[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏՆՋՐԵ՚ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳԸ

Մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՙՏնջրե՚ ավանդական երգի-պարի համույթի ՙՁոն քաջաց՚ խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակներին:

Ներկա էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պետական այրեր, ավանդական պարարվեստի և երգարվեստի սիրահարներ:

Ուրախությամբ նշենք, որ ազգային ավանդական երգն ու պարը մտել են ժողովրդի կենցաղ, ինչն էլ, ի սկզբանե, եղել է այդ պարերի քարոզիչների նպատակը: Որպես առարկա` 2017-2018 ուստարում այն դասավանդվում է մի շարք դպրոցներում: Լեփ-լեցուն դահլիճը, միջանցքներում կանգնած բազում մարդիկ ևս վկայում էին ավանդական երգ ու պարի արժեքը ժողովրդի կողմից ընկալվելու և ընդունելու մասին:

ՙՏնջրե՚ ավանդական երգի-պարի համույթն ունի ընդամենը 5 տարվա պատմություն: Սկզբում այն կոչվում էր ՙԱրցախ՚, որի ղեկավարն էր Հայաստանից ժամանած մասնագետ Սարգիս Պարսամյանը: Մինչ այդ Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում շաբաթը մեկ օր բաց դասեր էր անցկացնում պարուսույց Ծովինար Ավետիսյանը, ինչը շատ կարճ տևեց: 2013-ին խմբի ղեկավարումն իր վրա վերցրեց Սարգիս Պարսամյանը և ձևավորեց խմբի կորիզը: Հենց այդ ժամանակ էլ այն անվանվեց ՙԱրցախ՚: Խումբը կազմակերպում էր բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ դրանով նույնպես հանրայնացնելով ազգային պարերը: Նրա ղեկավարությամբ իրականացվել են հետաքրքիր տարբեր ծրագրեր.  Վերածննդի հրապարակում կազմակերպված զանգվածային շուրջպարերը, շրջաններում ուսուցանված ազգային պարերը, զորամասերում անցկացված վարպետության դասերը: Սարգիս Պարսամյանի ղեկավարությամբ համույթը գործեց մինչև 2015թ., երբ նա վերադարձավ Հայաստան: ՙՏնջրե՚ համույթի անդրանիկ այս համերգին նա ներկա էր: Ինչպե՞ս կարող էր նա չարձագանքել բեմից թնդացող պարերին: Կարծես դահլիճը սպասում էր` ուր որ է Սարգիսը կհայտնվի բեմում, պարողների շրջանում: Եվ ահա ՙԿարնո քոչարին՚ պարելու ժամանակ նա հայտնվեց բեմում: Երկու մենակատարներ` համույթի այժմյա ղեկավար Մանուկ Հարությունյանն ու Սարգիս Պարսամյանն այնպիսի եռանդով ու հնարքներով պարեցին, որ դահլիճը պարզապես թնդաց բուռն ծափահարություններից: Պարից հետո, հուզմունքը չթաքցնելով, Ս. Պարսամյանը խորին երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր շարունակեցին գործը և հասցրին այն բարձր մակարդակի:

2017-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության հրավերով Արցախ է ժամանում համույթի այժմյա ղեկավար Մանուկ Հարությունյանը: Նա բեմադրում է նոր պարեր, բարձրացնում խմբի արհեստավարժությունը, հրավիրում ժողովրդական երգի ճանաչված մասնագետ Մարատ Հարությունյանին` ազգագրական երգերի ուսուցման և կատարման նպատակով: Խումբը վերանվանվեց ավանդական երգի-պարի ՙՏնջրե՚ համույթ: Ինչո՞ւ ՙՏնջրե՚ անվանումն ընտրվեց հարցին Մանուկն ամենայն անկեղծությամբ պատասխանեց. ՙԵկել ենք այն եզրակացության, որ երկու հազար տարեկան Արցախի հայտնի տնջրե ծառն ավելի խոր ու ճիշտ է բնութագրում այն ավանդական պարարվեստն ու երգարվեստը, որի քարոզումն ու ժողովրդի կենցաղ մտցնելն իր առաքելությունն է համարում մեր խումբը՚: Երկու ղեկավարները, խմբի անդամներն անչափ ուրախ էին հանդիսատեսի բուռն մասնակցությունից: Ողջ դահլիճը հոգով, իսկ ամենաակտիվները` նաև պարով, միացել էին բեմում պարողներին, և ստեղծվել էր համատեղ պարի միասնական ոգով հագեցված մթնոլորտ:

Ներկայումս համույթը կազմված է 14 անդամից: Մանուկ Հարությունյանի հավաստմամբ` խումբն առաջիկայում կհամալրվի նոր մասնակիցներով: Նա շատ է կարևորում այն, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում խմբին` թե մտահղացումների իրականացման և թե տարբեր խնդիրների լուծման առումով:

Ինչպես նշել ենք, ազգային պարերի տարածմանը մեծ աջակցություն էր ցուցաբերել մշակույթի և երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Նարինե Աղաբալյանը, ում մի քանի հարցեր ուղղեցինք:

- Տիկին Աղաբալյան, խոսենք գաղափարի կարևորության մասին:

- Գաղափարը մեկն էր՝ ազգագրական պարերի տարածումն Արցախում, քանի որ հայտնի պատճառներով երկար ժամանակ կտրված ենք եղել ազգային մշակույթից: Նպատակի իրականացման համար հրավիրեցինք ավանդական պարերի ջատագով, Հայաստանում այդ առաքելությամբ հանդես եկող ՙԿարին՚ ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին, ով մեծ կարևորություն տվեց  նախաձեռնությանը և սիրով ու եռանդով աջակցում էր պարերի տարածման գործընթացին: Ի դեպ, ՙՏնջրե՚ խմբի բոլոր երեք ղեկավարներն էլ ՙԿարին՚ համույթի պարողներն են եղել: Նման համագործակցության շնորհիվ է ապահովվել խմբի շարունակականությունը: Չեմ կարող չնշել խմբի անդամների նվիրվածությունը, գաղափարակիր լինելը, համառությունը, սերը այդ պարերի հանդեպ, ինչը ևս կարևոր գրավական էր խմբի շարունակականության ապահովմանը: Այս հրաշալի համերգը, դահլիճի արձագանքն առհավատչյան է այն բանի, որ որոշ դպրոցներում ծրագրի մեջ մտցված երգի ու պարի առարկան բերում է և կբերի ցանկալի պտուղներ:

-Դպրոցական ծրագրում երգի ու պարի առարկան մտցնելն ինչպե՞ս ընդունվեց: Կտարածվի՞ այն մնացած դպրոցներում:

-Որպես ազգային մշակույթի մաս, որ տարածման կարիք ունի, կարևորվում էր բոլորի կողմից, բայց սպասումները տարբեր էին: Այսօր կարող ենք արձանագրել, որ այդ նախաձեռնությունը տվել է հրաշալի պտուղներ, և այն կունենա շարունակություն: Եկող ուսումնական տարում ավելի մեծ թվով դպրոցներում կմտցվի երգ ու պարի առարկան: Գործընթացն այդ կախված է պարուսույցների թվաքանակից: Ամեն տարի կշատանա սովորողների թիվը, և մի օր Արցախի բոլոր դպրոցներում կուսուցանվի ազգային երգ ու պարի առարկան:

Մեր կողմից էլ մաղթենք խմբի ղեկավարին, անդամներին էլ ավելի մեծ եռանդով շարունակել իրենց վրա վերցրած առաքելությունը, այնքան լայն տարածում ստանան ազգային պարն ու երգը, որ մտնեն կենցաղ և դառնան ժողովրդի կյանքի անբաժանելի մաս, ինչպես դա եղել է նախկին ժամանակներում: