Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԵԶՆԻԿ ՄՈԶՅԱՆ՚. ՅՈՒՐԱՏԻՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

ՙԵզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի՚ փոխտնօրեն Իզա Նազարյանի աշխատասենյակում մեր ուշադրությունը գրավեցին  փոքրիկ, գունավոր թղթերը, որոնց մի մասը    պատին կպցված էր  խմբավորված, մի մասն՝ առանձին-առանձին. երևում է՝  ինչ-որ հաջորդականության ու  կապի սկզբունքով։ 

 Նրանցից մեկը հուշում էր՝ ՙՄենք իրականում հասկանում և ընդունում ենք միայն այն գիտելիքը, որը  կիրառվել է գործնականում:  Եթե մենք ինչ-որ բան ճիշտ ենք համարում, բայց պատրաստ չենք այն ապացուցել, նշանակում է, որ այն ընդամենը կարծիք է և` ոչ գիտելիք՚:  Կամ՝ ՙԵթե նույնիսկ այն, ինչ արել ենք, թվում է աննշան ու անէական, այն, միևնույն է, պետք է անել, քանի որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Առաջին քայլը չի կարող ավելի կարևոր լինել, քան վերջինը, և հակառակը: Ստացվում է, նրանք երկուսն էլ անհրաժեշտ են խնդրի լուծման համար՚: Մեկ այլ  գրառում՝  ՙՊատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրանից դասեր չենք քաղել, որոնք կփոխեն մեր կյանքը: Քանի որ չենք կարող անընդհատ անել  նույն բանը և սպասել, որ արդյունքը տարբեր կլինի՚: Նման գրառումները շատ էին, վերաբերում էին պատասխանատվությանը, ընկերությանը, կրթությանը,  հարգանքին, սիրուն, դաստիարկվածությանը և այլն:  Ի. Նազարյանը բացատրեց, որ դրանք  կանոններ  են, որոնք առանձնացրել է առաջին հերթին իր համար, քանի որ ուսումնարանի կրթադաստիարակչական մեթոդների համաձայն  այն, ինչ ուսուցիչը պահանջում է  աշակերտից,  անձամբ պիտի անել կարողանա: ՙԱնհնար է  հարգանքից խոսել, եթե աշակերտը չի զգում, որ հարգում են իրեն կամ իրար, սովորեցնել արհեստ, երբ ինքդ հավուր պատշաճի  չես տիրապետում նրան, տալ գիտելիք, երբ այն բավարար չափով չունես՚,- ասաց նա:

 ՙՍա գաղափարախոսություն է, որը ոչ միայն  ուսուցանում ենք, այլև որով փորձում ենք առաջնորդվել առաջին հերթին մենք. անձնական օրինակը շատ կարևոր է:  Աշակերտը պետք է զգա, որ ինքն անհատ է, որին հարգում են՚,-ասաց ուսումնարանի փոխտնօրենը, հավելելով, որ աշակերտը, որ մտնում է ՙԵզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան՚, առաջինը, որ լսում է,  այն է՝ բոլորը հավասար են,  բոլորը  պարտավոր են հարգել միմյանց։ Նրանց բացատրվում է, թե ինչ նպատակով է աշխատակիցներից յուրաքանչյուրը  գտնվում ուսումնարանում,   ինչու պիտի հարգվի և գնահատվի նրանց աշխատանքը։  Դռների մոտ տեղադրված է  հատուկ սարք՝ կոշիկները մաքրելու համար,  և աշակերտները տեղեկանում են, թե ինչու  չի կարելի կեղտոտ կոշիկներով մտնել շենքից ներս, կամ անհարգալից խոսել ասենք, պահակի կամ  մաքրուհու   հետ։  Սովորեցնում են, որ  վարպետն  իրավունք չունի  գողանալ, աշխատանքն   անփույթ կատարել, քանի որ  հետևանքների համար հիմնական  պատասխանատվությունը կրում է հենց նա: Աշակերտը գիտակցում է  յուրաքանչյուր մարդու անելիքի կարևորությունը և  հասկանում, որ անհեթեթ է մեկին բարևել, մյուսին՝ ոչ։ ՙԱռաջին հայացքից այս մոտեցումը կարող է պրիմիտիվ թվալ,- ասաց Ի. Նազարյանը,- բայց, հավատացնում եմ,  շատերն այդ մասին իրոք չգիտեն, ինչպես չգիտեն վարվեցողության կանոնները, չունեն շփման մշակույթ, կաշկանդված են, հաճախ՝ ինքնամփոփ: Այնպես որ, նախքան մասնագիտական կրթություն տալը,  ինչպես նաև՝ մասնագիտական կրթությանը զուգահեռ, մեր պարտքն ենք համարում աճեցնել բազմակողմանի զարգացած, իրեն և ուրիշներին հարգող  անհատ, հետաքրքիր, պատասխանատու, կարգապահ, ինքնավստահ և դաստիարակված մարդ: Նորից եմ կրկնում՝  ուսուցանում ենք անձնական օրինակով՚։   

Ուսումնարանը Շուշիում գործում է արդեն երեք տարի: Այն կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած 14-15 տարեկան պատանիներ, որոնք այնտեղ, մասնագիտականին զուգահեռ, անցնում են  նաև ավագ դպրոցի ծրագիրը: Կրթությունն այստեղ ոչ ստանդարտ է. ուսումնարանը  միանշանակ տարբերվում է Արցախում գործող բոլոր  նմանատիպ կրթօջախներից: Այն, իհարկե, դպրոց է, բայց յուրատիպ համակարգով է աշխատում, առանձնանում է  կրթության ու  դաստիարակության մեթոդներով, մոտեցումներով: Հաստատությունը կրում է ֆրանսահայ Եզնիկ Մոզյանի անունը,  ում ֆինանսավորմամբ էլ կառուցվել է: 

Ինչու նման ուսումնարան հիմնադրելու անհրաժեշտություն առաջացավ,  չէ՞ որ Ստեփանակերտում  արդեն գործում է Արհեստագործական ուսումնարան, որտեղ, ի թիվս այլ մասնագիտությունների, ուսուցանվում են նաև որոշներն այն մասնագիտություններից, որոնք  առկա են ՙԵզնիկ Մոզյան՚-ում: Ի. Նազարյանը համոզված է, որ այս ուսումնարանը արմատապես տարբերվում է Արցախի նմանատիպ կրթօջախներից:  Այստեղ  ուսման  և աշխատելու պայմանները լավագույնն են, տարբերվում են ինչպես լսարանները, այնպես էլ  արհեստանոցները: Դրանք կահավորված են  ամենաժամանակակից ձևով։ 

Օրերս  ԱՀ պետնախարար Ա. Հարությունյանի ուղեկցությամբ ճանաչողական այցով այստեղ եղավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությունը: Կ. Կարապետյանին ուրախացրեց այն հանգամանքը, որ Արցախում կա արդիական, ժամանակակից սարքավորումներով հագեցած արհեստանոցներով կրթօջախ, բարձր գնահատեց հատկապես էլեկտրաէներգիայի լաբորատորիայի,  արևային էներգետիկայի՝ զարգացող ու հեռանկարային ոլորտի համար պատրաստվող կադրերի առկայությունը: 

 ՙՄենք թողարկում են ոչ թե  շրջանավարտ, այլ  համապիտանի (ունիվերսալ) վարպետ, որն իր աշխատանքը լավ է կատարում՝ որակով, գլուխ է հանում իր գործից՚,-ասում է Ի. Նազարյանը, պարզաբանելով, որ  2-րդ կուրսի վերջում երեխաները  բաժանում են  2 խմբի, մի խումբը շարունակում է  կրթությունը 3-րդ կուրսում,  մյուսը գնում է աշխատելու  շինարարության ոլորտում՝ մեկ  տարի ժամկետով։ Տարվա վերջում ուսումնարանում  հանձնում է քննություն, ստանում դիպլոմ։ 

3-րդ կուրսն ավարտածները  նեղ մասնագիտություն են ձեռքբերում։ Այն  շինարարական կազմակերպությունները,  որտեղ աշխատում են մեր ուսումնարանի երեխաները,  պետության կողմից հարկային արտոնություններ են  ստանում։ Դա  աշխատանքային պրակտիկա չէ, ինչպես  կարող է թվալ առաջին հայացքից. նրանք աշխատում են աշխատավարձով։ Իսկ գործատու ընկերությունները ազատվում են շահութահարկից՝  ուսումնարանի  երեխաներին վճարված աշխատավարձի 150% չափով։ ՙՈւսումնարանի շատ  երեխաներ գործատուներին զարմացրել են իրենց աշխատունակությամբ՚,-հպարտությամբ ասում է Ի. Նազարյանը: 

Ինչ վերաբերում է  հենց Շուշիում նման ուսումնարան հիմնադրելու գաղափարին,  ապա այն հիմնադրվել է ըստ Եզնիկ Մոզյանի կտակի: 

Ուսումնարանն այսօրվա դրությամբ ունի 129 աշակերտ, աղջիկներ  սովորողների մեջ չկան: Փոխտնօրենը նշեց, որ դա ուսումնարանի բացթողումներից է, ինչն առաջիկայում կփորձեն լրացնել: Ուսումնարանում սովորում են աշակերտներ Գեղարքունիքի, Սյունիքի մարզից, Ստեփանակերտից, բայց   նրանց  85-90 %-ն Արցախի գյուղական բնակավայրերից է: ՙՓորձում ենք շրջաններից երեխաների ընդգրկել, քանի որ շատ-շատ հնարավորություններից, որ ունի մայրաքաղաքի երեխան, նրանք  զրկված են։ Ստացվում է՝ շրջանի երեխան ոչ մի հետաքրքրություն  կամ հոբբի չունի, քանի որ  չգիտի էլ, թե ինչ հետաքրքրություններ են լինում առհասարակ։ Չգիտի ինչ է հոբբին։ 

Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ  մասնագիտություն ստանալով, գյուղից ժամանած երեխան վերադառնալու է  իր գյուղը, շրջանը, փորձելու է այնտեղ իրացվել  որպես մասնագետ, ինչը ապահովելու է տվյալ բնակավայրի  զարգացումը՚,-հիմնավորում են այստեղ: 

 Քանի որ աշակերտների թիվը մեծ չէ, կրթօջախի ղեկավարությանը չի հաջողվել ձեռք բերել հոգեբանի հաստիք, և  աշակերտների միջանձնային խնդիրները (լեզվական,   դաստիարակության,  մենթալիտետի) փորձել են լուծել՝ մտցնելով հաղորդակցություն առարկան, որը, որպես կանոն, ուսուցանում են առաջին կուրսում: Այդ ձևով երեխաներին  իրար ճանաչելու, իրար հետ շփվելու,  հասկանալու հնարավորություն է տրվում: 

Ներկայում  ուսուցանվում է վեց մասնագիտություն. փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա, մեքենաների և մեխանիզմների, էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում, մետաղների մեխանիկական մշակում՝ հաստոցների և գծերի վրա, շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների և  հարդարման շինարարական աշխատանքների իրականացում:

Ուսուցչական թիմը բացառապես արցախցիներից է կազմված, յուրաքանչյուր մասնագիտություն դասավանդում է երկու վարպետ:   Մասնագետները  պարբերաբար վերապատրաստվում են  Ֆրանսիայում, կամ Արցախում՝ Ֆրանսիայից ժամանած   մասնագետների կողմից: Ուսումնարանում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների առջև դրվում են բարձր չափանիշներ:  Դասավանդող մասնագետը պետք է լավ տիրապետի իր մասնագիտությանը և դասավանդման մեթոդիկային, քանի որ իր  մասնագիտական կարողությունների  վրա վստահ ուսուցիչը միայն կարող  է բավարար  գիտելիքներ տալ։  Նրա դասը պիտի անցնի հետաքրքրիր, անաղմուկ, ՙնիրհող՚ աշակերտներ չպետք է  լինեն։ 

Ինչպես արտահայտվեց փոխտնօրենը, այստեղ չկան ուսուցիչներ, որոնց կարգավիճակը բարձր է, և աշակերտներ՝ որոնց կարծիքը հաշվի չեն առնում, և որոնք առավել ստորադաս կարգավիճակում են գտնվում: Այստեղ բոլորն ընկերներ են, որոնք իրարից  սովորելու  բան ունեն,  իրար օգնում են, միասին ապրում,  փորձում իրար հետ արդյունավետ աշխատել։ Ուսումնարանում մեծ տեղ է տրվում կարգապահությանը, և նույնիսկ դասամիջոցներին միջանցքներում  դպրոցներին հատուկ աղմուկը չի լինում:

Վերջում հավելենք, որ ՙԵզնիկ Մոզյան հիմնադրամը՚  ԱՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ  կառուցել է շենքը, ապահովել կրթության լավագույն   պայմաններ,  վերջինս հոգում է նաև աշխատավարձի, սննդի ծախսերը,  կրթաթոշակը: ՙՄեր կողմից ներկայացրած   ցանկացած  հարցի կառավարությունն ընդառաջել է, բնականաբար,   դիմում ենք հույժ անհրաժեշտության դեպքում միայն, խնդիրները լինում են   պատճառաբանված, հիմնավորված, կարծում եմ, նրանք էլ օժանդակում են՝ տեսնելով և գնահատելով  մեր  աշխատանքը՚,-ասաց մեր զրուցակիցը։

Ի. Նազարյանը նաև տեղեկացրեց, որ  ուսումնարանի աշակերտները Երևանի հայ-ֆրանսիական բարձրագույն ինժեներական դպրոցի բակալավրիատում և մագիստրատուրայում  ուսումը  շարունակելու հնարավորություն  ունեն: Ամեն տարի այնտեղ  ուսումնարանի շրջանավարտների համար  երեք տեղ է հատկացվում։ Առաջիկայում լավագույն  շրջանավարտները կուղարկվեն  այնտեղ՝ ուսանելու։

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ