Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐԽՆԴԻՐԸ` ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Հարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության  և սպորտի բաժնի ավագ մասնագետ Սվետլանա ԱՍՐՅԱՆԻ հետ

 -Տիկին Ասրյան, ուսումնական տարին մոտենում է ավարտին: Ասել է թե` ժամանակն է ի մի բերել ձեռքբերումները, իսկ լուսանցքներում գրառումներ կատարել հետագա աշխատանքի պլանավորման համար։

-Փորձենք ամփոփել կատարվածը... Համակարգը շատ աշխատատար ու բազմապրոֆիլ է, որը մեզնից պահանջում է համակ ուշադրություն և ուժերի ու հնարավորությունների կենտրոնացում։ Եթե մեր բնագավառում մի բան անտեսեցիր, լուրջ բացթողում է դառնում։ 

Աշակերտների դաստիարակությամբ շրջանում զբաղված են 675 ուսուցիչներ՝ հիմնականում բարձրագույն կրթությամբ, քիչ թվով՝ միջնակարգ մասնագիտական կրթությամբ։ Ունենք 38 կրթական օջախներ, որից 24-ը` միջնակարգ, 9-ը` հիմնական և 5-ը` մասնաճյուղ դպրոցների կարգավիճակով։ Ցավալի է նշել, որ մասնաճյուղ դպրոցներում աշակերտների  քանակը քիչ է։ Նվազման միտում կա նաև  վերաբնակեցված  Արմենակավանում, իսկ  նմանատիպ Ուղտասարում առկա է  քանակային աճ,  որն, ինչ խոսք, ուրախալի է։ Վտանգ կա Մոշխմհատ, Սարդարաշեն, Դահրավ գյուղերում, որոնք մենք համարում ենք ՙվթարային՚ բնակավայրեր։ 

-Ձեր կարծիքով, նման իրավիճակում ո՞րն է ելքը։ 

-Նպատակային ծրագիր պիտի մշակվի։ Նշված գյուղերում դատարկ տներ կան, վերաբնակեցնել է պետք։ Ասենք, եթե աշակերտներին մոտակա գյուղեր տեղափոխեցինք, ուսուցիչների հետ ինչպե՞ս վարվենք։ Սրանք խնդիրներ են, որոնք արմատական լուծման կարիք ունեն։ Գիտե՞ք, ամենացավալին որն է, երբ մայրաքաղաքին մերձ գյուղերում է նվազում նկատվում։ Յուրաքանչյուր հարց իր պատճառահետևանքային կապն ունի։

Դառնանք արտադպրոցական հիմնարկներին: Ունենք մանկապատանեկան ստեղծագործության մեկ կենտրոն, շրջանային  սպորտդպրոց, երաժշտական դպրոց, նախադպրոցական հիմնարկներ, որոնց ցանցը, բարեախտաբար, ընդլայնվում է նոր, հարմարավետ, տիպային շենքերով։ Վերջերս Իվանյանում և Նորագյուղում նոր տիպային մանկապարտեզներ ունեցանք։ Միայն Նորագյուղում շուրջ 90 երեխա է մանկապարտեզ հաճախում: Նոր շենք է կառուցվել Ավետարանոցում (երկու խմբով մանկապարտեզ)։ Այս պահի դրությամբ Շոշ, Աստղաշեն, Պատարա գյուղերում ունենք մանկապարտեզների պահանջ։  Շրջանում կան  նախադպրոցական տարիքի 1730 երեխաներ։ 2012 թվականին ծնված երեխաները եկող ուսումնական  տարում պիտի հաճախեն առաջին  դասարան,  նախնական ցուցակագրումով ունենք 283 երեխա։ Նախադպրոցական տարիքի  երեխաների թիվը կայուն է Ասկերանում, Իվանյանում, Նորագյուղում, Ավետարանոցում, Այգեստանում։ Բայց  ահա Դաշուշենում, Մադաթաշենում, Վերին Սզնեքում  աճը քիչ է, Խնածախ գյուղում  նախադպրոցական տարիքի 61 երեխա կա, բայց հիմնարկ չկա։ Շրջանում գործող 9 նախադպրոցական հիմնարկներում (7-ը` պետական, 2-ը` գերատեսչական) ընդգրկված են ավելի քան 420 նախադպրոցականներ։ 

Ասեմ, որ դպրոցներում կա աշակերտների  քանակական աճի միտում, ինչը շատ ուրախալի է։ Եթե անցյալ տարի  մենք ունեցել ենք 2370 աշակերտ, ապա ընթացիկ տարում` 2448, սա շատ լավ ցուցանիշ է։ 

-Տիկին Ասրյան, շատ է խոսվում  դպրոցական  ծրագրերի  օպտիմալացման մասին, բայց արդյունքները դեռևս զգալի չեն: Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կունենանք շոշափելի արդյունքներ։ 

-Քննարկումների այդ փուլը կարծես թե անվերջ է, թունելի վերջը չի երևում, որ արդյունքը տեսնենք, և ի վերջո բեռնաթափվեն ծրագրերը։ Անցանք 12-ամյա ուսուցման, կրկին նույն  ծրագրերը, ոչ մի տեսանելի փոփոխություն։ Օրերս հեռուստատեսությամբ տեսանք, թե ՀՀ կրթության նախարարը  ինչպես է կշռում աշակերտի  պայուսակը։ Իրոք որ սա երեխայի առողջության համար լուրջ հանգամանք է, լուրջ խնդիր։ Երեխաները ձևավորման տարիքում են, և ֆիզիկական ճնշումների  տակ նրանց մոտ հիվանդություններ են ձևավորվում, սրանք անթույլատրելի հանգամանքներ են և շատ մտահոգիչ։ Այս առումով վիճակագրությունը քիչ է ասել մխիթարական չէ։ Ստամոքսաաղիքային տրակտի և ողնաշարի հետ  կապված խնդիրների աճ կա դպրոցական տարիքի  երեխաների շրջանում: Ինչի՞ մասին է սա ահազանգում. որ դպրոցներում պիտի գործեն երկարօրյա խմբեր, որտեղ նրանք պիտի սնվեն, դասապատրաստվեն, իսկ ծրագրերի բեռնաթափմանը զուգահեռ  կթեթևանան նաև աշակերտների պայուսակները։ 

Ինչ վերաբերում է օպտիմալացմանը,  ապա բարեփոխումներ այս կամ այն կերպ  կատարվում են, կատարվում են նորամուծություններ, այդ շարքում կառանձնացնեի մրցութային  կարգով ուսուցիչների ընդունումը, ասել է թե, անկողմնակալ ընտրությունը։ 

Բարեփոխումների ճանապարհին  կիսատ մնաց դպրոցական խորհուրդների ստեղծումը։ Անհրաժեշտ  է այնպես անել, որ դպրոցի կառավարմանը  մասնակցի և՜ ծնողը, և՜  հասարակության անդամը։ Այն առայժմ  թղթի վրա է, իսկ անելիքները դեռևս  չհստակեցված են մնում։ Կարծում եմ, որ համայնքն ու հասարակությունը եթե ձեռք հասցնեն, դպրոցում մի շարք ֆինանսական, տնտեսական բնույթի հարցեր կլուծվեն։ Մեզ մոտ կոմպլեկտների թվով է ֆինանսավորումը կատարվում, Հայաստանում՝ աշակերտների թվով։  Տարբերությունը մեծ է, հարցից մեկ ուրիշ հարց է ծագում։

-Հպանցիկ Դուք ասացիք, որ անցած ուսումնականում ունեցել եք հաջողություններ, դրանցից ո՞րը կառանձնացնեք։

 

-Մենք ունեցանք տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչը, զինղեկը։ Պարգևատրվեցին նախարարության մասշտաբով։ Շոշի միջնակարգ դպրոցի տնօրենը մատնանշվեց լավագույն դրվածքի, նյութատեխնիկական հարուստ բազայի ձևավորման համար։ Ասկերանի միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցչուհին` առարկայի խոր իմացության և մատուցման համար։ Խնապատի միջնակարգ դպրոցի զինղեկ Արման Ավանեսյանը առանձնացավ  սովորողների մոտ ռազմահայրենասիրական դաստիարակությունը խորացնելու ուղղությամբ։ Մարտի   15-ին ՙԿենգուրու՚ ամենամյա մրցույթին մասնակցեցին շրջանի 12 դպրոցներից 166 աշակերտներ. աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, շատերն են մասնակցության ցանկություն հայտնում։ 

Այս տարի մեզ համար նորություն էր Ակնաղբյուրի և Ավետարանոցի 34 երեխաների մասնակցությունը ՙԿենգուրու՚-ին` Շոշ գյուղում։ Նույնը և ՙՄեղու՚-ի մրցույթին` ունեցանք մասնակիցների աճ։ 

Ուրախությունս ուղղակի թաքցնել չեմ կարող, այսօր իմացանք, որ նախնական  զինվորական պատրաստություն առարկայի  հանրապետական փուլում մեր արդյունքները գերազանց էին։ 

Մաթեմատիկայից 4 հոգի հանրապետական փուլում  անցել են եզրափակիչ։ Ֆիզիկայից հանրապետական փուլում լավագույնն է ճանաչվել Սզնեքի միջնակարգ դպրոցից Արմեն Սահակյանը, աշխարհագրությունից մեր 8 մասնակիցներից 6-ը անցել են եզրափակիչ, կենսաբանությունից և քիմիայից Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցից Սոսե Մարգարյանը մրցակից չունեցավ ամբողջ հանրապետությունում։ Հայոց լեզվից մեր աշակերտներից 3-ի արդյունքները  ամենաբարձրն են ամբողջ հանրապետությունում։ Այդ ցուցակը Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Բեգլարյանն է գլխավորում, ինչը վկայում է և աշակերտուհու ուսուցչի՝ Սիլվա  Ջհանգիրյանի լավ  աշխատանքի արդյունքի մասին։ Ռուսաց լեզվից աչքի է ընկել Սզնեքի միջնակարգից մեկ աշակերտ։ Ի դեպ, Սզնեքի դպրոցի 10 աշակերտներից  5-ը հանրապետականում արժանացել են բարձր ցուցանիշների։ Արգինե Սարգսյանը պատմություն առարկայից ամենաբարձր միավորներն ունի հանրապետությունում (19,5 միավոր), ուսուցչուհին Սեդա Թովմասյանն է։ Գրականությունից կրկին առաջատարը Սզնեք գյուղից էր՝ Կարեն Մարտիրոսյանը։ 

Օտար լեզվից առաջատարը Ասկերանի երեխաներն են, վատ չեն իրենց  դրսևորել Ակնաղբյուրից ու Նորագյուղից մեկական աշակերտներ։ 

-Նշենք այն առանցքային խնդիրները, որոնք ողջ ուսումնականում ուշադրության կենտրոնում եք պահել։ 

-Տարվա ընթացքում մեր ողջ ուշադրությունը բևեռված է ուսման որակի վրա։ Պայքարում ենք ուսման որակի համար, մեր գերխնդիրը դա է։ Դպրոցաշինության ծրագիրը  կատարվում է։ Ունենք լավ դպրոցներ` շենքային հրաշալի պայմաններով։  Եթե նման խնդիրներ չկան, բնականաբար, ուսուցումն առաջնահերթ է դառնում։ Ասենք, եթե Սղնախ համայնքի դպրոցական շենքը հին է, լուսավորվածությունը` թույլ, ինչ խոսք, ազդում է ուսման որակի վրա։ Կարևորում եմ նաև նյութատեխնիկական բազայի առկայությունը։ Ունենք երեխաներ, որ տեսականից հրաշալի արդյունքներ են ցուցաբերում, բայց կաղում են, երբ անցնում ենք գործնականին։ 

Նորից եմ կրկնում, հիմնականը ուսման որակն է:

Կարևոր է նաև ուսուցիչների վերապատրաստումը։  Այս տարի 108 հոգի մասնակցում է այդ դասընթացներին։ Առաջիկա խորհրդի նիստում կքննարկենք արդյունքները, դպրոցներ կան, որ  առաջընթաց չունեն, դա քննարկման լուրջ թեմա է։ 

Կնախապատրաստվենք ավարտական  քննություններին, իններորդ դասարանում մեկ առարկայից՝ մաթեմատիկայից քննությունը կլինի կենտրոնացված, մնացածը՝ տեղերում։ Այս տարի թողարկելու ենք 112 շրջանավարտ՝ 12-րդ դասարանցիներ, և 178 իներորդցիներ։ Հնարավոր է, որ այս 178 աշակերտների զգալի մասը ընտրի  Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը։ Այն շատ լավ հնարավորություն տվեց, որ մեր աշակերտներն ընտրեն պահանջված մասնագիտություններ։ 112 աշակերտներից միասնական քննություններին կմասնակցի մոտ 60-ը։ Մեր ցանկությունն է, որ շրջանավարտներն իրենց տեղը գտնեն թե՜ ուսման մեջ և թե՜  տնտեսության տարբեր բնագավառներում ու դառնան պահանջարկ վայելող մասնագետներ։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ