[ARM]     [RUS]     [ENG]

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՅՈԹՆՕՐՅԱ  ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉ

 Բանաստեղծ ընկերոջս`

Արմեն Հովհաննիսյանի 

սուրբ հիշատակին

Յոթ օրվա մեջ

Յոթը հեքիաթ հորինեցի, 

Կյանքիդ անցած 

Բարձունքները որոնեցի, 

Նախ քեզ գտա հայրենի տան 

Փոքրիկ բակում, 

Պահմտոցի խաղը թողած 

Օրվա դասդ էիր սերտում։

Հետո եկա ու քեզ գտա 

Կասպիականի փոշոտ ափին, 

Քեզ չէր գերում քաղաքն օտար, 

Արցախն էր քո բախտի արփին։

Արցախահուր սերդ էր կանչում, 

Երազ Սերդ` վառող կարոտ, 

վերադարձար` երգդ դարձրած 

Սիրո խոստում, սիրո կարոտ։

Արցախդ քեզ իր գիրկն առավ, 

Արցախդ առար քո սրտի մեջ, 

Ձգտումներդ աստղեր դառան, 

Երգեր դառան հազարատենչ։

Հեքիաթներիս լույս աշխարհում 

Ես քեզ տեսա ամենուրեք, 

Դու եւ հմուտ մետաքսագործ, 

Եվ բանաստեղծ` շրթերիդ երգ:

Քայլում էիր` կամքդ կռած 

Գանձասարի անմահ հրով, 

Ձեռքերը քո վեր կարկառած 

Աստծուն էիր դիմում խռով։

Հետո տեսա Ամարասում` 

Հատորներիդ բեռը ուսիդ, 

Ապաշխարում էիր Աստծուն, 

Լուսավորչի ձեռը ուսիդ:

Նա օրհնում էր Խաչի հորդ,

Ու քո բաժին խաչը գովում,

Որ անցնելով խաչմերուկներ, 

Պատվով տարար կյանքի բովում։

Տոհմածառիդ անվանակիր, 

Ժողովրդիդ մշակ որդի,

Ոնց օրերիդ մատենագիր 

Հիմա լույս է ցանում հոգիդ։

Լույս է ցանում նաեւ իմ յոթ 

Հեքիաթների ծիրերի մեջ, 

Նման այն ծեր իմաստունին, 

Որ ջահեր է վառում անշեջ։

Դու մտել ես կյանքից հեքիաթ, 

Ու հեքիաթից մտել ես կյանք, 

Ամեն բառդ լույսի մի շող, 

Ամեն երգդ՝ հույսի ճրագ:

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

02.01.2018

***

-Հրաշալի մարդ էր, խոր զգացումների տեր մտավորական, տղամարդուն վայել զուսպ ասելիքով, գրավիչ ու հետաքրքիր զրուցակից։ Արմեն Հովհաննիսյանի պես անհատները հաճախ չեն գալիս հրապարակ, քանի որ ոսկու ձուլակտորի պես հույժ արժեքավոր են ու եզակի… 

Արմեն Հովհաննիսյանի թոռնուհի 

Արմինե.

-Երանի՛ բոլորս կարողանայինք ապրել այնպես, որ մեզանից հետո մեզ շրջապատողների կյանքում այսքան մեծ դատարկություն լիներ: Հանգչիր խաղաղությամբ, մեր անփոխարինելի մարդ: Ինչքան էլ երկար տարիներ ապրեիր, միևնույն է, էլի հերիք չէր լինի մեզ համար, էլի քիչ կլիներ: Երբ էլ հեռանայիր, անսպասելի ու անտանելի ցավալի կլիներ: Երանի չէ՝ իսկապես բոլոր ճանապարհները միայն գալու համար լինեին և ոչ գնալու... Կյանքին` առանց քեզ, հարմարվելն ամենադժվար բաներից մեկն է: Քո հոգատարության, ջերմության ու լույսի պակասը մենք շատ կզգանք: Գնա խաղաղությամբ, մեր սիրելի…  Հիմա գրելու ու պատմելու մեր հերթն է:

Սերգեյ ՄԱՐԿՈՍՅԱՆ, կոմպոզիտոր, երաժշտագետ-ֆոլկլորիստ.

 

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մի ամբողջ կյանք էր՝ կրքեր ու վերքեր,

Թռիչք ու անկում, հույս ու երկմտանք, 

Եվ... ի՜նչ խաբկանք էր՝ երգեր իմ, երգեր, 

Թե ինձ դարերում հարությո՜ւն կտաք...

***

Դու ինչպե՜ս պիտի հեռանաս կյանքից,

Որ հեռացումդ ոչ ոք չիմանա, - 

Մեկը՝ կցնծա թունոտ հրճվանքի՝ց,

Մյուսը՝ ցավին հազի՜վ դիմանա…

Ու երբ հեռավոր երկնքի անհունից

Երկիրը շիկնի արցունքիդ ցողից…

Փույթ չէ՝ ով ինչպես պիտի ընդունի, -

Մխիթարությո՜ւն քեզ կարեկցողին…

***

Երբ հողը հանկարծ ինձ գիրկն առներ,

Եվ չհասներ քո կանչը աղեկեզ,

Ես ինչպես պիտի հարություն առնեմ

Եվ ինչ ճամփեքով ընդառաջ գամ         քեզ...

Ուր էլ որ լինես՝ հայտնվելու եմ ես,

Բոլոր ճամփեքը թեպետ ամպել են,-

Քո սերն աղոթքի խորան է ասես,

Դու ես հարության իմ առասպելը...

***

Քրիստոսը աջն իր հպեց ճակատիս.

-Տենդի մեջ ես, ա՛խ, վառվո՛ւմ ես, 

    որդի՛ս...

Քրիստոսը աջը վայր բերեց կրծքիս. 

-Տագնապահա՛ր ես, անհանգի՛ստ, 

    որդի՛ս...

Քրիստոսը աջը իջեցրեց ուսիս.

-Պինդ ես տակավին, դիմացի՛ր, 

որդի՛ս...

***

Ծագում է, ահա, արփին ջինջ ու թարմ,

Շառագունում է երկինքը անհաս, 

Ի՛նչ առավոտ է ինքնամաքրության,

Շնչելը՝ հոգու հագուրդ ու երազ…

Երանի մի պահ Տերը վեր հառներ,

Հագած ծիրանին հուր այգաբացի,

Մարդկային խղճի համեմունք խառներ

Հանապազօրյա մեր աղուհացին…

***

Ինձ տրված է սիրտ ու խիղճ է տրված

Սիրելու համար ամեն էակի, 

Կյանքում ոչ ոքի եւ ոչ մի հարված, 

Այլ քնքշանք ու Գութ եւ սեր եռակի...

Դաժանությունը՝ նողկալի ու սեւ, 

Ստորությունը՝ նենգ ու դիվային...

Արդ ծառս եմ լինում բարությամբ վսեմ՝

 Արթնացնելու խիղճը մարդկային:

***

Անցորդ, ճամփեզրին տունս է, տե՜ս, 

Դուռը քո առջեւ բաց է սրտիս պես,

Երբ էլ հայտնվես դու մեր կողմերում՝

Համեցեք, Տիրոջ հյուրն ես ցանկալի, 

Յուրայիններին չե՜մ  հրավիրում,

Յուրայինները... իրենք են գալիս:

ԹԵ ՏՔՆՈԻԹՅՈԻՆ 

ՉԵՂԱՎ

Ինչ էլ լինի՝ հուսա,

Ինչ էլ լինի՝ երգիր,

Քար էլ լինես ուսած,

Սար էլ դնեն մեջքիդ...

Թե տքնություն չեղավ,-

Քո հոգու մեջ վճիտ 

Պատահա՛ր է, դիպվա՛ծ 

Կամ վթա՛ր է խղճի...

Ինչ էլ լինի՝ հուսա,

Ինչ էլ լինի՝ երգիր: