Logo
Print this page

ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 28-ին կայացել է ՙԱրցախ՚ ազգային նվագարանների նվագախմբի մենահամերգը` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Նվագախմբի հիմնադիրն ու ղեկավարը թառահար Լևոն Սարդարյանն է: Համերգին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ  անձինք, ազգային երաժշտարվեստի երկրպագուներ:

Համերգին հնչել են հայկական ժողովրդական, գուսանական, հայրենասիրական երգեր և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Անշուշտ, համերգի մթնոլորտը թևավորվում էր հայրենասիրական ոգով, քանզի առիթը հայ ժողովրդի նորագույն պատմության առաջին մեծ հաղթանակների, երկար դադարից հետո առաջին պետության հռչակման 100-ամյա հոբելյանն էր: Ոգեշնչող երգեր, հրաշալի կատարումներ և. որպես օրինաչափ արդյունք` ջերմագին ընդունելություն հանդիսատեսի կողմից: 

Ազգային նվագարանների նվագախումբը հիմնվել է 2015-ին՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Ինչպես դա տեղի ունեցավ, պատմում է նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, թառահար Լևոն Սարդարյանը:

-2015 թվականին Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց ժողգործիքների մրցույթ-փառատոն, որի լավագույն կատարողների ուժերով և երաժշտական քոլեջի ուսանողների համալրմամբ հիմնվեց մանկապատանեկան նվագախումբ` 18 հոգու կազմով: Երկու ամիս պարապելուց հետո առաջին համերգը տրվեց Ճարտարում` այդ տարի Արցախում անկացվող ՙՏնջրե՚ դասական երաժշտության փառատոնի շրջանակներում: Մեկ տարուց հետո իմ նախաձեռնությամբ խումբը համալրվեց մեծահասակ երաժիշտներով: Այդ կազմով մասնակցել ենք 2016թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվող Առաջին համահայկական մրցույթ-փառատոնին, արժանացել առաջին մրցանակի, հանդես եկել գալա-համերգին: 2017-ին Մարտի 8-ի կապակցությամբ առաջին մենահամերգը տվեցինք: Այնուհետև Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո կազմակերպվեց ամբողջությամբ մեր ուժերով: Համերգներ ենք ունեցել Հաթերքում, Մարտունիում:

 Բավականին երկար էինք պատրաստվում այս համերգին: Անշուշտ, խնդիրներ ունենք: Առաջին հերթին նվագարանների պակասն է մեզ մտահոգում: Պրոֆեսիոնալիզմի խնդիր ևս ունենք: Անհրաժեշտ են լավ գործիքներ, բարձրպրոֆեսիոնալ երաժիշտներ, պետական կարգավիճակ, հաստիքներ, աշխատավարձ, որպեսզի նվագախմբի կայացումը լիարժեք ավարտ ունենա և հիմք հանդիսանա հետագա զարգացման համար: Նվագախումբը դեռ կիսապրոֆեսիոնալ, կիսասիրողական մակարդակ ունի: Առաջիկայում պլանավորում ենք Վարդան Բադալյանի՝ անցյալում հետաձգված մենահամերգը նվագախմբի հետ համատեղ, որը տեղի կունենա հունիսի վերջին: Նվագախմբի կազմի ուղիղ կեսը, այո, ուսանողներ և աշակերտներ են, մյուս կեսը` պրոֆեսիոնալներ: Անշուշտ, աշխատանքը դժվարանում է, բայց արդյունք ստանալու համար արժե շատ ջանք թափել:

Խնդրեցինք նախարար Ս. Շահվերդյանին կիսվել իր տպավորություններով:

-Նվախագումբն իր բոլոր կատարումներով Հայաստանի 100-ամյակի մեծ խորհուրդն արտացոլեց: Հրաշալի համերգ էր: Մենք շարունակելու ենք աջակցությունը, մինչև որ ունենանք պետական կարգավիճակով ազգային նվագարանների նվագախումբ:

 

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.