացի Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնական անձինք, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը բացեց ՙՇուշիի թանգարաններ՚ ՊՈԱԿ տնօրեն, արվեստաբան Լուսինե Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսն այս կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահը` ՀՀ մշակույթի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների աջակցությամբ: Ողջունելով ներկաներին, Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասաց. ՙՈւրախ ենք, որ մեր` Ստեփանակերտ գալու պատճառը եղավ Արա Գյուլերը, որի 90-ամյակը կնշվի հաջորդ տարի: Եվ Ազգային պատկերասրահը որոշեց հոբելյանին ընդառաջ կազմակերպել նման հետաքրքիր ցուցահանդես, որը հետագայում պետք է պտտվի Հայաստանի մարզերով և ներկայացնի հայազգի մեծ լուսանկարչին, ով աշխատել է աշխարհի տարբեր պետությունների աշխարհահռչակ գործակալությունների հետ: Դուք այստեղ տեսնում եք հայտնի մարդկանց լուսանկարներ, մարդիկ, ում  անձամբ նա տեսել է, շփվել, համագործակցել՚:

Արա Գյուլերն աշխարհի լավագույն լուսանկարիչներից մեկն է, ծագումով հայ, ով մինչ այսօր բնակվում է Ստամբուլում: Նա բազմաժանր լուսանկարիչ է, ում համար հետաքրքիր է թե՜ մարդն իր ներքին աշխարհով, և թե՜ բնությունն իր բազմազանությամբ, տրամադրությամբ: Ցուցահանդեսին ներկայացվել է 27 լուսանկար, որոնց կեսը դիմանկարներ են, մյուս կեսը գեղեցիկ հայկական բնապատկերներ` զարդարված հայկական ճարտարապետական գոհարներով: Ներկայացված նկարներից աչքի էր ընկնում Արարատ լեռը` պատկերված մեզ անսովոր կողմից` Արևմտյան Հայաստանի տարածքից: Ինչպես կասեր Արա Գյուլերը` արևմտահայի աչքերով պատկերված Արարատը:

Սամվել Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս ցուցահանդեսի առաջին ներկայացումը, փաստորեն, կայացավ Արցախում, ինչը վառ վկայություն է նաև այն բանի, որ մեր երկու հայկական պետությունները սկսում են մշակութային գեղեցիկ փոխգործակցություն, որի առաջին փորձն Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը եղավ: Այսուհետ, համոզված է նա, կլինեն ավելի հետաքրքիր ծրագրեր, որոնք կկազմակերպվեն թե՜ Ստեփանակերտում և թե՜ Երևանում:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը շնորհավորեց նման գեղեցիկ ու խորհրդանշական ցուցահանդեսի կայացման կապակցությամբ: ՙԱյսօր մենք հնարավորություն ունեցանք վայելելու աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները,-ասաց փոխնախարարը:-Արա Գյուլերը` ապրելով Պոլսում և լինելով հայազգի, փորձել է հարգանքի արժանանալ ոչ միայն հայերի, այլև հարևան թշնամի պետության  իշխանության կողմից, իսկ դա վկայում է այն բանի մասին, որ Արա Գյուլերի ստեղծագործությունը, արվեստը զերծ է քաղաքականությունից և համամարդկային բնույթ է կրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության ազգային պատկերասրահի տնօրինությանը` ի դեմս տնօրեն Արման Ծատրյանի, ում միջոցով և նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ այս միջոցառումը: Հուսով ենք, որ նման ցուցահանդեսներ հաճախ կկազմակերպվեն, և գուցե ցուցահանդեսներին ներկա կլինի նաև հեղինակը` Արա Գյուլերը՚:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի` հայ ազգը տարբերվում է նրանով, որ ամենածանր, ամենադժվարին պայմաններում, անգամ ցեղասպանության արհավիրքով անցնելուց հետո, իր մեջ ուժ է գտել ստեղծագործելու, արարելու: Եվ Արա Գյուլերը դրա վառ ապացույցն է, ասում է նա: Լինելով Թուրքիայի քաղաքացի, նա կարողացավ վեր կանգնել այդ ամենից և դառնալ հայտնի իր ասպարեզում: Նա աշխարհի մարդ է, և իր արվեստում, բնականաբար, չէր կարող շրջանցել Հայաստանը, քանի որ արմատները վարպետի մեջ խոսուն են: Աշխարհը և հայերը. այսպես կարելի է անվանել ներկայացված ցուցահանդեսը, ասում է Ս. Հովհաննիսյանը, իսկ այդ երկու աշխարհները կապող օղակը հենց ինքը` լուսանկարիչ Արա Գյուլերն է:

Որքանո՞վ է կարևորվում այս ցուցահանդեսն Արցախում` հարցին, Նարինե Աղաբալյանն ասաց. ՙՄենք պետք է ճանաչենք մեր մեծերին, իսկ Արա Գյուլերը մեր ազգի մեծերից է: Շատ համահունչ է  ցուցադրության անվանումը` ՙԱկնթարթից մինչև հավերժություն՚, և այս նկարներում պատկերված անհատներն ու գործիչները, որոնք իրենց հետքն են թողել պատմության մեջ: Եվ հենց դրանով ինքը` Արա Գյուլերը, կմնա պատմության մեջ որպես այդպիսին, որպես հավերժի ճամփորդ: Եվ շատ ողջունելի է, որ նրա գործերը ներկայացվել են Արցախում, ինչը հնարավորություն կտա արցախցիներին ծանոթանալ նրա ստեղծագործություններին: Իսկ գո՞ւցե մենք առիթ կունենանք նաև հյուրընկալել վարպետին Արցախում՚:

Ուշագրավ փաստեր. բոլոր նկարները` պատրաստ շրջանակներում, ուղարկված են հեղինակի կողմից` Ստամբուլից Երևան: Եվ Երևանի պատկերասրահում պահպանվող հավաքածուն ունի 100-ից ավելի վարպետի լուսանկարներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2018-ի հունվարի 22-ը:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ