[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՎԱՆԻ ԽՄԲԱՎԱՐՆ ՈՒ ՇՎԻԱՀԱՐԸ ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ -50

ՙՎարանդա՚ երգչախումբը ամեն տարի  հանդես է գալիս նոր երգացանկով: Ամեն տարի երգչախմբի համար ստեղծվում են տասնյակ նոր երգեր:

ՙԴա մշակութային դաշտում կարևոր իրողություն է,- ասում է Շուշիի պատվավոր քաղաքացի, խմբավար Զաքար Քեշիշյանը,- նոր երգերով է ՙՎարանդան՚ ողջունում Արցախի արվեստասեր հանդիսատեսներին: Արցախը մշտապես ապրում է մշակութային նորույթի ոգեղեն հմայքով՚:

Արցախը մշակութային դաշտում իր ներդրումն ունի նաև Շուշիի մանկապատանեկան և երիտասարդական երգչախումբը, որը 1992թ. հիմնադրել և ղեկավարում է այնճարցի խմբավար և շվիահար Զաքար Քեշիշյանը: ՙԲնակվում եմ Լիբանանում, ապրում` Շուշիում՚: Սա նրա հավատամքն է:

 Զ. Քեշիշյանը  ծնվել է 1968թ. փետրվարի 15-ին, Լիբանանի Այնճար գյուղում: Երաժշտական բարձրագույն ուսումը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1988-91-ին վերականգնում և ղեկավարում է ՙԿաքավիկ՚ մանկապատանեկան երգչախումբը: 1992-ին հիմնում է լիբանանահայ ազգային վարժարանների ՙԾիածան՚ երգչախումբը և նվագախումբը: Նույն տարում հիմնադրում է  նաև Շուշիի ՙՎարանդա՚ մանկական, պատանեկան և երիտասարդական երգչախումբը: Իսկ 1997թ. հիմնադրում  և ղեկավարում է Լիբանանի Համազգային ՙԿարկաչ՚ մանկական և  պատանեկան երգչախումբը, 2008-ին` Լիբանանի ՙԱյգ՚ երիտասարդական երգչախումբը և նվագախումբը: Գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսարանի ՙՇնորհալի՚ երգչախմբի:

ՙՎարանդան՚ ծնունդ առավ մի այնպիսի ժամանակ, երբ օր-օրի ավելի էր սաստկանում պատերազմը, ամենուր ռումբեր ու արկեր էին պայթում, իսկ Զաքար Քեշիշյանի որոշումն անսասան էր, վճռական: Ամեն տարի առնվազն երեք ամսով Արցախ է ժամանում ու համերգային թարմ ծրագրերով նոր շունչ ու ոգի հաղորդում երգչախմբին:

ՙՈրտեղի՞ց է սկսվում հայրենիքը՚  ավանդական այս հարցին իր յուրօրինակ պատասխանն է տալիս Զ. Քեշիշյանը. 

ՙՀայրենիքը հույսի ղողանջներով ինձ դիմավորող Շուշին է, այն տունն է, որտեղ հայ գրերն են սերտում մանուկները, այն ճանապարհն է, որ տանում է դեպի Գանձասար: Հայրենիքը կարո՛տ է, որն ինձ միշտ կանչում է ՙՎարանդա՚-ի սաների ոգեշունչ ձայնով՚:

Զաքար Քեշիշյանի խնդիրն է հայ երգն ու երաժշտությունը հնչեցնել Արցախ աշխարհում, Շուշիի բարձունքներով երեխաներին հավատ ներշնչել հաղթանակի, գալիք պայծառ օրերի նկատմամբ:

ՙՎարանդա՚ երգչախումբը ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում: Հայրենի ականավոր բանաստեղծներն ու երգահաններն ավելի քան 200 նոր երգերով հարստացրել են երգչախմբի երգացանկը: Երգչախմբի մասին պատրաստվել է 2 վավերագրական ֆիլմ, իսկ 2004թ. ՙՎարանդա՚-ն ձայնագրել է ՙԲերդաքաղաք՚ խտասալիկը:

ՙԵթե դեռ մոտիկ անցյալում միահամուռ ջանքերով, բազում նահատակներով նվաճեցինք մեր իսկ սեփական տան մեջ տանտեր ճանաչվելու արդար իրավունքը,- ասում է Զաքար Քեշիշյանը,- ապա այսօր այն պահել-պահպանելն ու ամրագրելը մեր ամենօրյա ապրումն ու աշխատանքը պիտի լինի՚:

Որպես խմբավար ու շվիահար Զաքար Քեշիշյանը ելույթներ է ունեցել Հայաստանի, Արցախի, Ավստրալիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի տարբեր քաղաքներում:

2002թ. պարգևատրվել է ԼՂՀ ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով, իսկ 2005թ. արժանացել է ԼՂՀ կառավարության  Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ