[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ՚

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող ու թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրվան էր նվիրված Արցախի մայր բուհում կազմակերպված հուշ-ցերեկույթը, որ նախաձեռնել էին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և ԱրՊՀ լրագրության բաժինը։

Հավաքվել էին գրողներ, արվեստագետներ, հարազատներ ու մտերիմներ` հիշելու, վերհիշելու մինչև վերջերս իրենց շարքերում քայլող ու ստեղծագործող գրողին։ Միջոցառմանը ներկա էր ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ 

Միջոցառումը բացում և գրողի կենսագրությունն ու գրական գործունեությունը ներկայացնում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ակումբի վարիչ, ադմինիստրատոր Անահիտ Դանիելյանը։

 Ա. Հովհաննիսյանը ծնվել է 1932թ., մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1968-ին` Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ստեղծագործել սկսել է աշակերտական նստարանից։ 1954-ին բանաստեղծությունների առաջին շարքը տպագրվել է Բաքվում հրատարակվող ՙԿոմունիստ՚ (հայերեն) թերթում, որտեղ աշխատում էր գրող Մարգար Դավթյանը, ով հետագայում դառնում է բանաստեղծի ՙհոգևոր հայրը՚։ 1959-ից ԽՍՀՄ գրողների միության, 1994-ից՝ ԼՂՀ, 2002-ից` Հայաստանի ԳՄ, 2001-ից` Արցախի ժուռնալիստների միության անդամ էր։ 1974-1983թթ. եղել է ԼՂ ԳՄ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1953-ից, Բաքվում։ Աշխատել է ՙԳրական Ադրբեջան՚ հանդեսի, ՙԿոմունիստ՚ թերթի խմբագրություններում։ 1960 թվականից աշխատել է Լեռնային Ղարաբաղի տարբեր մշակութային հիմնարկներում, պաշտոններ է վարել կուսակցական և արհմիութենական ապարատներում։ 1996-1999թթ. եղել է ՙԼՂ Հանրապետություն՚ թերթի գործադիր տնօրեն, ապա` ՙԱզատ Արցախ՚ թերթի թղթակից, հրատարակչության խմբագիր։ 2002-2013թթ. ՙԱրցախի կոմունիստ՚ թերթի խմբագիրն էր։ 

Արմեն Հովհաննիսյանը հեղինակ է 10 չափածո և մեկ արձակ ժողովածուների։ Նրա պոեզիայում արտահայտվում է սերնդի դիմագիծը։ Բանաստեղծություններում կան ճշգրիտ ձևակերպումներ, հայտնության պես թարմ պատկերներ, զգացմունքի նախաստեղծ անմիջականություն։ 1980-ականների վերջերին հասարակական պահանջի հրամայականով Ա. Հովհաննիսյանի տաղանդը պոռթկաց, նրա անձնական ապրումները ձեռք բերեցին համամարդկային երանգներ, ընթերցողին ներկայացավ ստեղծագործողի ամբողջական տեսքով։ ՙԺամանակի հոլովույթում հավատարիմ մնաց պոետական երդումին, անցավ կասկածի և որոնումների տվայտանքների միջով՝ ճշմարտության կորստի նկատմամբ վախով լցված, հայտնության բեռան տակ կքած, ապրած ժամանակների երկվության և դժվար գտած արժեքների անհեշտ ժամանակների հետապնդող ուղեկցությամբ՚,¬ բանաստեղծի մասին գրել է արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը։

Հնչում է ՙԳանձասար՚ հայտնի երգը, որի տեքստը գրել է Ա. Հովհաննիսյանը, երաժշտությունը՝ Գ. Գաբրիելյանը։ 

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում նշեց, որ պատմությունը ստեղծում են անհատները, որ մշակույթով է որոշվում ժողովրդի քաղաքակրթության աստիճանը, որ Արմեն Հովհաննիսյանը նպաստել է հայ գրականության արցախյան հատվածում պոեզիայի, ինչպես նաև լրագրության և հրապարակախոսության զարգացմանը։ Անհնարին է թվարկել նրա բարեմասնությունները։ Բանախոսը հիշեցրեց Մուրացանի ՙԳևորգ Մարզպետունի՚ վեպի խորհուրդներից մեկը՝ առողջ ընտանիք, առողջ ազգ: Ա. Հովհաննիսյանը գեղեցիկ էր գործով, պոեզիայով, ստեղծած օջախով։ Ըստ բանախոսի` ինքն Ա. Հովհաննիսյանին ճանաչում է 1950-ականներից, Բաքվից, որտեղ ապրում էր 200 հազարից ավելի հայ բնակիչ, որտեղ գործում էին 50-70 հայկական դպրոցներ։ Առաջին իսկ բանաստեղծական շարքերով Արմենն աչքի ընկավ, տարիների ընթացքում ստեղծեց իր դիմագիծը, շարունակեց դասական ոճով ստեղծագործողներին։ Ելույթ ունեցողը կանխատեսեց, որ կանցնեն տասնամյակներ, և պոետները կվերադառնան դասական ռիթմին ու հանգին։ Ապա Ս. Խանյանը կարդաց պոետին նվիրված իր ստեղծագործությունը։ 

Գրող, լրագրող Նվարդ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Հովհաննիսյանն ունի բանաստեղծական ուրույն նկարագիր, որ նա պահպանել է իր տեսակը, և իր տեսակի հանգույն ստեղծել է իր պոետիկ աշխարհը՝ հողոտ, հողածին, երազային։ Նրա պոեզիայի երակը տասնամյակների մեջ մնացել է նույնը. ինքը և իր աշխարհը, որից դուրս ոչինչ չի տեսել։ Հովհաննիսյանի պոեզիան մարդուն օգնում է ապրել, քանի որ այն լուսավոր է։ Նա ներկայացրել է սերը, ցավը, ասել է ու թեթևացել։ Ա. Հովհաննիսյան -արվեստագետի երջանկությունն այն է, որ նրա բանաստեղծություններն ապրել ու ապրում են ժամանակի մեջ, նրանք տարիք չունեն։ Սիրում էր իր երկիրը։ Եթե ծառ է տնկել, ապա իր երկրում` սա երջանկություն է։ Հայրենապատումը Ա. Հովհաննիսյանի մոտ հնչում է այնպիսի պատասխանատվությամբ, ասես հենց իր գտած պոետական լուծումը պիտի կանխորոշի հայրենիքի վաղվա օրը, որը հաճախ անհուսության դաժան տեսիլաժամ է, իսկ իր ընդվզումը՝ հուսո ճամփա, քանզի ինքն իր հայրենիքում ՙև՜ հայր է, և՜ որդի՚։ ՙԵս մտերմացել եմ նրա բանաստեղծական աշխարհի հետ, իսկ անձնական ծանոթությունս հնարավորություն է տվել նրա պոեզիայի ՙհայացքը՚ տեսնել առավել ամբողջական, մեկնել մարդու և բանաստեղծի՝ միմյանց շարունակությունը լինելու առեղծվածը՚,- իր խոսքը եզրափակեց Ն. Ալեքսանյանը։ 

Գեղանկարիչ Լիանա Քոչարյանն ասաց, որ նման միջոցառումները խիստ անհրաժեշտ են իրար հետ շփվելու, արվեստի միջոցով մերձենալու համար, ապա Արմեն Հովհաննիսյանի դիմանկարը (գեղանկար) նվիրեց բանաստեղծի դստերը՝ Լիլիթ Պետրոսյանին։ 

Արմեն Հովհաննիսյանը խոր հետք է թողել բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանի ստեղծագործական կյանքում՝ ռուսերենից հայերեն թարգմանելով վերջինիս գործերը։ Բանաստեղծուհին կարդաց թարգմանված ստեղծագործություններից։

ՙԱրմեն Հովհաննիսյանի մասին ցավալի է խոսել անցյալ ժամանակով. նա մեզ հետ է իր մարդկային կերպարով, իր պոեզիայով։ Ինձ համար հայտնություն էին նրա բանաստեղծությունները, հատկապես հրապարակախոսությունը, որն իր մեջ համադրում էր և՜ վավերականությունը, և՜ գեղարվեստականությունը։ Հովհաննիսյանն ունի պատկերավոր մտածողություն թե՜ պոեզիայում, թե՜ ակնարկներում։ Նա աշխարհն ընկալում էր հոգու աչքերով, ինչի շնորհիվ նրա ստեղծագործությունները գերում են ընթերցողին՚,¬ իր ելույթում մասնավորապես նշեց լրագրող, հրապարակող Միքայել  Հաջյանը։ 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակից Աշոտ Սարգսյանը և պոետի թոռը՝ Անի Ավանեսյանը, հուշեր պատմեցին Ա. Հովհաննիսյանի մասին։ 

Հուզիչ էր դստեր՝ Լ. Պետրոսյանի խոսքը։ Նա երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։

Ելույթները միջարկվում էին Արմեն Հովհաննիսյանի բանաստեղծություններով, որ կարդում էին հեղինակը (ձայնագրություն) և ուսանողուհիները։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ