ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ապրիլի 13-ին Գանձասարում ամփոփվեցին Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված համահայկական ուսանողական ֆորումի աշխատանքները։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ։

 Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 100 ուսանողներ ՙՄատենադարան-Գանձասար՚ գիտամշակութային կենտրոնում հանրագումարի են բերել եռօրյա ֆորումի արդյունքները. ուսանողության տպավորությունները դրական են, իսկ աշխատանքների արդյունքները շոշափելի իրողություն կդառնան` գիտական հանրույթին ներկայացնելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված շուրջ 150 գիտական հոդվածներ, որոնք նախատեսվում է առաջիկայում տպագրել առանձին ժողովածուով։ Նախքան ֆորումի փակման հանդիսավոր արարողությունը՝ մասնակիցները շրջել են Գանձասարի վանական համալիրում, կատարել մոմավառություն, ծանոթացել մատենադարանի ցուցադրություններին։ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Գանձասարում ուսանողներին ներկայացրել է վանքի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին՝ առանձնացնելով հատկապես Արցախյան պատերազմի օրերից դրվագներ, երբ հակառակորդը դիմում էր բոլոր միջոցներին՝ վանքը կործանելու համար, սակայն աստվածային ուժով այն մնացել է կանգուն և դարձել հովանի հայ զինվորին ու նրա հաղթանակներին։

Փակման հանդիսավոր արարողությանը ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կարևորելով երիտասարդության դերը երկրի պետականաշինության գործընթացում, ընդգծել է. ՙ18-20 տարեկան երիտասարդներին վստահված է մեր երկրի սահմանների պաշտպանությունը, և այդ առաքելության շարունակությունը դուք եք իրականացնում՝ այցելելով Արցախ և քննարկումներ ծավալելով, տեսակետներ առաջադրելով մեր զարգացման հեռանկարների շուրջ։ Մենք պետք է լավատես լինենք. դա հաջողության հասնելու գրավականներից է։ Բավական է հիշել, թե 88-ին ինչից ենք սկսել, ինչ ենք հաղթահարել և ինչ ունենք այսօր։ Այն, ինչին մեզ հաջողվել է հասնել, շատ լավ հիմք է, որպեսզի ապագայում ավելի մեծ հաջողություններ կարողանանք արձանագրել՚։

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակներին՝ մասնակցության և արդյունավետ աշխատանքների համար՝ կարևորելով ֆորումի նշանակությունը հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ միավորելու, Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական 30-ամյա ուղին, ձեռքբերումներն արժևորելու, մեր երկրում իրականացվող կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա խնդիրները բացահայտելու, ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժն ի նպաստ հայրենիքի կայուն զարգացմանն ուղղորդելու, Արցախի մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև կապերն ամրապնդելու տեսանկյունից։

Հայաստանյան ուսանողության անունից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանող Դավիթ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Համահայկական ուսանողական ֆորումի կազմակերպման համար՝ նշելով, որ ֆորումի շնորհիվ նրանց հնարավորություն է ընձեռվել ստացած գիտելիքները կիրառել գործնականում, ներկայացնել իրենց տեսլականն ու ծրագրերը հայրենիքի զարգացման, համազգային խնդիրների լուծման ուղիների շուրջ, մեկ անգամ ևս զգալ հայոց պատմական Արցախի և արցախցու հյուրասիրությունն ու ջերմությունը։

Ավարտին ուսանողները հանդես են եկել ֆորումի աշխատանքների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.

ՙՄենք՝ 2018թ. ապրիլի 11-13-ը Արցախի Հանրապետությունում անցկացված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված ուսանողական համահայկական ֆորումի մասնակիցներս, պատմական Գանձասարում հանրագումարի բերելով նախորդ օրերի քննարկումները և ամփոփելով ֆորումի աշխատանքները.

 կարևորում ենք հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ միավորելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով Ղարաբաղյան շարժման 30-ամյա պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումները, որում անուրանալի է նաև երիտասարդության ներդրումը։

Հավաստում ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդությունը համախմբված է Մայր Հայաստանի և նրա անքակտելի մասը հանդիսացող հայկական երկրորդ հանրապետության տարածքները պաշտպանելու և հայոց պետականության սահմաններն անառիկ պահելու նպատակի շուրջ։

Փաստում ենք, որ արդի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կրթական և երիտասարդական ճիշտ քաղաքականության իրականացմամբ ձևավորել ինտելեկտուալ ու ժամանակակից երիտասարդություն՝ խթանելով վերջինիս ներգրավվածությունը պետության զարգացման գործընթացներում, հասարակական, քաղաքական կյանքում։

Ընդգծում ենք  ԱՀ և ՀՀ ուսանողական և երիտասարդական կառույցների պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով նպաստելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին՝ գիտական, կրթական, հասարակական և այլ հարթակներում։ Միևնույն ժամանակ կարևորում ենք Արցախի Հանրապետության ուսանողության համար միջազգային փոխանակման և կրթական այլ ծրագրերի մատչելիության ապահովումը։

Հաստատում ենք  Արցախում հայկական երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնավար մարմինների մասնակցությամբ համաժողովների, քննարկումների պարբերական կազմակերպման ու շարունակականության կարևորությունը՝ դիտարկելով դրանք որպես երիտասարդության համախմբում համահայկական գաղափարների շուրջ՝ ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և ի շահ միասնական հայրենիքի կայուն զարգացման։

 Գանձասար 

13 ապրիլի 2018թ.՚

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ