Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

…ԵՎ ԵՐԿԻՐՆ Է ԱՃՈՒՄ ԵՐԳԻՑ

Հարցազրույց ԱՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

 -2017-ը ի՞նչ թողեց,՝ ի՞նչ տարավ  իր հետ։ Տարվա ձեռքբերումները՝  գրական դաշտում։

-Անցնող տարին արգասաբեր եղավ Գրողների միության համար, գրական-մշակութային կյանքում բավականին հետաքրքիր ձեռնարկումներ եղան, ամենագլխավորը՝ գրքերի հրատարակման գործը պատշաճ ձևով իրականացավ, պլանավորված գրքերը հիմնականում տպագրվեցին, մի մասը  տպարանում են։ Թվարկեմ. իրականացրինք Հրանտ Ալեքսանյանի ՙՈսկրե երկնքի տակ՚ ժողովածուի, Նորեկ Գասպարյանի ՙԱմենալավ ժամանակը՚ (պոեզիա), Սերգեյ Սարինյանի ՙԳրականություն և գեղագիտություն՚ գրականագիտական, Արտաշես Ղահրիյանի, Համլետ Մարտիրոսյանի, Վարդգես Բաղրյանի,  Ամալյա Գրիգորյանի, Ժաննա Բեգլարյանի  գրքերի հրատարակությունը։ Սարինյանի գիրքն իր տեսակի մեջ բավականին հետաքրքիր է։ Գրականությունն այն երևույթն է, որտեղ բառն անընդհատ կատարելագործման կարիք ունի, և մենք ձգտում ենք կատարելության, իմանալով, որ կատարելագործումը երբեք ավարտին չի հասնում։ 

Մենք, ոգորումների, ընթացքի  մեջ  փորձում ենք ստեղծել արժեքներ։ Անցած տարում շեշտը դրել ենք գեղարվեստական  որակի վրա, և դա մի հարվածով ձեռք բերվող գործընթաց չէ, այլ անընդհատական  զարգացում պետք է ունենա. որոշակի հաջողությունների, այդ առումով, հասել  ենք։ Կա նաև այլ խնդիր, որ անցնող տարում  բավականին հաջող ենք  իրագործել: Խոսքը հանդիպումների մասին է. Մեր գրողները հանդիպել են հասարակության ներկայացուցիչների հետ՝ դպրոցներում, գյուղերում, գրադարաններում, Արցախում և Երևանում, ինչու չէ, նաև՝ արտերկրում։ Հրանտ Ալեքսանյանը եղավ Չինաստանում։ Ճանապարհը դեպի Ռուսաստան շատ ավելի բանուկ է։ 

Հիշարժան է օտարագիր հայ գրողների 6-րդ համահայկական համագումարը, որը տեղի ունեցավ մի երկու ամիս առաջ՝ Ծաղկաձորում: Արցախի պատվիրակությունը ակտիվորեն մասնակցեց: Բավականին հետաքրքիր շփումներ եղան, գրական հարցեր բարձրացվեցին: Եվ ոչ միայն գրական:

Ամենագլխավորը, սակայն, մեր՝ գրողների հանդիպումներն են զինվորականության հետ։ Մուրացանյան օրերի անցկացման շրջանակներում և դրանից դուրս՝ խմբերով և անհատական, մեր գրողները եղել են գրեթե բոլոր զորամասերում։ Հանդիպումներն անցել են  հետաքրքիր, ջերմ, գնացել ենք գրքերով: Եվ այս հաղորդակցությունը կարծես գրականության գործառնական նշանակությունը շատ ավելի է բարձրացնում։ 

Գրականությունը պետք է ներգործի հասարակական կյանքի վրա, պետք է մարդու առաջ ծառացած խնդիրների լուծմանը նպաստի։ Իհարկե, այդ  առաքելությունն առարկայական պատկերացնել ճիշտ չէր լինի, բայց ոգու ամրապնդման, տրամադրության ստեղծման, մարդու մարդակերտության առումով գրականության դերը անփոխարինելի է։ Ասենք՝  Տիգրան Մեծի ոգու փոխանցումը սերունդներին էապես կատարվում է գրականության և դպրության միջոցով։ Իսկ այս առաքելությունը բավականին մեծ է։  Սա մեր ճակատագիրն է։ 

ԱԳ միջոցառումները, սովորաբար, անցկացնում ենք Գրիգոր Նարեկացի համալսարանի Պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում. այստեղ մշտապես լինում են տարբեր բնույթի ցերեկույթներ, շնորհանդեսներ, և դրանց լրջությունը, խորքային բովանդակությունը մշտապես աճում են, արդիական են դառնում, նաև՝ ընդգրկվող հրատապ խնդիրների տեսակետները…  

Դուք ասացիք՝ ինչ բերեց և ինչ տարավ 2017-ը։ Յուրաքանչյուր օր, տարի, յուրաքանչյուր ժամանակային միավոր ինչ-որ  բան բերում, ինչ-որ բան տանում է։ Երևի թե այն, ինչ թողնում է, մնայունն է գալիք ժամանակների համար: Բայց կա նաև ափսոսանքի զգացում, կոնկրետ հեռացող տարին ափսոսանքի զգացում թողեց, քանի որ շատ ծանրաբեռնված լինելու պատճառով չկարողացանք ինչ-ինչ բաներ հասցնել ավարտին։ Բայց կա նաև մեկ ուրիշ ճշմարտություն. մենք պարտավոր ենք անդրադառնալ մեր գրականության մեծերին՝ անհրաժեշտ մոտեցումներով։

- Հավանաբար,  նկատի ունեք Գուրգեն Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանը։ 

- Այո, ես որպես Գրողների միության նախագահ, խորը ցավ և ափսոսանք եմ ապրում, որ 2017-ին չկարողացանք պատշաճ մակարդակով նշել հոբելյանը։ Գ.Գաբրիելյանը միայն հայկական  գրականության մեջ չէ հիշարժան երևույթ։ Գ.Գաբրիելյանը  համաշխարհային երևույթ է։ Նրա ՙՀորովելը՚ արժեք է համաշխարհային քնարերգության մեջ։  Դա ես բացատրում եմ  արցախյան բարբառի  առանձնահատկություններով, որովհետև ինչպես ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն է ասել, դա բանաստեղծական լեզու է։ 

Ափսոսանքն ունի նաև  մխիթարության եզրեր։ Մխիթարականն այն է, որ մենք ձեռքներս ծալած չենք  նստել։ Տարբեր առիթներով դիմել եմ իրավասու մարմիններին, խնդրի երկու-երեք  քննարկումներ եղել են,  և՝ բարձր մակարդակով,  եկել ենք այն եզրակացության, որ պետք է Ստեփանակերտում, մի պուրակում կառուցվի ՙՀորովելի՚ փոքրիկ հուշահամալիր՝ մաճկալը, հոտաղը,  Գ. Գաբրիելյանի կիսանդրին, քանդակված լինի  ՙՀորովելի՚ տեքստը։ Խանցք գյուղում, որտեղ գրողի ձեռքով կառուցած տունն է, տան ներքևում  Մշակ աղբյուրն է,  քարին՝ մի քառատող, որը  գրել ենք միասին՝ Գաբոն, ես և Հրաչյա Բեգլարյանը։ Նախատեսել ենք՝ այդ տունը դարձնել Մանկական հեքիաթի տուն, որտեղ կհնչեն երգեր, երաժշտություն, կգործեն թատերական խմբեր, բոլորը՝  մանկական, և այստեղ կգան Հայաստանից, Սփյուռքից, այն դառնա բացառիկ վայր՝ մշակույթի, գեղագիտական դաստիարակության, կրթության համար։ Մի այլ կետով նախատեսել ենք հրատարակել Գ. Գաբրիելյանի ՙԸնտրանին՚՝ գունավոր, լայն  ընդգրկումով։ 

 -Հրատարակվելիք գրքերի առումով 2018-ը ինչպիսի՞ն կլինի։ 

-Մեծ ծրագրեր ունենք։ Տարին հոբելյանական է Ռոբերտ Եսայանի, Մարսել Պետրոսյանի,  Աշոտ Բեգլարյանի համար։ Պիտի կարողանանք նոր գրքերով ուրախացնել  և ընթերցողներին, և հեղինակներին։ Տպարան է ուղարկված Արցախյան պատերազմում զոհված բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի գիրքը։ 

Հնարավորություն կունենանք հրատարակել Արցախյան ազգային-ազատագրական Շարժմանը նվիրված  գործեր, հատկապես, որ լրանում է Շարժման 30-ամյակը։  

Պոեզիայի միջազգային փառատոներին մասնակցեցինք արտերկրում, դրանց կազմակերպման  արվեստը յուրացնելով՝ ձեռնամուխ եղանք միջազգային գրական փառատոնի կազմակերպմանն Արցախում. ճանաչված, անվանի գրողներ եկան, ծանոթացան արցախյան հիմնախնդրին, նրանց գրքերից մենք  թարգմանեցինք, նրանք մերը թարգմանեցին։ Գործը արվում է  պետականորեն։ 

Նոր տարում պետք է կարողանանք տեղաշարժ արձանագրել թարգմանության ասպարեզում. մայրենի գրականությունը այլ լեզուներով ներկայացնելու մշակույթ հայ իրականոթյան մեջ, ցավոք, դեռ չի  ձևավորվել։ Առայսօր Նոբելյան մրցանակակիր չունենք, որը ես բացատրում եմ թարգմանական գործում հայերիս թերացումներով։ Բայց մենք ունենք հսկաներ։ Աշխարհը նոր-նոր միայն ծանոթացավ Նարեկացուն։ 

Գրականությունը պետք է  կանգնի մարդու՝ զինվորի, ծառ տնկողի, հողագործի, արարողի կողքին։ Սա է գրականության գործառնական նշանակությունը։ Գրողը  ստեղծում է իր ժամանակը, Դոստոևսկին՝ Ռուսաստանում, Թումանյանը՝ Հայաստանում, ստեղծել են իրենց ժամանակները։ Բառի մեջ մենք տեղավորում ենք աշխարհը, բայց արի ու տես, որ դարեր շարունակ աշխարհը չի կարողանում բառն իր մեջ տեղավորել, և բոլոր բախումները առաջանում են դրանից։ 

- Ո՞րն  եք համարում 2017-ի կարևորագույն քաղաքական իրադարձությունը։ 

- Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ հայ իրականության մեջ գրողն ավելի շատ քաղաքական գործիչ է, քան՝ գրող։ Դա ժամանակի պարտադրանքն է։ Ինչ վերաբերում է տարվա կարևորագույն քաղաքական իրադարձությանը, մենք Արցախի հանրապետությունում նոր Սահմանադրություն ընդունեցինք։ Սահմանադրություն հայ իրականության մեջ ստեղծել են գրողները, սկսած Վաչագան Բարեպաշտից, Մխիթար Գոշից։ Գրողը քաղաքակրթություն ստեղծող է, գաղափարներ բերող է։ Հայ մարդն էլ միշտ հենվել է օրենքի վրա։ Մենք օրինապաշտ ազգ ենք։ Սահմանադրությունը սկիզբ չէ, այլ հաղթական շարունակություն։ 

Արցախում ապրող գրողը զգում է հայրենի հողի ընդերքից եկող ձայները, և նա գտնում է բառը, որով խոսում է աշխարհի հետ։ Չարենցն ասել է՝ երգը երկրից է աճում։ Ավելացնենք՝ և երկիրն է աճում երգից: Մեր չափորոշիչը հողից եկող ձայնն է, ժողովրդի հոգուց եկող ձայնն է։ Այսօր գրողը ստեղծում է, բայց լավագույն գործը դեռ ծնվելու է։ Գրողը պիտի ծառայի հայրենիքին, գրողը պիտի ժողովրդի արժանավոր բջիջը դառնա։ Գրականությունը սերունդների մեջ պիտի պահպանի ազգային ոգու որակները։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ