[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ու ՀՀ մշակույթի նախարարությունների միջև  ստորագրված համաձայնագրի շրջանակներում մայիսի 28-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի 1918-1920թթ. վերաբերյալ արխիվային փաստաթղթերի պատճենների ցուցադրություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, ՀՀ-ից ժամանած հյուրեր, պատմությամբ հետաքրքրվողներ: 

Միջոցառումը բացեց Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Կարևորելով 1918-1920թթ. Հայաստանի և Արցախի պատմության արխիվային նյութերի պահպանման փաստը` նա շնորհավորեց ներկաներին հայության պետականության համար իրավունք նվաճած Առաջին Հանրապետության տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ ցուցադրվող նյութերը թանգարանին նվիրելու համար:

Ցուցադրության նախաձեռնության կարևորությունն ընդգծեց նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Ս. Շահվերդյանը: Նա Արցախի գոյատևման փաստը կապեց Առաջին Հանրապետության կայացման հետ, ինչը հնարավորություն է տվել այսօր ունենալ երկու հայկական պետություն: Նախարարը կարևորեց 1918-1920թթ. արցախահայության անկախության համար մղած պայքարի վերաբերյալ  արխիվում պահպանված փաստաթղթերի ցուցադրությունը, ինչը դեր կխաղա նաև բանակցային գործընթացում:

Այնուհետև Հայաստանի ազգային արխիվի առաջատար արխիվագետ Գևորգ Կեսոյանը ներկայացրեց ցուցապաստառ առ ցուցապաստառ ցուցադրված նյութերը, որոնք վերաբերում էին Առաջին Հանրապետության կառավարման ժամանակ ինչպես Հայրենիքի պաշտպանության կազմակերպմանը, այնպես էլ քաղաքական, տնտեսական, կրթական, առողջապահական և այլ ոլորտները կարգավորող մի շարք հրամանների, որոշումների: Ներկայացված էին նաև Առաջին Հանրապետության նախարարների, ռազմական գործիչների լուսանկարներ:

Նշենք, որ ցուցադրությունը կազմված էր երկու մասից: Սկզբից ներկայացված էին Առաջին Հանրապետության վերաբերյալ փաստաթղթեր, իսկ երկրորդ մասով`ռազմապաշտպանական գործողություններում արցախահայության մասնակցության փաստեր, հերոսացված գործիչների լուսանկարներ: Ցուցադրված էին նաև  Արցախի տարածքում թուրքերի դեմ ծավալված ռազմագործողությունների, Արցախի ժամանակավոր կառավարության կողմից ընդունված որոշումների, կոչերի վավերագրերը: Գևորգ Կեսոյանը հատուկ նշեց Սարդարապատում մեծ դերակատարություն ունեցած Դանիել և Պողոս-Բեկ Փիրումյանների արցախյան ծագման մասին: Նա ընդգծեց սեփական անկախության կերտման համար արցախահայության չմարող պայքարը:

Գ. Կեսոյանը հույս հայտնեց, որ նման ցուցադրություն կկազմակերպվի նաև հանրապետության շրջաններում:

Նշենք, որ ցուցադրության էին դրվել շուրջ 250 փաստաթղթերի և լուսանկարների կրկնօրինակներ: Ցուցահանդեսը  կտևի մինչև հունիսի 15-ը:

Էմմա Բալայան