[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ` ՄԵՐ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ

Նվիրված Մայրենիի օրվան

 Փետրվարի 19-ին Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան և Արցախյան շարժման 30-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը, տեսչության մասնագետներ, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ուսուցիչներ, աշակերտներ։

Ողջունելով ներկաներին՝ հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ Անահիտ Մարտիրոսյանը նշեց.

-Լեզուն մեր գոյության, մեր լինելության հիմքն է։ Այն մեր սրբության սրբոցն է, մեր գոյատևման երաշխավորը։ Մեր լեզուն մեր Հայրենիքն է, իսկ առանց Հայրենիքի մարդ պարզապես ոչինչ է։ Սիրենք մեր Հայրենիքը և անաղարտ պահենք մեր մայրենին։ Աչքի լույսի պես պահպանենք այն, մտածենք, գրենք, խոսենք և երգենք հայերեն։ 

Դպրոցականները վառվող մոմերով մտան դահլիճ և հարգանքի տուրք մատուցեցին հայոց գրերին, պատմեցին, թե երբ ծնվեցին և դարերի խորքից ինչպես մեզ հասան մեսրոպատառ գրերը։ Ապա բեմադրեցին փոքրիկ ներկայացում այն մասին, թե ինչպես է Մեծն Մաշտոցը Վռամշապուհ արքայի հովանու ներքո ստեղծել հայոց գրերը։

Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով։ Գիտակցելով, թե ինչպիսի դժվարությամբ են ստեղծվել հայոց գրերը՝ երեխաները հասկանում էին, որ մայրենիի խնամքը, նրա մաքրությունն ու պաշտպանությունը դրված են իրենց վրա, և երդվեցին միշտ անաղարտ պահել  այն:

Աղջիկների նաիրյան հեզաճկուն պարը ջերմ տրամադրություն հաղորդեց ներկաներին, իսկ խրոխտ և հայրենասիրական պարերը միանգամայն հպարտությամբ համակեցին բոլորին։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ներկա սերունդն իր հայրերի ու պապերի արժանի հերթափոխն է։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին։ Դպրոցականները երդվում էին բարձր պահել այն կերտողների անունները, լինել այս ազատ ու անկախ երկրի տերը: 

Իսկ ապրիլյան պատերազմի հերոս Օնիկ Գրիգորյանի որդի Հովիկը մի առանձին հպարտությամբ երդվում է միշտ բարձր պահել հայրիկի անունը։ 

Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և աշակերտներին, շեշտեց.

-Այս օրերին բոլոր հայկական կրթօջախներում կազմակերպվում են Մայրենիին նվիրված օրեր։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է գնահատի մեր լեզուն և արժևորի նրա դերը։ Այսօր մենք կարողացանք ըմբոշխնել այս փոքրիկների ասմունքը, երգը, հիացանք նրանց հեզաճկուն պարով։ Մեզ համար հաճելի էր մասնակցել մի միջոցառման, որը կազմակերպվել էր թշնամուց ազատագրված հողում, որի տերը մեր երեխաներն են։ Մենք վերստին համոզվեցինք, որ անտեղի չի թափվել մեր զոհերի արյունը, նրանք ունեն արժանի հետևորդ, և փաստ է, որ այս սերունդը միշտ բարձր է պահելու նրանց պատիվը։

Առհավատչյան օրվա միջոցառումն էր, որը լեցուն էր  հարգանքով առ Մայրենին, Հավատն ու Հայրենիքը... 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան