[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 28-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Նոր ծրագրով բեմում էր Արցախի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ: Համերգին հնչել են Կոմիտասի երգերը, Գերշվինի, Մոցարտի, Դոնիցետիի, Մասնեի, Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ: Իսկ կատարողը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի շրջանավարտ, սոպրանո Մարիաննա Մարտիրոսյանն էր: 

Վարպետորեն կատարած արիաները նվագախմբի նուրբ և հմուտ նվագակցությամբ վկայում էին երիտասարդ երգչուհու կատարելագործման մասին: Իր ներքին աշխարհով անցկացրած նուրբ, հոգեպարար կատարումները մեծ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա և արժանացան ջերմ արձագանքի:

Ավարտելով քոլեջը, Մարիաննա Մարտիրոսյանն ուսումը շարունակեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կատարելագործվելով սկզբում պրոֆեսոր Կարինե Կարապետյանի, ապա` կոնսերվատորիայի դոցենտ Գևորգ Հակոբյանի դասարաններում: Միաժամանակ նա վարպետաց դասեր էր անցնում վոկալային արվեստում մեծ հռչակ ունեցող վարպետների` Դմիտրի Վդովինի, Մակվալա Կասբաշվիլիի, Սվետլանա Նեստերենկոյի, Եվգենի Նեստերենկոյի, Ալեսանդրո Ամորետիի, Ջուլիո Ձապայի, Բռենդա Հյոռլիի, Հեդվիգ Ֆասբենդերի, Մոնսերատ Կաբալիեի և այլոց մոտ: Նա մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների և արժանացել մրցանակների և դիպլոմների: 2017-ին ՙԴասական երգեցողություն՚ անվանակարգում Հայաստանի նախագահի Երիտասարդական մրցույթի հաղթող ճանաչվեց: Նույն թվականին Երևանում կայացած Արամ Խաչատրյանի 13-րդ Միջազգային մրցույթի դափնեկիրը դարձավ` արժանանալով հանձնաժողովի նախագահի կողմից շնորհված հատուկ մրցանակին: 2017-ից Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի արտիստ է:

Ինչպես տեսնում ենք, 26-ամյա երիտասարդ երգչուհին վարպետության մեծ ճանապարհ է անցել, և նրա առջև դեպի մեծ բեմեր տանող ուղիները բաց են: Ինչպես խոստովանում է Մարիաննան, նա ջանք ու եռանդ չի խնայում հնարավորինս հեռու գնալ այդ ուղիներով: Անցած համերգը դրա վառ վկայությունն է: Կատարված արիաները, երգերը վոկալային արվեստի բարդ գործերից են, և նա վարպետորեն կատարում էր դրանք: Անշուշտ, խոստովանում է Մարիաննան, այնուամենայնիվ, կատարելագործվելու դեռ մեծ ճանապարհ կա անցնելու, բայց նա պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները: ՙՇատ երախտապարտ եմ մաեստրոյին` համերգին հրավիրելու համար: Հրաշալի համերգ ստացվեց: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին, հանդիսատեսներին և հույս ունեմ, որ կրկին կհանդիպենք այս հիանալի արտիստների հետ՝ ինձ համար հարազատ բեմերի վրա: Այո, կարծում եմ, համագործակցությունը նվագախմբի հետ հրաշալի ստացվեց: Սպասում եմ նոր հրավերների՚:

Նվագախմբի առաջին իսկ օրվանից, մաեստրո Գևորգ Մուրադյանի հավաստմամբ, ղեկավարությունը վարում է ռազմավարություն, որ ի հայտ է բերում տեղի լավագույն ուժերը: ՙԵս հայտնաբերեցի Մարիաննա Մարտիրոսյանին, հրավիրեցի և արցախյան բեմում հանդես գալու հնարավորություն տվեցի նրան: Շատ երաժշտական է, լավ տեխնիկա ունի, մնում է հաճախ բեմ դուրս գալու հնարավորություն տալ նրան, որպեսզի փորձ ձեռք բերի՚: