[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽ-ՖՐԱՆՍԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ

Մարտի 2-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե  Աղաբալյանն ընդունել է Ֆրանսիայի Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեի  գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիական քաղաքի հետ բարեկամությունը սկիզբ է առել 2014 թվականի նոյեմբերի 19-ից, երբ Ն. Աղաբալյանը մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարի կարգավիճակում Ֆրանսիա կատարած այցի ընթացքում  Բարեկամության հռչակագիր է ստորագրել Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեի հետ, ըստ որի` Ասկերանը և Բուկ-Բել-Էրը հռչակվել են քույր քաղաքներ: Հռչակագիրը ողջունել է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և աններելի  համարել Արցախի ժողովրդի մեկուսացումը: Այն  նպատակ ունի ամրապնդել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և  համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում: 

ԿԳՍ նախարարությունում հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: Ն.Աղաբալյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ նոր կարգավիճակում` որպես կրթության, գիտության և սպորտի նախարար, ավելի լայն հնարավորություններ կան  համաձայնագիրը կյանքի կոչելու: 

Ռիշար Մալիեն տեղեկացրեց, որ այցելության նպատակն է համագործակցության փաստաթղթային  փուլից անցնել կոնկրետ գործողությունների: Ասկերանում տեղի իշխանությունների հետ  քննարկել են այն ամենը, ինչով կարող են օգտակար լինել քաղաքին.  խորհրդատվություն, փորձի փոխանակում, գիտելիքների  փոխանցում գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության մյուս ճյուղերի վերաբերյալ: Որպես սկիզբ`  Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի համար հյուրերը բերել են տարբեր սարքավորումներ, այդ թվում` գերժամանակակից ինտերակտիվ գրատախտակ, որի նմանը չկա անգամ Հայաստանում: Այն թույլ է տալիս անմիջապես  մուտք գործել համացանց և  այցելել, օրինակ, Լուվրի թանգարան, նշեց Բուկ-Բել-Էրի քաղաքապետը`  հավելելով, որ պատրաստվում են 30 դասարանի համար էլ ուղարկել նոր տեսակի գրատախտակներ: 

Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով  նվերների համար,  ասաց, որ դրանք շատ պահանջված են  Արցախի կրթական համակարգում, քանի որ  կանգնած են  դպրոցներում  ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և  տեղեկատվական նոր միջոցներ ներդնելու խնդրի առջև: Նրա խոսքով` փաստաթղթից գործնական համագործակցության անցնելու համար կան բավարար  նախադրյալներ: Պատվիրակության քառօրյա այցի ընթացքում կհստակեցվեն կոնկրետ քայլեր: Նախարարի կարծիքով` կարելի է շատ լավ համագործակցել մասնագիտացված  դպրոցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի  հիմնական դպրոցն ավարտած  մեր աշակերտները հնարավորություն ունենան  նախնական մասնագիտական  կրթություն  ստանալ համապատասխան հաստատություններում`  գյուղատնտեսության, սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և,  ընդհանրապես, Արցախի տնտեսության համար  առաջնային այն ճյուղերում, որտեղ ֆրանսիացի բարեկամները կարող են կիսվել իրենց փորձով:

Ն. Աղաբալյանը պատվիրակության անդամներին տեղեկացրեց, որ նախնական մասնագիտական կրթության  ասպարեզում Արցախում արդեն կա ֆրանսիական մոդելով լավագույն փորձերից մեկը` ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանը, որի շնորհիվ  շինարարական գծով մասնագիտական  խնդիրներն արդեն  որոշակիորեն լուծում են ստանում: ՙԿուզենայինք համանման կրթական հաստատություններ ունենալ գյուղատնտեսության  և սպասարկման ոլորտների գծով, որի լավագույն փորձը նույնպես ունեք՚,-ցանկություն  հայտնեց նախարարը` մատնանշելով ֆրանսիական լավագույն ավանդույթները ազգային խոհանոցի կիրառման  և գինեգործության արվեստի ուղղությամբ: Ըստ նրա` խոհանոցի մասով այդ աշխատանքները կարելի է իրականացնել Ստեփանակերտում, իսկ գյուղատնտեսության մասով` Ասկերանում: Այդ առնչությամբ նախարարը հյուրերին որոշ մանրամասներ ներկայացրեց Արցախի և, մասնավորապես, Ասկերանի շրջանի` խաղողագործության ոլորտում ժամանակին ունեցած նվաճումների մասին` նշելով, որ այսօր փորձ է արվում վերականգնել ավանդական ճյուղը,  և մատնանշեց գինեգործության  հաջողված փորձերը Հադրութի շրջանում ու Ասկերանում: ԿԳՍ նախարարի նպատակն է դպրոցից երեխաների մոտ  սեր առաջացնել և  նրանց  ուղղորդել դեպի այդ  մասնագիտությունները: 

Բուկ-Բել-Էրի քաղաքապետը գոհունակություն հայտնեց, որ երկու կողմերն էլ նույն տեսակետն ունեն որոշ հարցերի վերաբերյալ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին գյուղատնտեսության  մասնագետներ, որոնք  քառօրյա այցի ընթացում  այցելեցին  հաջողված գինեգործարաններ և իրենց մասնագիտությանն առնչվող մյուս ոլորտները, ուսումնասիրեցին,  կիսվեցին փորձով, հանդես եկան դասախոսություններով:

Հանդիպմանը ներկա ՙՊոլ Էլյուար՚ ֆրանսախոսության տուն-կենտրոնի տնօրեն Նելլի Ավանեսյանը տեղեկատվություն ներկայացրեց կենտրոնում իրականացվող աշխատանքների մասին`  նշելով, որ դրանք հիմնականում կատարվում են նեղ մասնագետների հետ` նրանց  վերապատրաստումը Ֆրանսիայում  իրականացնելու նպատակով: Ն. Աղաբալյանն այս առնչությամբ հավելեց, որ ամեն տարի մարտի 20-ին Արցախում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, իսկ այս տարի կանցկացնեն նաև փառատոն, որին կմասնակցեն բոլոր շրջանները: Նախարարը կարևորեց ֆրանսերենի ուսուցումը  և այս հարցում նույնպես ակնկալեց  բարեկամների աջակցությունը:  Նախատեսվում է լեզվի ուսուցման շարունակականությունը համալսարանում` ֆրանսերենի ուսուցիչներ պատրաստելու համար:  Ընդհանրապես նման կադրերի առկայությունն անհրաժեշտ է համագործակցության ծրագրերն իրականացնելու նպատակով: 

Ֆրանսիացի  բարեկամներին պատմամշակութային մեր ժառանգությունը, հյուրասիրությունը,  արցախցիների սերը  առաջարկելուց  զատ, Ն. Աղաբալյանը նշեց  մի շարք ծրագրեր, որոնք  եթե ոչ Արցախից, ապա Հայաստանից  այսօր արտահանվում են: Հայաստանի ու Արցախի օրինակով ՙԹումո՚ նորագույն տեխնոլոգիաների ստեղծարար կենտրոն է բացվել  Փարիզում: Իսկ Հայաստանի  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաները, որոնք ներդրվում են նաև Արցախի դպրոցներում, պահանջված են մի շարք երկրներում. այսպես, Հնդկաստանը   3000 այդպիսի լաբորատորիաների պահանջարկ է ներկայացրել հայ մասնագետներին:     

Ռիշար Մալիեն տեղեկացրեց, որ այցի ընթացքում նկարահանումներ, ռեպորտաժներ կանեն` Արցախի մասին ֆիլմ պատրաստելու համար` մայիսի 21-24-ը Բուկ-Բել-Էրում և ֆրանսիական այլ քաղաքներում Արցախի օրեր անցկացնելու նպատակով:

Հանդիպման վերջում  Ն. Աղաբալյանը և Ռիշար Մալիեն նվերներ փոխանակեցին:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ