[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, կամ` ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Իմ անդրադարձը Վարդան Հակոբյանի գրականությանը տևական ընթացք ունեցավ և, կարելի է ասել, որ շարունակվեց անընդմեջ արձագանքներով` երկխոսություն, նամականի, զրույցներ և ամենակարևորը` նրա պոեզիայի քննական վերլուծությունը։

 Հակոբյանի ստեղծագործական երևումները գրեթե ընդհատում չունեն։

Պատահականություն չպետք է վերագրել այն փաստին, որ Վարդան Հակոբյանի բանատողերում մշտապես խոսում է բանականության հանճարը` էլիտար ընկալչությանը հուշելով տիեզերական ինչուների առեղծվածը։ Եվ, սակայն, էականը բնաշխարհի գենետիկան է։ Վարդան Հակոբյանի պոեզիան արցախյան ոգու տիեզերական արձագանքն է։ Դարերի լռությունից խոսում է բանահյուսական Արցախը` անտառների, ձորերի, աղբյուրների, լեռների, որոտների, անձրևի ու կայծակների հավերժական անդարձությունը սուզելով կյանքի ու մահվան նույնարժեք առասպելի անվերջությանը։ Պետք է ասել, որ Վարդան Հակոբյանը բացառիկ գրավչությամբ է պատկերել արցախյան ոգու կանչը մարդկանց գիտակցական ու կենսաբանական զգացողություններում։

Բանաստեղծը բնության և սիրո արանքում է, բնությունն իր հեքիաթներն է շռայլում, սերը շնչավորում է բնությունը, և պոետը թարգմանում է այն բանաստեղծությամբ. ՙԹութանհամոնի արձակած//նետը բռնում եմ օդում//տնկում ավազներում// եգիպտական անապատի//և նա դալարում է//ցողունի վրա մի վարդ//ճիշտ քո շուրթերով//դու մտածե՞լ ես ինչպես է ցավը//վարդի կոկոնում փոխվում նեկտարի//՚։

Սերը Վարդան Հակոբյանի պոեզիայի լեյտմոտիվն է։ Բայց դա որոշ իմաստով անսովոր սեր է, ոչ այնքան զգացմունքային, որքան խոհափիլիսոփայական։ Նա ինքն է վերստեղծում սերը` տիեզերականի և ներանձնականի նախակերտ արարչությունից։ Միանգամայն ինքնատիպ է Վարդան Հակոբյանի սիրերգությունը։ Ո՜չ պլատոնական է, ո՜չ ռոմանտիկական և ո՜ չ էլ, առավել ևս, կիերկեգորյան-էկզիստենցիալ։ Այն Կանտի էթիկայով իմաստավորված դասական սեր է, որի իդեալը գեղեցիկն է։ ՙԵս ոչ թե սիրում եմ նրան, ով գեղեցիկ է, այլ նա է գեղեցիկ, ում ես սիրում եմ՚։ Սերը տիեզերական կեցություն է, որի մեջ բեկվում են զգացմունքը, գաղափարը և գոյության իդեալը։ 

Վարդան Հակոբյանի գրիչը հակում չունի հռետորական ուղղագիծ շեշտադրումների։ 

Նա էականորեն սրբագրել է բանաստեղծության մորֆոլոգիան։ Բանատողերը զտել է զգացմունքի զեղումներից` առավել տեսանելի դարձնելու իրերի բնույթի փիլիսոփայական նոմինալիզմը։ Ուրեմն` բանաստեղծությունը անկրկնելին է։

Չեմ հիշում որևէ այլ բանաստեղծի, որի մտավոր թափառումները տիեզերական հեռուներում լինեին այնքան սևեռուն ու ներանձնական։ Թերևս միայն Բայրոնը` բացարձակ ակնածանքով նրա հանճարի հանդեպ։ Իր հոգու ապաստանը հեռուն է, և այդ անսովոր հեռուներում նա գտնում է տիեզերքի միակ հենման կետը։ Այստեղից տեսանելի է աշխարհի կոսմետիկ պատկերը, ու թեև հենման կետում կանգ է առնում ժամանակը, բայց մտքի որոնումները ձգվում են բոլոր ուղղություններով` գտնելու ճշմարտության աներևույթ արահետը։ Եվ քանի որ տիեզերքը չի կարգավորված տրամաբանության օրենքներով, իսկ պահի խորհրդատուն ճանապարհն է, ուստի միակ ուղեցույցը փիլիսոփայությունն է, որ ետընթաց չունի։

Հեռացումի ու մոռացումի հոռետեսական մրմունջներում բանաստեղծը չի փոշիացնում իր ՙես՚-ը։ Ավելին, ներքին մի անձայն հավատով ակնարկում է, թե ՙմի պոետ անճառ խոսքերով ուզում է աշխարհը փրկել՚ անկումից։ Բանաստեղծությունների ՙԸնտրանիում՚ մի ամբողջ մոտիվ է գծում պոետի բացառիկության կեցվածքը` իր բացառիկ սերը, իր բացառիկ երգը, իր բացառիկ բառը, բանաստեղծության իր բացառիկ հանգը. ՙԵս բառը գրում եմ բոլորի նման//և մյուսներից տարբեր եմ այնքանով//որքանով ոչ մեկն ինձ նման չի գրում՚։

Ստեղծագործական փորձի ավանդույթին պիտի վերագրել Վարդան Հակոբյանի դիտարկումը, թե` ՙժանրային ձևերը հնացել են, դարձել են պարզապես անհամատեղելի ժամանակի սրընթաց վազքի հետ՚։ Նա, որ տասնյակ պոեմներ է ձևաբանել ժանրային այլևայլ տարբերակներով (քնարական, քնարա-էպիկական, ավանդապատում, պատմական և այլն), սույն հատորում պոեմների շարք է զետեղել, որոնց կառույցները, իմ ըմբռնմամբ, նմանակը չունեն և ոչ միայն հայոց, այլև համաշխարհային գրականության մեջ։ 

Անհանգրվան տագնապները հուսադրվում են ազատաբաղձ թռչունների գուշակությամբ, թե մեզ համար գալու են նոր պահեր և ՙմեր Արարատը էլի է բարձրանալու...՚, ու թեև վստահություն են ներշնչում մեր դպիրները` հանճարեղ ու անունները լուսաշող, բայց բանաստեղծն այն ճանապարհին է, որի սկիզբը վերջից է սկսվում, ուստի ժամանակավորի ու հավիտենականի նրա մտորումները մշտապես տոգորվում են անցողիկության հոգեմաշ թախիծով։ Բայց դա ավարտ չէ տակավին։ Գուցե կամ, թերևս, շարունակություն ունի Վարդան Հակոբյանի ասույթների այս մատյանը, քանզի նրա տաղանդը հակում ունի ընդգրկելու անընդգրկելին։

Բանաստեղծությունը և փիլիսոփայությունը դառնում են համարժեք։ Սա նոր գեղագիտություն է։ Այստեղ է, որ Վարդան Հակոբյանը գերազանցում է ոչ միայն ինքն իրեն, այլև` արդի բանաստեղծության գեղարվեստական չափանիշները։ Իր հայտնությամբ նա ընդլայնեց մեր պոեզիայի աշխարհայացքը թե՜ իբրև ձևույթ և թե՜ որպես հոգեզգացական խոհերգություն, հայրենի եզերքի ռոմանտիկական էկզոտիկայի նոստալգիան համահնչելով գոյի և անգոյի համամարդկային հղումներին։ 

 Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս