Logo
Print this page

ԳԵՂԵՑԻԿԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ, ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Անցած կիրակի մայրաքաղաքի երաժշտասեր հասարակությունը եզակի հնարավորություն ունեցավ ուկնդրելու, ավելի ճիշտ, ըմբոշխնելու դասական երաժշտության գոհարները լավագույն կատարմամբ:

Արցախի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԱՀ ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, և միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ համատեղ համերգային ծրագիր էին պատրաստել: Մարտի 4-ին դաշնակահարն ու նվագախումբը հանդես եկան Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում:

Համերգի առաջին մասում հանդես եկավ Արմեն Բաբախանյանը` կատարելով Բեթհովենի հայտնի ՙԱպասիոնատ՚-ը և ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Ֆրանկի ստեղծագործությունը: Համերգի երկրորդ մասում նվագախումբն ու դաշնակահարը համատեղ կատարեցին Ֆրեդերիկ Շոպենի Առաջին դաշնամուրային կոնցերտը: Դահլիճը հուզված ու ցնցված էր բարձրակարգ կատարումից: Ի պատասխան փայլուն կատարումի` հնչում էին երկարատև և բուռն ծափահարություններ: Հանդիսատեսը բաց չէր թողնում դաշնակահարին: Եվ նա, չնայած հոգնածությանը, կատարեց ևս մեկ ստեղծագործություն` Պիացոլլայի ՙՕբլիվիոն՚-ը, փոքր-ինչ փոխելով մթնոլորտը թեթև ու զգացմունքային մեղեդիներով: 

ՙԱմռանը կոնսերվատորիայում հանդիպեցի Արմենին,- վերհիշում է մաեստրո Մուրադյանը, պատասխանելով մեր այն հարցին` թե ինչպես ծնվեց նման հրաշալի համերգի գաղափարը:- Եվ քանի որ Արմեն Բաբախանյանն ակտիվ գործունեություն է ծավալում Արցախում (տաղանդավոր երեխաներին ընդգրկում է իր նախագծերի մեջ), միտք ծագեց հենց Ստեփանակերտում համատեղ համերգ կազմակերպել: Նա առաջարկը ջերմորեն ընդունեց: Երկու օր առաջ դաշնակահարը վերադարձավ Իսպանիայից և անմիջապես ժամանեց Ստեփանակերտ: Ինքներդ համոզվեցիք, թե ինչպիսի բարձրակարգ մասնագետ է: Նվագախումբը ևս բարձր կատարողական արվեստ ցուցադրեց: Այո, շատ  ներդաշնակ ստացվեց: Անշուշտ, դա գալիս է և՜ վստահությունից, և՜ նյութին տիրապետելուց: Այսօրվա երեկոն անբասիր, քրտնաջան աշխատանքի արդյունք է՚,- անթաքույց հպարտությամբ ասաց Գ. Մուրադյանը:

Համառոտ ներկայացնենք Արմեն Բաբախանյանի անցած ուղին: Սովորել է Երևանի  Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Անահիտ Բոգդանյանի դասարան): Հետագայում ուսումը շարունակել է Կլոդ Ֆրենկի և Վերա Գորնոստաևայի ղեկավարությամբ: 2004թ. հիմնել և ղեկավարում է ՙԿադանս՚ անսամբլը: 2004 թվականի ապրիլին անսամբլի հետ կատարել է իր առաջին շրջագայությունը` ելույթ ունենալով Բուենոս Այրեսի Teatro Colon դահլիճում: Մենահամերգներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, այլ երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել Բիրմինգհեմյան սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Սայմոն Ռաթլի ղեկավարությամբ, Թագավորական ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի թագավորական ազգային, Իռլանդիայի ազգային սիմֆոնիկ, ԱՄՆ ազգային սիմֆոնիկ, Դալասի սիմֆոնիկ, Յուտայի սիմֆոնիկ, Իսրայելի և Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, Յուրի Տեմիրկանովի ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ու Վալերի Գերգիևի գլխավորությամբ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Մասնակցել է Ասպենի, Ինտերլոխենի, Սանտանդերի և Բաալբեքի երաժշտական փառատոներին: Իսպանիայում կայացած՝ Սանտանդերի փառատոնում Դմիտրի Շոստակովիչի Դաշնամուրի կվինտետի նրա կատարումն անվանակարգվել է որպես փառատոնի լավագույն կամերային երաժշտություն:

Եղել է մի շարք միջազգային դաշնամուրային մրցույթների, այդ թվում` Սերգեյ Պրոկոֆևի, Սերգեյ Ռախմանինովի, Գինա Բախաուերի, Մարիա Կալասի անվան դաշնամուրային միջազգային մրցույթների ժյուրիի անդամ:

1999թ. Երևանում հիմնել է ՙՀայաստանի ժառանգություն՚ դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը և վերջինիս գեղարվեստական ղեկավարն է:

Զուգահեռաբար մանկավարժական գործունեություն է իրականացնում: Վարպետության դասեր է տվել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսլանդիայում և ԱՄՆ-ում: 2009-2011թթ. մենահամերգներով և համերգներով հանդես է եկել, նաև վարպետության դասեր է տվել Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իսլանդիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որի դաշնամուրային ֆակուլտետի դեկանն է: 2012-ից իրականացնում է ՙՀայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա՚ նախագիծը, որը ներառում է ավելի քան 60 երկսկավառակների ձայնագրում և թողարկում: Անթոլոգիայում ընդգրկված է հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների մեկուկես դարերի ժառանգությունը: ՀՀ և ԱՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտման և զարգացման նպատակային ծրագրի ղեկավարն է: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 

-Պարոն Բաբախանյան, Դուք որպես մենակատար շատ եք հանդես գալիս ամբողջ աշխարհում: Կատարողական արվեստը առաջնայի՞ն է Ձեզ համար:

-Դաշնամուրային արվեստն ինձ համար մասնագիտություն չէ, այն ինձ համար կյանք է,- խոստովանում է Արմեն Բաբախանյանը:- Պետք է ասեմ, որ այս պահին ինձ համար կարևոր են և՜ կատարողական արվեստը, և՜ դասավանդումը, և՜ մեր տաղանդավոր երիտասարդների հետ կապված նախագիծը: Բացի այն, որ դու ունես մասնագիտություն և կարող ես նվագել, քո մտքերն արտահայտել, մենք ունենք պարտականություն` փոխանցել մեր գիտելիքները, որոնք մենք ստացել ենք մեր մեծերից: 

-Դուք իրականացնում եք ՙՀայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա՚ նախագիծը: Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը Անթոլոգիայում:

-Անթլոգիան սկսվում է մեր արմատներից: Դա Չուխաջյանն է և նրա ժամանակակից այլ կոմպոզիտորներ, մարդիկ, ովքեր սկսել են ստեղծագործել 1853-ից: Դա, միանշանակ, դեռ եվրոպական երաժշտություն է, քանի որ դրա ազդեցությունը մեծ էր: Համենայն դեպս, ինձ համար հետաքրքիր էր սկսել հայազգի կոմպոզիտորներից, որոնք բոլոր դեպքերում հիմք են դրել դաշնամուրային կատարողական արվեստին: Հենց Չուխաջյանից էլ սկսեցինք, հետո` Ստեփան Էլմաս, ով մոտ 1000 դաշնամուրային ստեղծագործություններ է գրել: Եվ այսպես` մինչև մեր ժամանակները: Մոտ 65 երկսկավառակներ պետք է լինեն: Այժմ այդ գործընթացի մեջ ենք, ձայնագրում ենք արդեն 18-երորդը: Նպատակը ողջ հայ դաշնամուրային դպրոցը (որը բավականին մեծ է) ներկայացնելն է` ներառյալ արևմտյան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

-Հայ դասական, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացվո՞ւմ են օտար հանդիսատեսին, գնահատվա՞ծ են օտար երաժշտասեր հասարակության կողմից:

-Օտար երաժիշտների, երաժշտասերների կողմից գնահատվելը լուրջ խնդիր է: Դա կախված է նրանից, արդյո՞ք, մենք կատարում ենք այդ ստեղծագործությունները, թե ոչ: Կան կոլեկտիվներ, որոնց համար դա սկզբունքային քաղաքականություն է, դրսում նրանք միշտ կատարում են հայ հեղինակների գործերը: Կան և կոլեկտիվներ, որոնք քիչ են կատարում: Կարծում եմ, դա սխալ է, որովհետև մենք, առաջին հերթին, հետաքրքիր ենք ոչ միայն մեր կատարողական, այլև ստեղծագործական արվեստով: Բայց երբ որ կատարում ենք, բավականին մեծ հետաքրքրություն է առաջանում: Կան ժամանակակից հայ կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները պահանջված են և կատարվում են աշխարհի տարբեր բեմերում:

-Այսինքն, կատարելու խնդիր կա…

-Ես ձեզ ասեմ, որ հիմա Հայաստանում էլ կա այդ խնդիրը, որը մենք փորձում ենք այս կամ այն եղանակով լուծել: Երևանում վերջերս բավականին շատ փառատոներ, մրցույթներ են կազմակերպվում, որոնց ընթացքում փորձում ենք ոչ միայն նոր հեղինակների, այլև հների անունները վերականգնել: Օրինակ, անցյալ տարի եղել է Հարո Ստեփանյանին նվիրված փառատոն: Եվ ինչն է կարևորը. այդ փառատոներին մասնակցում են կոնսերվատորիայի երիտասարդ ուժերը: Նրանք սովորում են այդ ստեղագործությունները, նվագում են, ուրախանում, որ կան նման գործեր: Համարում եմ դա շատ կարևոր քայլ: Ժամանակակից երաժշտությունը կարիք ունի օգնելու: Հիշենք, Բեթհովենի ստեղծագործությունները ժամանակին դժվարությամբ էին կատարվում, Բախի ստեղծագործությունները 100 տարի անց միայն սկսեցին կատարել: 

-Դուք ղեկավարում եք նաև ՙՀայաստանի ժառանգություն՚ համահայկական միջազգային մրցույթը: Ո՞րն է մրցույթի նպատակը` հայ կատարողական ուժերը միավորե՞լու, թե՞ հայ հեղինակների երաժշտությունը քարոզել, տարածել:

-Գիտեք` և՜ առաջինը, և՜ երկրորդը: Առաջին հերթին, այս նախագծում ինձ հետաքրքրում է կատարողական արվեստը, բայց կատարողական արվեստն առանց հայ կոմպոզիտորի ստեղծագործությունների գոյություն չունի: Եվ մրցույթի բոլոր փուլերում էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը պարտադիր է: Շատ կարևոր էր միացնել այս երկու հանգամանքները: Գիտեմ, թե ստեղծագործական ինչպիսի մեծ ներուժ ունենք դրսում` Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում: Իմ միտքն այն էր, որ փորձեմ միացնել և՜ Հայաստանում, և՜ Սփյուռքում եղած ուժերը: Ասեմ` հանձնաժողովի անդամներն օտարերկրացիներ են: Հրավիրում եմ հայտնի պրոֆեսորների աշխարհի լավագույն երաժշտական հաստատություններից: Շատ կարևոր է ծանոթացնել այն ներուժի հետ, որ ունենք: Նրանք ապշած են մնում, ուղղակի չեն պատկերացնում, որ մենք ունենք այդպիսի ավանդույթներ, որ Հայաստանում կան 124 երաժշտական դպրոց, մի քանի քոլեջ, կոնսերվատորիա: Գիտե՞ք, այս խնդիրը կա ամբողջ աշխարհում: Նոր վերադարձել եմ Իսպանիայից, վարպետության դասեր էի անցկացնում այնտեղ, շփվում իմ կոլեգաների հետ: Իրենց խնդիրները շա՛տ-շատ ավելի մեծ են: Եվ դասական երաժշտությունն ամբողջ աշխարհում պաշտպանության կարիք ունի: 

 

;

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.