[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԻՔԸ

Հունվարի 17-21-ը Մադրիդում կայացած  ՙՖիտուր-2018՚ ամենամյա զբոսաշրջային 38-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվել էր նաև Արցախի զբոսաշրջային ներուժը։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պատվիրակությունը Հայաստանի հետ միասնական տաղավարում այցելուներին ներկայացրել է  Արցախի գրավչությունները։

 Ի շարս այլ միջոցառումների՝ ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել է նաև արցախյան գինու համտես, զուգընթաց Արցախի պատվիրակներն այցելուներին տեղեկացրել են  արցախյան գինեգործության ավանդույթների և գինու ուղիների մասին։

Գինու համտեսն առանձնակի տպավորություն է թողել այցելուների վրա, քանի որ վերջիններս հնարավորություն ունեցան համտեսել բացառիկ` Խնդողնի տեսակի բարձրորակ գինի: Նրանց կողմից հավանության է արժանացել նաև արցախյան նռան գինին, և պետք է ասել, որ այցելուները հաճելիորեն զարմացած էին, որ մեր երկիրը գինեգործության նման բարձր մշակույթ ունի, նշել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը։ 

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Արցախի մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին և նման դրական արձագանքը մեր հարևան երկրում բարձրացրել են ջղաձգությունների ալիքը,  ու չնայած Ադրբեջանի ջանքերին՝ խոչընդոտել մեր պատվիրակության աշխատանքներին, այդուհանդերձ, հաջողվեց Արցախը հավուր պատշաճի ներկայացնել  զբոսաշրջային ասպարեզում։

Հ.Գ. ՙՖԻՏՈՒՐ- 2018՚-ը Եվրոպայում կազմակերպվող նմանատիպ խոշոր ցուցահանդեսներից է։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է  ավելի քան 10000 ընկերություն 165 երկրներից, իսկ այցելուների թիվը կազմել է մոտ 140000, ինչը ռեկորդային է նախորդ տարիների համեմատ։

Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ