[ARM]     [RUS]     [ENG]

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՊԱՎԵԼ ՖԼՈՐԵՆՍԿՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 14-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցան Ուսանողների և երիտասարդ գիտնականների ամենամյա միջազգային փիլիսոփայական ընթերցումներ ՙՔաղաքակրթությունը և մարդը՚ խորագրով` նվիրված աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, հոգևորական Պավել Ֆլորենսկու հիշատակին:

Մի մարդու, ով Ռուս Ուղղափառ եկեղեցու պատմության գաղափարախոսության, նաև փիլիսոփայության զարգացման մեջ թողել է իր անջնջելի հետքը: Ընթերցումներին մասնակցում էին Մոսկվայի Լոմոնոսովի անվան,  ՌԴ Պյատիգորսկի, Դոնի Ռոստովի, Երևանի  ռուս-հայկական (սլավոնական), Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանների ուսանողներ և  դասախոսներ: 

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի  առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով մտահղացման հեղինակներին և կազմակերպիչներին` Ֆլորենսկու նման խոշոր անհատականությանը նվիրված գիտական միջոցառում Արցախում անցկացնելու համար`  Սրբազանն ասաց, որ նրանով իրավամբ կարող է հպարտանալ  ոչ միայն ռուս, այլև  հայ ժողովուրդը, քանի որ նա կիսով չափ հայ է: Ֆլորենսկու  մայրը` Օլգա (Սալոմե) Սաֆարովան (Սաֆարյան),  սերում էր Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների տոհմից: Պավել Ֆլորենսկին ծնվել է Հյուսիսային Արցախի Գանձակի նահանգում (ներկայիս Եվլախում): Նրան անվանել են ռուսական Լեոնարդո դա Վինչի: Նա աստվածաբան էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, բանասեր, բանաստեղծ, ինչպես հայերն են ասում` ինչին ձեռքը կպչել է, կանաչել է: Ունի բազմաթիվ աշխատություններ  երկրաչափության, աստղագիտության, մաթեմատիկայի, էլեկտրատեխնիկայի, քիմիայի, կենսաբանության և շատ այլ ոլորտների վերաբերյալ: 30-ից ավելի գյուտերի հեղինակ է: Նրան ծանր ճակատագիր է բաժին ընկել: Երկու անգամ աքսորվել է, Սոլովկիի  ճամբարում անգամ նրա պրպտուն միտքը հանգիստ չի մնացել. նա խիզախել է ստեղծել երկու հսկայական գիտահետազոտական ինստիտուտ: Նա ԽՍՀՄ էլեկտրիֆիկացիայի` ԳՈԷԼՌՈ ծրագրի հիմնադիրներից  էր: Ստալինյան բռնարարքների զոհերից է, նրան գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 8-ին: 

ՙՆրա մասին ինչքան էլ խոսենք, քիչ է: Մարդ-դարաշրջան՚,-այդպես բնորոշեց  Պ. Ֆլորենսկուն Պարգև սրբազանը:

Փիլիսոփայական ընթերցումները  և հյուրերին ողջունեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը` նշելով, որ դա նոր, հետաքրքիր նախաձեռնություն է, որը կոչված է միավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող ուսանողներին և երիտասարդ գիտնականներին` հրատապ խնդիրներ քննարկելու նպատակով: Նրա համոզմամբ`  ժամանակակից մարտահրավերների դարաշրջանում, երբ մեր շուրջը հայտնվում են նոր բաժանարար սահմաններ, աշխարհը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի, անորոշ, կարևոր է չկորցնել համագործակցելու, միմյանց լսելու ունակությունը: Նա  փաստեց, որ Արցախը պատմականորեն եղել  է քաղաքակրթությունների խաչմերուկ: Այստեղ  խաչվում են նաև աշխարհաքաղաքական հետաքրքրությունները: Եվ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել արցախյան հողում 30 տարի առաջ, կանխորոշել են ոչ միայն մեր ժողովրդի ճակատագիրը, այլև  խորհրդային տարածքում պատմական ընթացքը: ՙՈւրախ ենք, որ գիտական քննարկումների համար հենց նման հարթակ է հանդիսացել մեր երկիրը՚,- ասաց նախարարը` ընդգծելով, որ Արցախը դինամիկ զարգացող երկիր է` պատմամշակութային հարուստ ժառանգությամբ:  Ն. Աղաբալյանը բեղմնավոր աշխատանք մաղթեց փիլիսոփայական ընթերցումներին` հավատացած, որ դրանք կօգնեն ավելի լավ ճանաչել  և ներկայացնել տաղանդավոր անհատի փիլիսոփայությունը և հոգևոր աշխարհայացքը, որ ուսանողների և երիտասարդ գիտնականների շահագրգիռ շփումները  կնպաստեն նոր գաղափարների որոնմանը և նոր լուծումներին, համալսարանների միջև բարեկամությանն ու համագործակցությանը: 

Ներկաներին իր ողջույնի խոսքում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն անդրադարձավ  նաև Ղարաբաղին` նշելով, որ այն գորբաչովյան ՙպերեստրոյկա՚-ի անկյունաքարն էր,  սակայն ՙպերեստրոյկան՚ չդիմացավ փորձությանը, իսկ Արցախը կայացավ որպես ինքնիշխան պետություն: Այսօր այն սիրված վայր է ոչ միայն հայ ուխտագնացների, այլև աշխարհի բարի կամքի տեր մարդկանց համար: Հենց շնորհիվ դրա իրենք ծանոթացել են հրապարակախոս Դենիս Դվորնիկովի հետ և միասին մտահղացել այս միջոցառումը, իսկ ԼՂՀ Նախագահի, կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ էլ այն կյանքի է կոչվել:  

Դենիս Դվորնիկովը համեստորեն  միջոցառման գաղափարի հեղինակ համարեց հենց հայ և ռուս ժողովուրդների մշակույթն արտացոլող Պ. Ֆլորենսկուն: Նրա խոսքով` այս նախագծում երկու նպատակ են դրել.  Արցախում ստեղծել փիլիսոփայական, քաղաքագիտական հարցերով քննարկումների հարթակ, կարևորել փիլիսոփայության դերն արդի պայմաններում: ՙԿա երկու տարբերակ` լինել օբյեկտ  կամ սուբյեկտ: Կարելի է նստել, նայել ու սպասել, թե  ինչ կանեն քեզ հետ ուժային կենտրոնները, կամ էլ փորձել ինքնաճանաչողությամբ համապատասխան գիտելիքների բազայի շնորհիվ  հասկանալ`  ինչ է կատարվում ու ինչ անել: Փիլիսոփայությունը վերացական գիտություն չէ, այլ շատ կարևոր ու կիրառական, այստեղ օդը հագեցած է փիլիսոփայական մտածողությամբ, ու էներգետիկ տեսանկյունից շատ ճիշտ կլինի, եթե զարգանա սեփական փիլիսոփայական դպրոցը՚,-ասաց նա: Մյուս նպատակը  պատմական դեմքերի մասին հիշողությունն է: Այդ առումով հոգևորական, փիլիսոփա, նկարիչ, գյուտարար, բանաստեղծ Պավել Ֆլորենսկին իդեալական պատմական կերպար է: 

Ընթերցումներին հանդես եկած ուսանողները և երիտասարդ գիտնականները ներկայացրել են  Պ. Ֆլորենսկու կյանքի պատմությունը, ընտանիքը, փիլիսոփայական ժառանգությունը, հայացքները: 

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոցենտ Անդրեյ Սիտինն իր զեկուցման մեջ նշեց, որ իր համար շատ կարևոր են այն հողի վրա անցկացվող ընթերցումները, որտեղ  Ֆլորենսկու արմատներն են: ՙԱռանձնահատուկ հույզեր ենք ապրում, այնպիսի զգացողություններ ունենք, որ այստեղ մի անբացատրելի ուժ կա, որի վրա հենվելով` այսպիսի հանճար է մեծացել, ինչպիսին Պավել Ֆլորենսկին է՚,-ասաց նա: 

 Պավել Ֆլորենսկու ուղղափառ մշակույթի հիմնադրամի տնօրեն Մարիա Տիխոնովան համալսարանի գրադարանին նվիրեց Ֆլորենսկու եզակի հրատարակություններից: Տեղեկացրեց, որ այս տարի լույս է տեսնելու մեծ մտածողի վեցհատորյակը, ինչպես նաև առաջին անգամ կանգնեցվելու է նրա հուշարձանը, բացմանը պաշտոնական հրավեր կուղարկվի Արցախ: Հիմնադրամի կողմից ՌԴ-ում ստեղծվել է երեք թանգարան։  Նա հանդես եկավ առաջարկությամբ. քանի որ Արցախը նույնպես հայր Ֆլորենսկու հայրենիքն է, ցանկանում է այստեղ էլ տեսնել նրան նվիրված հուշակոթող: Ինչպես նաև նրա տուն-թանգարան տանել մի կտոր Ղարաբաղ` հարստացնելու Ֆլորենսկու հայրենիքի  հավաքածուն: Նման պատվիրան  տվել է Պավել Ֆլորենսկու թոռ հայր Անդրանիկը: 

Մարիա Տիխոնովան հույս հայտնեց, որ այս հանդիպումը  կտա իր բարի պտուղները,   պատրաստ են համագործակցել տարբեր ձևերով, ինչպես, օրինակ` բացել Մոսկվա-Սոլովկի-Արցախ ուխտագնացության-զբոսաշրջային երթուղի: Հիմնադրամը հիմնել է Ֆլորենսկու անվան հուշամեդալ: Առաջին երկուսով պարգևատրվել են ՌԴ պատրիարքը, մշակույթի նախարարը,  երրորդն էլ նախատեսել են ԼՂՀ Նախագահին: Կպարգևատրեն նաև նրանց, ովքեր լավագույնս կհետազոտեն Պ. Ֆլորենսկու գործունեությունը: Ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել հիմնադրամ: Կոնկրետ այս ընթերցումներում հնչած զեկուցումները լույս կտեսնեն առանձին գրքով: 

Միջոցառման համակարգող` ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանն ասաց, որ այդ գիտաժողովը  համալսարանի միջազգային մեծ նախագծի միայն առաջին քայլն է: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ