ՏՈՆԱԿԱՆ ՕՐ ԾԱՂԿԱՇԱՏՈՒՄ

altԴպրոցը ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև ինչ-որ տեղ՝ մշակութային օջախ: Այս իրողությունը շոշափելիորեն տեսանելի է հատկապես գյուղական համայնքներում: Դրանում մեկ անգամ ևս համոզվեցինք` ներկա  գտնվելով Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում օրերս կազմակերպված միջոցառմանը: 
Առիթը փնջային մեթոդմիավորումն էր: Ինչպես տեղեկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը, շրջանի 33 դպրոցներն ընդգրկված են 8 մեթոդփնջերում, որոնք համակարգված աշխատանք են տանում. կազմակերպում են պլանային միջոցառումներ, հանդիպումներ` փնջի մեջ մտնող դպրոցների համապատասխան մասնագետների մասնակցությամբ, որպեսզի լավագույն փորձը տարածվի  երիտասարդ ուսուցիչների շրջանում: Երկրորդ կիսամյակում  արդեն նմանատիպ երեք հանդիպում է կազմակերպվել: Միջոցառումը սովորաբար բաղկացած է լինում երեք մասից` ընդօրինակելի բաց դաս, լիագումար նիստ և գեղարվեստական միջոցառում` տարվա տվյալ եղանակին համապատասխան: 
Կոնկրետ Ծաղկաշատում փնջային մեթոդմիավորումը մաթեմատիկայից էր: Բաց դաս էր կազմակերպել ուսուցչուհի Նադեժդա Հայրապետյանը՝ 12-րդ դասարանում: Ենթաշրջանն ընդգրկող դպրոցների ներկայացուցիչներից բացի ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարարության ու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի պատասխանատու աշխատողներ:
Ծաղկաշատի  միջնակարգ դպրոցում սովորում է 38 աշակերտ, երեք աշակերտ էլ ունի Ռևի մասնաճյուղը: 12-րդ դասարանում սովորում է վեց հոգի: Նրանցից երեքն ընտրել է ագրարային մասնագիտությունը, մեկը` իրավաբանական, երկուսը՝ արհեստագործական ուսումնարանը: Ուսուցչուհին խտացված դաս-միջոցառում անցկացրեց: Մասնակցեցին ոչ միայն երեխաները, այլև հյուրի կարգավիճակով ներկաները: Հետաքրքրությամբ լսվեց նաև զեկուցումը: Սվետլանա Ասրյանի խոսքերով, մի քանի տարի առաջ Ծաղկաշատի դպրոցում ոչ այնքան առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ էր տիրում, ինչը բացասաբար էր անդրադառնում  ուսումնադաստիարակչական գործընթացին: Պատկերը հիմա այլ է: Երիտասարդ տնօրեն Անահիտ Կասյանի ջանքերով ոչ միայն կուռ կոլեկտիվ է ստեղծվել, այլև ակտիվորեն գործում է դպրոց-համայնք կապը, ինչից շահում է և՜ դպրոցը, և՜ համայնքը: Դրա վառ ապացույցն էր միջոցառման երրորդ մասը կազմող`  աշակերտների ուժերով գյուղի ակումբում կազմակերպված ցերեկույթը` նվիրված բնության զարթոնքն ավետող գարնանը և Մայրության ու գեղեցկության տոնին: Ներկա էին նաև ներկայացուցիչներ գյուղի հասարակությունից: Ծրագիրը խիստ հագեցած էր.  արտասանություն, երգ, պար, փոքրիկ բեմականացումներ, մրցույթ, արցախյան խոհանոց: Ազգային տարազով աղջիկներն իրենց ձեռքով պատրաստած ղարաբաղյան ուտեստներով հյուրասիրեցին ներկաներին: 
Բարձր գնահատելով միջոցառումը, ԼՂՀ  ԿԳՆ վարչության պետ Ռայա Մուսայելյանն ասաց, որ հաճելի էր ականատես լինել փոքրիկ կոլեկտիվի ուժերով կազմակերպված նման մեծ աշխատանքի: 
Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ