[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐԵՆՔ ԳԻՐՔԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում փետրվարի 19-ին տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Ներկա էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը:

 Ամեն տարի այս տոնի առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ընթերցումներ: Եվ, իհարկե, յուրաքանչյուրը կարող է անակնկալ մատուցել հարազատ մարդուն` գրքեր նվիրել: Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր: Պետք է նշել, որ ամեն տարի նկատելիորեն ավելանում է հետաքրքրությունը տոնի նկատմամբ: Գրադարանում տեղի ունեցածը դրա վառ վկայությունն էր:

Միջոցառումը վարում էր գրադարանի նվիրյալ ընթերցասեր, ֆիզիկոս, աստղագետ, ճարտարագետ-ծրագրավորող Գայանե Ծատրյանը: Խոսելով մարդու կայացման գործընթացում գրքի ու գրքից ստացած գիտելիքների նշանակության, ընթերցանության անհրաժեշտության մասին, Գայանեն պարբերաբար ամբիոնը տրամադրում էր մյուս բանախոսներին: ԱՀ ԿԳՍՆ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը ոգևորությամբ էր խոսում գրքի ընթերցման և հոգեբանական խնդիրների ներգործման մասին և, դիմելով մատաղ սերնդին, ելույթն ավարտեց կոչով` սիրե՜ք գիրքը: Դպրոցում ուսումնական գործընթացը, արտադպրոցական ժամանցը հետաքրքիր անցկացնելու համատեքստում գրքի կարևորության մասին էր Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան հ. 3 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սվետլանա Առաքելյանի ելույթը: Բանախոսների ելույթները համեմվում էին հայրենասիրական և հայկական ժողովրդական երգերով, որոնք գեղեցիկ կատարեցին ՙՎելանս՚ խմբի երգչուհիները: Միջոցառմանը երգով ու ասմունքով մի առանձին շունչ հաղորդեցին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը: Այնուհետև էստաֆետը փոխանցվեց Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանի փոքրիկ ընթերցասերներին: Մեծ սիրով ու ոգևորությամբ նրանք ասմունքեցին Թումանյանի բանաստեղծություններից, խաղացին ՙՇունն ու կատուն՚ ներկայացումը և կարողացան աշխուժություն հաղորդել դահլիճին, տրամադրություն բարձրացնել:

Միջոցառման ավարտին  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը գրքեր տրամադրեց հանրապետական և մանկական գրադարաններին: Գրադարանի աշխատակիցներն էլ իրենց հերթին այդ գրքերը նվիրեցին միջոցառման մասնակիցներին: Նվիրված գրքերից էին Վերժինե Սվազլյանի ՙՀայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները՚ գրքի հայերեն և օտար լեզուներով թարգմանված տարբերակները, որոնցով հետաքրքրվեցին հասուն տարիքի մարդիկ և անչափ ուրախացան նման գիրք նվեր ստանալու համար: Փոխնախարար Գ. Գրիգորյանը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց Վ. Սվազլյանին այդ մեծարժեք  գրքերը նախարարությանը տրամադրելու համար: Նա իր գոհունակությունը հայտնեց թե՜ հանրապետական և թե՜ մանկական գրադարաններին` միջոցառումը հաջող անցկացնելու համար, և ցանկություն` հաջորդ անգամ ավելի անմիջական մթնոլորտում, ավելի աշխույժ անցկացնել ընթերցողի հետ նման հանդիպումները:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ