Logo
Print this page

ԿՏԱՎՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ստեփանակերտի ՙԱրմատներ՚ կենսակենտրոնի գործունեության ուղղություններից մեկն  արվեստագետներին, երիտասարդներին, տարբեր հնարավորությունների տեր անձանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելն է: Հենց այդպիսի բովանդակալից մի հանդիպում էլ տեղի ունեցավ փետրվարի 16-ին: Երեկոյի հերոսուհին երիտասարդ նկարչուհի, ԱՀ նկարիչների միության անդամ Զարինե Բաբայանն էր: 

 Նրա նկարների ցուցահանդես-վաճառքը սպասված էր շատերի համար: Ի դեպ, ամեն մի նկար ունի իր ստեղծման նախապատմությունը: 

Կտավների անուններն իսկ հուշում են իրենց բովանդակության ու ասելիքի մասին` ՙՍպասում՚, ՙԿրկես՚, ՙԴիմանկար՚, ՙՇողոքորթը՚, ՙՄուրացկանը՚, ՙՆավահանգիստ՚, ՙԶբոսանք՚...

ՙՀրեշտակը քաղաքի վրա՚ նկարը ստեղծվել է, երբ նկարիչը սպիտակ կտավին հրեշտակի կերպարանք է տեսել, իսկ ՙՆավահանգիստ՚-ն արվել է կյանքի մի դժվարին ժամանակահատվածում, երբ թվում էր` հույսը մարել է` նավահանգիստ է: Բայց, այդ ամենով հանդերձ, պետք է առաջ շարժվել և չհուսահատվել:

Իր էներգետիկայով առանձնանում է ՙԳիշերային մեղեդի՚ կտավը: Կինը` կիթառ նվագելիս, լիալուսինը և շների ՙհաչոցը՚ միախառնվում են և, կարծես, նրանց ձայները լսվում են նկարից այսկողմ. միահյուսված գիշերային մեղեդի: 

Ակրիլով և յուղաներկով արված այս նկարները հիմնականում մուգ գույների մեջ են, բայց այդ հանգամանքը դիտորդին չի խանգարում տեսնել նրանց ողջ հմայքը, ՙլուսավոր թախիծը՚: 

Բացի առօրեական, կենցաղային լինելուց, երիտասարդ նկարչուհու կտավներում ներկայացված են կյանքի այնպիսի դրվագներ, որոնք ստեղծում են երջանիկ պահեր:

Ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև ապրիլ ամսվա կեսերը: 

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.