[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎՈՆ ՈՐՊԵՍ ԶԻՆՎՈՐ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՔԱՂԱՔԱԳԵՏ

Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին գրքեր, հոդվածներ, ակնարկներ գրվել են (և էլի կգրվեն), բայց այն, ինչ արել է հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանը, բացառիկ նշանակություն ունի ոչ միայն այսօրվա ընթերցողների համար, ովքեր ականատեսն ու մասնակիցն են եղել ժամանակի դարակազմիկ իրադարձություններին, այլև պատմության, սերունդների համար։

Հեռուստալրագրողին հաջողվել է ստեղծել լեգենդար հերոսի ճշմարտացի կերպարը տաղանդի ուժով, հանրությանը ներկայացնել պահեր, կադրեր, որոնք դարձել են ՙԱվո՚ գրքի հենքը, գիրք, որն առաջին անգամ տպագրվել է 1993թ. նոյեմբերին, Ավոյի զոհվելուց 5 ամիս հետո, և որի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ հերոսի ծննդյան օրը։ Պատերազմից հետո գիրքը թարգմանվեց ռուսերեն և տպագրվեց, իսկ հայերեն տարբերակը վերահրատարակվեց։ Այս տարի լրացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակը, և նորից  վերահրատարակվեց գիրքը (այս անգամ եռալեզու՝ հայերեն, անգլերեն,  ռուսերեն), որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում։

Միջոցառումը բացեց Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը՝ ընդգծելով, որ Վարդգես Բաղրյանը` որպես մտավորական, գրող, կարողացավ իր մնայուն  տեղը գրավել արցախյան և համահայկական դաշտում։ Գրականությունը հուշագրություն է, Մովսես Խորենացին գրեց հայ ժողովրդի պատմությունը՝ որպես պատմավիպասան: Գրող Վ. Բաղրյանը կուրծք չի ծեծում գեղարվեստի եզրույթներում երևալու, նա բավականին դժվար գործ է կատարել՝ ստեղծելով տարեգրություն, որի սկզբնաղբյուրագիտական նշանակությունն անգնահատելի է։

Մոնթե Մելքոնյանը մտել է հայ մշակույթի մեջ՝ նպաստելով գրականության, գեղանկարչության, կինոյի զարգացմանը։ Նմանները  կազմակերպում են ազգի կյանքը, առաջընթացը։ Գիրքը միայն հուշագրություն, տեղեկատվություն համարել չի կարելի, քանի որ Վարդգես Բաղրյանը  գրականության մարդ է, այդ են վկայում ՙՖենոմեն՚, ՙՏեսադաշտ՚, ՙԱվո՚ գրքերը։ 

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը ողջույնի խոսքում նաև նշեց, որ Բաղրյանին հաջողվել է բացել Ավոյի ֆենոմենը որպես զինվոր, որպես հրամանատար, որպես քաղաքագետ։

ՙՆարեկացի՚ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց գրքի հեղինակին` Ավոյի 60-ամյակին նվիրված  հուշ-երեկոն բարձր մակարդակով անցկացնելու համար։ Վ. Բաղրյանը ցուցադրել է բացառիկ դրվագներ, կադրեր, ներկայացրել է հետաքրքիր հուշեր, հերոսին՝ մարտական գործողությունների ժամանակ։ Գրքի հեղինակը, հավերժացնելով Ավոյին, կերտել է հայ ժողովրդի հավաքական կերպարը, մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը։ Հերոսի կերպարը հեղինակը ներկայացրել է անճիգ, հավաստի և ճշմարիտ։

ՙՆարեկացի՚  համալսարանի նախնական զինվորական և ֆիզիկական պատրաստության  ամբիոնի վարիչ, ռազմագիտության դասախոս Կարեն Աբրահամյանը Ավոյին բնութագրեց որպես ժողովրդին անմնացորդ  նվիրված, բյուրեղյա մաքրությամբ, մարդկային վեհ հատկանիշներով համաժողովրդական սեր վաստակած հերոսի, որի հրամանատարությամբ կամ կողք կողքի չի մասնակցել մարտական գործողություններին, բայց ներկա է եղել  խորհրդակցությունների, որոնց ընթացքում  զգացվել է հերոսի մարտական վարպետության գերազանցությունը, որը զարմացնում էր փորձառու, պրոֆեսիոնալ  զինվորականներին և այնքան էլ դուր չէր գալիս այն ժամանակվա հրամանատարությանը։ Ավոն մարտադաշտում մի ամբողջ զորագնդի դեր էր կատարում և իր մասնակցությամբ վճռում մարտի հաղթական ելքը։ ՙԵթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության  վերջին էջը՚,- Ավոյի այս խոսքերը զգաստացնող էին ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև հիմա։ 

ՙՆարեկացի՚ համալսարանի դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ալիսա Բաղդասարյանը, Ռենա Մովսիսյանը, գրողներ Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը, Մարսել Պետրոսյանը ողջույնի խոսքում անդրադարձան այն կարծիքներին, որ արտահայտել են ժամանակակիցներն Ազգային հերոսի մասին, ինչպես նաև գրքի լեզվաոճական առանձնահատկություններին։ Վ. Բաղրյանը պատկառանքով է վերաբերվում գրական հայերենի, ինչպես նաև գլխավոր հերոսի բառի, խոսքի, լեզվի անաղարտությանը։ Ավոն ներկայացվում է այնպիսին, ինչպիսին եղել է՝ պարզամտության հասնող անկեղծություն և անմիջականություն, զուսպ, համեստ, տաքարյուն, հումորի նուրբ զգացումով, խստապահանջ, բայց մեծահոգի ու բարի,  գեղեցիկի և.... խմորեղենի հանդեպ թուլություն  ունեցող, երբեմն` հակասական։ Հեղինակն իր անթաքույց հիացմունքն արտահայտում է առանց վերամբարձ խոսքերի։ Վ. Բաղրյանն Ավոյի կերպարով իրականացրեց իր ստեղծագործական մտածողության գյուտը։ Երկխոսությունները նրա գրողական¬լրագրողական վարպետության արդյունքն են։ Վ. Բաղրյանի ստեղծած կերպարը նորություն է՝ ՙոչ միտինգային՚, իր հոգեաշխարհով անհատ հերոսի ըմբռնման նոր ձև, գրական կերպար, որ մշտապես  հուզմունք է պատճառելու ընթերցողին։ Գիրքը, որ բացառիկ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, բացահայտեց և՜  հերոսին, և՜  Վարդգես Բաղրյան արվեստագետին։

Գրքի հեղինակն իր խոսքում ասաց, որ Ավոն  դեմ էր, երբ իրենից կուռք էին սարքում, դեմ էր մեծարվելուն, բայց ճիշտ էր գրքի առիթով հավաքվելը, վերհիշելը։ Գիրքը հեռուստաֆիլմի վերարտադրությունն է, ինքը կարող էր դրվագներ ավելացնել, բայց չի կարողացել հաղթահարել հոգեբանական այն վիճակը, որ կարող էր կերպարը խաթարվել։ 

Ժամանակակիցներից յուրաքանչյուրն ունի Ավոյի մասին իր պատկերացումները, հերոսի իր կերպարը, և որ Բաղրյանի մեծությունն այն է, որ իր ներկայացրած Ավոն համապատասխանում է իրականին և յուրաքանչյուրի պատկերացրածին։

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ