[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ, ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է

Փետրվարի 3-ին աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այցի շրջանակներում երկու հանրապետությունների մշակութային գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության  հուշագիր: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`  հուշագիրը շատ գործնական տարրեր է պարունակում, մասնավորապես` կոնկրետ գործողությունների ծրագիր, որի արդյունքում  ՙկկարողանանք աշխարհին ներկայանալ մեր իրական մշակութային դիմագծով, հերոսական ներկայի ու նաև ապագայի հանդեպ մեր պատկերացումներով՚:  Ըստ ՀՀ նախարարի` 2018 թվականը հայաստանյան և արցախյան մշակութային կյանքում լինելու է բեկումնային և դառնալու է  մեր միասնականության երազանքի իրականացման տարի: 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով` Արցախի մշակույթը հայկական մշակույթի մի հատվածն է,  և այսուհետև ևս կաշխատեն որպես մեկ միասնական մշակույթի բաղադրամասեր: Նա տեղեկացրեց, որ հուշագրով նախանշվել են անելիքները հրատապ հարցերի շուրջ, մասնավորապես` միասնաբար որոշել են, որ Արցախի պետական թատրոնի շենքի հիմնանորգումը  առաջնահերթ խնդիրներից  է:  Ս. Շահվերդյանը վստահեցրել է, որ դրա արդյունքը շոշափելի կլինի տեսանելի ապագայում: Ըստ նրա` երկու հանրապետությունների մշակույթի նախարարությունների փոխհարաբերությունները շատ ավելի արդյունավետ կդառնան հուշարձանների պահպանության ոլորտում: ՙՄենք միասնական ջանքերով կփորձենք հուշարձանների վերականգնման բնագավառը բարձրացնել մեկ մակարդակով ավելի, քան եղել է՚,-ասաց նա:

Հուշագրի ստորագրումից հետո նախարարները ճեպազրույց տվեցին լրագրողներին: 

Նախորդ տարում սկսված ՙՄշակութային կանգառ՚ ծրագիրը կշարունակվի՞ և ի՞նչ արդյունքներ է այն գրանցել հարցին Ա. Ամիրյանը պատասխանեց, որ դա իրենց կարևորագույն նախաձեռնությունն էր: Նախադեպը չունեցող այդ ծրագրով տարվա ընթացքում իրականացրել են 426 մշակութային միջոցառում ՀՀ հեռավոր մարզերում, շրջաններում,  գյուղերում, այդ թվում` Արցախում: Դրանց գումարվեցին  200 կինոդիտումները: Ցավոք, Արցախում չհասցրին որևէ կինոդիտում կազմակերպել, բայց  այս տարի կիրականացնեն, մանավանդ որ  ստորագրված հուշագրում նախատեսված է կազմակերպել բացօթյա կինոդիտումներ: ՀՀ նախարարի գնահատմամբ` ՙՄշակութային կանգառ՚-ները  հեռավոր գյուղերում իմաստավորեցին լքված դահլիճները, դրանք լցվեցին բովանդակությամբ, և այդ բովանդակությունն էր, որ մարդկանց ստիպեց ավելի լուրջ վերաբերվել մշակույթի  օջախներին: Նա տեղեկացրեց, որ այսօր  արդեն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից  գործարարներ պատրաստականություն են հայտնել ներդրումներ անել այդ շենքերը վերանորոգելու համար: Դա ամենակարևոր ձեռքբերումն է: Ա. Ամիրյանը նաև ասաց, որ ի դերև են եղել այն մարդկանց կասկածները, որոնք, երբ կազմակերպվում էր ՙՄշակութային կանգառ՚-ը, փորձում էին իրեն համոզել, թե դասական  երաժշտությունը հեռավոր գյուղերում չի ընդունվի: Սակայն փաստերը, երբ   ձմռանը ցուրտ դահլիճում մարդիկ վերարկուներով, գլխարկներով  կանգնած ունկնդրում էին Կոմիտասի քառյակի համերգը, այլ բանի մասին էին խոսում. մեր ժողովուրդը  կարոտ  է իրական մշակույթի:

Ա. Ամիրյանը նաև տեղեկացրեց, որ ՙՄշակութային կանգառ՚-ները կշարունակվեն: Այդ նպատակով փնտրում են հովանավորներ: Անցյալ տարի  ՙՓյունիկ՚ հիմնադրամն էր հովանավորել: Այս տարի թեպետ բյուջետային միջոցների հաշվին նախորդ տարվա 50 տոկոսի չափով են  նախատեսել, ծրագիրն իրականացնելու են` հովանավորներ լինեն, թե չլինեն, որովհետև  դա շատ լավ արդյունք է տալիս: Բացի դրանից, ինչպես նաև  փոխգործակցության հուշագրում է ամրագրված,  նախատեսել են հայաստանյան մշակութային խմբերի այցելություններ դեպի Արցախ և Արցախի մշակութային խմբերի շրջագայություններ Հայաստանում, ինչպես նաև արտասահմանյան շրջագայությունների մեջ ներառել արցախյան մշակույթի գործիչներին:

Ա. Ամիրյանը մի քանի ծրագրերի մասին ևս բարձրաձայնեց: Ամռանը Հայաստանում և Արցախում  կանցկացնեն  գորգարվեստի փառատոն, որին կարող են մասնակցել ինչպես  գորգագործական ընկերություններ, այնպես էլ անհատ գորգագործներ: Մայիսյան տոներին ընդառաջ  նախատեսվում է համահայկական սիմֆոնիկ նվագախմբի համերգը Ստեփանակերտում: Անցյալ տարի նվագախումբը Երևանում նշեց Ցեղասպանության  զոհերի հիշատակը: Իսկ այս տարի այն  ազդարարելու է մայիսյան հերոսամարտերի հաղթանակի մասին: Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի մեջ ներգրավված են 40  երկրներից  երաժիշտներ. հրաշալի այդ աստղաբույլը համերգներ է տալու Երևանում և Արցախում: 

Ա. Ամիրյանի տեղեկացմամբ` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականով  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հետ համատեղ պիտի մտածեն Ստեփանակերտի թատրոնի շենքի վերանորոգման համար բարերարներ գտնելու, դրամահավաք կազմակերպելու ծրագրի մասին: Մասնավորապես,  հայաստանյան բոլոր թատրոնները, համերգասրահները գոնե մեկ օր  կամ որևէ ձևաչափով կհայտարարեն բարեգործական միջոցառումներ, և վաստակած գումարը կուղղեն այն հիմնադրամ, որը զբաղվելու է թատրոնի շենքի նորոգմամբ: Մտադիր են  նաև միջազգային դրամահավաք կազմակերպել` օգտագործելով  Սփյուռքի մեր բարեկամների և  մշակույթին աջակից մարդկանց: 

Ս. Շահվերդյանն իր հերթին ավելացրեց, որ 2018-ը նշանավորվելու է հիշարժան տարեթվերով` Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30, Հայաստանի 1-ին հանրապետության, Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակներով: Արցախը հայ ժողովրդի բաղկացուցիչ մասն է, և տոնական միջոցառումներով  նշվելու են ոչ միայն Շարժման 30-ամյակը, այլև մյուս պանծալի տոները: 

Ի հավելումն ասվածի` Ա. Ամիրյանը գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացման մեկ այլ ծրագիր էլ նշեց. այն կոչվում է  ՙԱրար՚: Սրա էությունը հետևյալն է. հեռավոր գյուղերում մշակութային մասնագիտություն ունեցող մարդկանց հետ  պայմանագիր են կնքում` վճարելով ամսական գումար որպես աշխատավարձ, որպեսզի նրանք ստեղծեն մշակութային միավոր`  թատերական խումբ, երգչախումբ, պարախումբ, գորգագործության, ժանյակագործության, լուսանկարչական և այլ խմբեր: Հայաստանում, ըստ Ա. Ամիրյանի, 14-15 հեռավոր գյուղերում  այդ ծրագրով արդեն ունեն շուրջ 200 շահառուներ: Նա վստահ է, որ այս ծրագիրը կհասնի նաև Արցախ, և այստեղ էլ կգտնվեն մարդիկ, որոնց միջոցով կկազմակերպվեն մշակութային կոլեկտիվներ, որոնք տարվա ընթացքում ՙՄշակութային կանգառ՚-ի շրջանակներում փոխայցելություններ կկատարեն: Առիթից օգտվելով` Ա. Ամիրյանը կոչ արեց. եթե Արցախի հեռավոր գյուղերում կան  մարդիկ, ովքեր ունեն նման ցանկություն, կարող են դիմել Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության կամ ՀՀ մշակույթի նախարարություններին` ՙԱրար՚ ծրագրում ընդգրկվելու համար: 

Ըստ Ա. Ամիրյանի` այս ծրագիրը նպաստել է մի շարք գյուղերում արտագաղթի նվազմանը: 

Ս. Շահվերդյանն էլ տեղեկացրեց. ՙՄենք 2018-ը  հայտարարել ենք մշակույթը  հեռավոր գյուղերին մերձեցնելու տարի՚: Դրա լավագույն դրսևորումներից մեկը, ըստ նրա, արվեստի դպրոցներն են` իրենց մասնաճյուղերով:  Նրա խոսքով`  այդ ուղղությամբ  նախորդ տարի ևս  աշխատանքներ են իրականացվել: Ավելի հաճախակի կդարձնեն  ստեղծագործական կոլեկտիվների այցելությունները շրջաններ, որպեսզի  մշակույթը  հասանելի լինի ոչ միայն քաղաքաբնակներին, այլև առավել շատ` գյուղերում ապրողներին:

ՙԴրա համար էլ մենք միասնաբար պետք է աշխուժացնենք մշակութային կյանքը, որպեսզի երաժիշտը, արտիստը,  նկարիչը, քանդակագործն իր հայրենի հողի մեջ մխրճվի, կարողանա ստեղծագործել, իր վաղվա օրը կապի հայրենիքի հետ՚,-շարունակեց ՀՀ նախարարը` լավատես լինելով այս հարցում, ինչի հիմքն  այն հսկայական մշակութային ներուժն է,  որ գոյություն ունի Արցախում և Հայաստանում, որը կարող է  ինքնարտահայտվելու հսկայական ծավալներ գրավել և  աշխարհին  նոր հորիզոններ ու  էջեր բացահայտել: ՙԱմեն ինչ դեռ առջևում է՚,-լավատեսություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարը` փոխանցելով Հայաստանի մշակույթի գործիչների սերը, ջերմությունը, ցանկությունները  ավելի միասնաբար աշխատելու Արցախի իրենց գործընկերների հետ: Եթե կա լավ գաղափար, հայրենիքի զարգացմանը միտված լավ ծրագիր, ֆինանսներ էլ կգտնվեն դրանց իրականացման համար, վստահ է ՀՀ նախարարը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ