[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱԿԵՏՈՒՄ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ Է

ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Ստեփանակերտում բացվել է 2015թ. սեպտեմբերին:  2016թ. դեկտեմբերից կենտրոնը ղեկավարում է ֆրանսահայ Կորյուն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ: 

 - Դուք ապրել, սովորել, աշխատել եք Եվրոպայի սրտում, զարգացած երկրներից հետո  եկել եք Արցախ, ի՞նչը Ձեզ ստիպեց դիմել այդ քայլին:

- Ես կասեի` նախ և առաջ աշխատանքը: Հենց ՙԹումոն՚ ինձ բերեց Արցախ:  Ճիշտն ասած` ծրագրել էի,  որ  մի օր տեղափոխվեմ Հայաստան. ինձ մոտ այդ ցանկությունը միշտ կար, բայց ՙԹումո՚-ն արագացրեց: Իմ շրջապատում բավականին կարծիքներ հնչեցին. մի մասը խորհուրդ տվեց չգալ, մի մասը` որ ճիշտ եմ անում: 

- Որքան տեղյակ եմ` նաև Ձեր անձնական կյանքն եք դասավորել այստեղ:

- Այո:

- Ի՞նչ եք բերել Եվրոպայից  և ի՞նչ եք այստեղ գտել:

- Եվրոպայից միգուցե տեմպն եմ բերել,  զարգացման արագությունը, այսինքն` ինչպես  տվյալ  բանն արագ անել, չնայած դա  ունի և՜ առավելություն, և՜ թերություն: Բայց ամեն դեպքում կասեի այդ անհրաժեշտությունը` արագ տեմպերով զարգանալու, կա, այսինքն` ոչ միայն  զարգանանք, այլև զարգացման ընթացքն ավելի արագացնենք, որպեսզի մենք էլ կարողանանք վայելել այն, ինչ  եվրոպացիներն ունեն: Իսկ Արցախից ես կվերցնեմ  մարդկային արժեքը, որը գնալով պակասում է Եվրոպայում, ու անհետանում իրականում: Մեկը մյուսին օգնելը, իրար հետ համերաշխ ապրելը. դա զգացի իմ հարևանության մեջ,  իմ անձնակազմի հետ, զգացի իմ ընկերական շրջապատում: Միշտ  պատրաստ են իրար օգնել, ու դա նրանց համար ավելորդ բեռ չէ, այլ` իրենց առօրյայի մի մասը: 

- Թումոցիների ծնողների ժողովին  Դուք բարձր եք գնահատել կառույցի գործունեությունը...

- Ես խորապես համոզված եմ, որ ՙԹումո՚-ն մեծ ներդրում է անում նոր  սերնդի կրթության ասպարեզում`  Հայաստանում  և Արցախում: Դա կոչել եմ լուռ հեղափոխություն: Ինչքանով եմ  ճիշտ` ապագան կփաստի: Մենք մեր անձնակազմի հետ միասին միշտ այդ հեռանկարով ենք աշխատում: Կրթության ոլորտում արդյունքն իսկույն չենք տեսնում, պետք է մի քանի տարի հետո դատենք, և մեզ էլ այդպես կդատեն` արդյո՞ք  հաջողեցինք, թե՞ սխալ ճանապարհ էինք ընտրել: Ես հավատում եմ, որ ոչ  միայն ճիշտ ճանապարհ ենք ընտրել, այլև  հեղափոխություն ենք անում  ունիվերսալ իմաստով կրթության ոլորտում:  ՙԹումո՚-ում  հատուկ մանկավարժական մոտեցումներ ենք ցուցաբերում, ինչպիսիք են ինքնուսուցումը, թիմային աշխատանքը և այլն: Այդ ամբողջ կապերը`  միջազգային կամ ոչ միջազգային, որ հաստատում էինք, դրանք էլ շատ կարևոր են: Մենք այնպիսի մասնագիտություններ ենք  առաջարկում (իսկ դրանք  14-ն են), որոնք արվեստի և տեխնոլոգիայի խառնուրդ են: Հավատում ենք, որ  դա է ապագան: Եթե միայն տեխնոլոգիական կամ արվեստի թեքում ունենայինք, շատ չէինք տարբերվի մյուս կրթական հաստատություններից, նոր բան չէինք առաջարկի: ՙԹումո՚-ի նորարարությունը նաև դրանում է, որ կարողանում է համատեղել թե՜  արվեստը, թե՜  տեխնոլոգիան ու  հետաքրքիր ստեղծագործական արդյունքների հասնել: Մանկավարժական մոտեցումներն ու  նորարարությունները, որ այստեղ ներմուծել ենք,  ես (կրկնում եմ) կոչում եմ լուռ հեղափոխություն: Այստեղ հաճախող երեխաներն ազատ մտածելակերպով են մեծանալու,  համարձակ,  ինքնուրույն են լինելու:  

Ինձ համար մանկավարժության ասպարեզում կարևորը սերն է երեխայի հանդեպ: Դրանով ենք հենց առաջնորդվում ՙԹումո՚-ում` երեխային սիրել, նրա ապագայով մտահոգվել այնպես, ինչպես կվարվեիր քո երեխայի հետ: 

- Արցախի երեխաներն  ինչ-որ բանով տարբերվու՞մ են` լավ և վատ կողմերով: 

- Կրթության մեջ լավն ու վատը մի քիչ հարաբերական են: Իհարկե, տարբերվում են.  ինքնամփոփ են,  դժվարությամբ են  կարողանում իրենց կարծիքը հայտնել: Այդ առումով  կարոտ ունեին ազատության և անկախության: Ուղղակի ժամանակ է պետք, որ  հասնեն այդ հանգրվանին: Բայց նաև կարգապահ են, կարգ ու կանոնին հետևող, շատ հազվադեպ  եմ նրանց նկատողություն անում: Այդ օրինապաշտությունը մեզ բավական  օգնում է: Ծարավ ունեն նոր գիտելիքի, նոր փորձառության, նոր մարդկանց հետ շփվելու:  Միայն  համարձակությունն է, որ դեռ ձեռք չեն բերել, բայց մեզ մոտ դրան էլ կհասնեն: 

- Այժմ խոսենք  կոնկրետ արդյունքների մասին:  

-Նախ ասեմ, որ ՙԹումո՚-Սեփանակերտը սկսեցինք 600 ուսանողով: Այս պահին դրա կրկնապատիկն  ունենք` 1200 ուսանող: Հիմնականում գալիս էին Ստեփանակերտից: Այս երկու տարվա մեջ մենք մեծ ձեռքբերումի հասանք ՙԹումո՚-ի աշխարհագրությունն ընդլայնելու առումով, ու ես հպարտ եմ դրանով, որովհետև  նաև շրջաններից բավականաչափ ուսանողներ ներգրավեցինք: Առաջին  տարում մենք Արցախի կառավարության հետ պայմանագիր կնքեցինք, և հաջողվեց  թումոբուս կոչվածը  բացել ու սկսեցինք ավելի մոտիկ գյուղերն ու քաղաքներն ընդգրկել: Առաջին տարում կենտրոնացանք Ստեփանակերտին մոտիկ գյուղերի վրա`  Շուշիի շրջանն ու Քարինտակ գյուղն ապահովվեցին թումոբուսներով: Գնացինք նաև Ասկերանի շրջանի Շոշ, Իվանյան, Նորագյուղ, Խնապատ համայնքները և Ասկերան քաղաքը: Երկրորդ  տարում ևս մի շրջան ընդգրկեցինք. Մարտունու շրջանից  Կաղարծի, Պառավաթումբ, Մուշկապատ, Հաղորտի գյուղերն ու  Մարտունի քաղաքը,  ու մեծ հաջողություններ ունեցանք այդ գյուղերում: Մարտունին խանդավառությամբ մեզ միացավ: Սեպտեմբերից  միացավ Հադրութի շրջանը` Քյուրաթաղ, Ուխտաձոր, Ակնաղբյուր գյուղերը: Մարտակերտ քաղաքը մտանք, այդտեղ էլ խանդավառությունը բավականին մեծ էր, Քաշաթաղի շրջանից` Բերձորը: 

Մեր կենտրոնը ամենասկզբում նախատեսված էր 900 հոգու համար` համապատասխան համակարգիչներով, տեխնիկայով, սենյակներով և այլն: Այս պահի դրությամբ պատրաստ ենք ընդունել 1300 ուսանողի: Մեզ հաջողվեց նաև  2  վարժարանների հետ  պայմանագրեր կնքել և իրենց կրթական ծրագրերի մեջ ընդգրկել ՙԹումոն՚` որպես պարտադիր առարկա, ինչպես  Երևանում Վազգեն Սարգսյանի անվան, Խամփերյանցի անվան ռազմաուսումնական հաստատություններն են և  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանը Դիլիջանում, որտեղ ՙԹումոն՚ արդեն կրթական ծրագրի պարտադիր մաս է: Ստեփանակերտի  Ք. Իվանյանի անվան  ռազմամարզական վարժարանի և Շուշիի ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի հետ համագործակցություն սկսեցինք. նրանց  բոլոր ուսանողները հաճախում են մեր կենտրոն: 

ՙԹումոն՚ վստահելի կառույց դարձավ Մշակույթի, ԿԳՍ և էկոնոմիկայի նախարարությունների համար, համագործակցության շնորհիվ կարողացանք նախագծեր իրականացնել. զբոսաշրջության վարչության հետ, որը հիմա Մշակույթի նախարարության մաս է կազմում, Արցախի, Ստեփանակերտի և Շուշիի քարտեզները թարմացրինք` զբոսաշրջիկներին տրամադրելու նպատակով,  Շուշիին նվիրված ցուցահանդես կազմակերպեցինք Մայիսի 9-ի կապակցությամբ, և նույնիսկ ՙՅոնգ Արցախ՚ կայքը ստեղծեցինք, որը գործում է հիմա, Արցախպրեսի հետ միասին իրենց լոգոն թարմացրինք: Ծրագիրը կշարունակենք Կրթության, գիտության և սպորտի ու Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարությունների հետ:  Յոթ տարբեր աշխատարաններ ենք  կազմակերպել, մասնագետներ բերել ու նախագծեր իրականացրել: Չմոռանանք նաև կարևոր մի նախագիծ` կինոուրբաթները:  Լավագույն ֆիլմերի շարք ենք ընտրում և ամեն ուրբաթ ցուցադրում, ու դա մաս է կազմում  մեր ֆիլմերի ստեղծման, որը մեր 14 մասնագիտություններից մեկն է:  Մենք հավատում ենք, որ դրանով կարող ենք  կինոճանաչողությունը, կինոդիտումը, քննարկումները Ստեփանակերտում աշխուժացնել: 

Մենք 2017-ին  նաև նախագծեր իրականացրինք միջազգային մեր ընկերների հետ: Առաջինն ուզում եմ նշել   Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնվող միօրյա հայկական ՙՕհանեսյան՚ վարժարանը, որը մեզ առաջին պատվերը տվեց  դրսից: Մեր երեխաներն իրենց աշխատարանների միջոցով իրականացրին հայոց պատմության ժամանակագրությունը  արևմտահայերենով  այդ դպրոցի սաների համար:  Բացի դրանից, հետաքրքիր է նաև այն,  որ Արցախի երեխաներն են իրենց սփյուռքահայ  հասակակիցներին օգնում: Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սկսեցինք համագործակցել` կապված աշակերտության շրջանում Զապել Եսայանի անվան մրցույթի կազմակերպման հետ: Մեր գործընկերները շատացան քանակով և նաև իրենց բնույթով, ինչը շատ ողջունելի է, որովհետև կարողանում ենք  իրականացնել ի սկզբանե դրված մեր խնդիրը`  կապվել ոչ  միայն արցախյան կամ հայաստանյան իրականության, այլև աշխարհի հետ: 

Անցած երկու տարում 20,  իսկ  երեք տարվա ընթացքում` 27 աշխատարան ենք ունեցել: Մենք ունեցել ենք Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Սիրիայից, Լիբանանից, Ճապոնիայից, Սերբիայից մասնագետներ: Նաև Հայաստանից հետաքրքիր անձնավորություններ են  հրավիրվել: Ես  ուզում եմ չմոռանանք նաև մեր մշտական դասընթացավարներին, որոնք 4 շաբաթը մեկ Երևանից  ժամանում են այստեղ մեկ  ամսով, չորս շաբաթը մեկ չորս պրոֆեսիոնալ ենք բերում  Երևանից  ու ՀՀ շրջաններից։ Դա  նպաստում է նաև փոխճանաչողությանը: Մեր անձնակազմը համալրվեց, դա էլ հետաքրքիր է, երկու տարվա ընթացքում եռապատկեցինք մեր անձնակազմի թվաքանակը (ինձնից բացի բոլորն այստեղից են): 

- Ձեր մաղթանքը:  

-Նախ` խաղաղություն, որովհետև դա առաջին նախապայմանն է ամեն ինչի, ես ինքս էլ անձամբ զգացի` ինչպես է դա ազդում, ու ինչքան մենք դրա կարիքը ունենք: Հուսով եմ` Ամանորի և Ծննդյան տոներին լավ հանգստացել են,  որպեսզի թարմ ուժերով, նոր գաղափարներով լծվենք աշխատանքի, ու բոլորս էլ մեր փոքր ներդրումն անենք: Արցախին, ՙԹումո՚-ին, մեր եկող սերնդին: Սերունդ ենք պատրաստում, մեկնակետը  երեխան է, և մի րոպե անգամ իրավունք չունենք վատնելու, պետք է ջանք չխնայենք, որ նրան ճիշտ  ուղղորդենք:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ