Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՈՍԵ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունիսի 1-2-ը Սերբիայի Ջրենենջանին քաղաքում տեղի ունեցած գոտիներով ըմբշամարտի և կազախ կուրեսիի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում Հայաստանի ազգային մարզաձևերի և Կոխի ֆեդերացիաների համատեղ հավաքականի կազմում 55կգ քաշային կարգում արցախցի ձյուդոիստ Սոսե ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, արձանագրելով փայլուն հաղթանակներ, նվաճեց ոսկե ու արծաթե մեդալներ՝  դառնալով Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն։

Ստորև ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր հարցազրույցը։

-Սոսե, շնորհավորում ենք քո հերթական կարևորագույն հաղթանակները: Ի՞նչ նշանակություն ունեցան քեզ համար այս վերջին նվաճումները, հատկապես որ գոտեմարտեցիր ոչ ձյուդո մարզաձևով։ 

-Չնայած ես առաջին հերթին պարապել եմ ձյուդո մարզաձևով, այնուամենայնիվ, ինձ համար դժվար չէր մենամարտել սամբոյի և այլ ըմբշամարտերի Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում։ Այս անգամ էլ ՀՀ կոխի ավանդական մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Սերոբ Անդրեասյանի կողմից առաջարկություն ստացա մասնակցել գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այն, իհարկե, տարբերվում է ձյուդոյից, բայց տեղեկանալով ըմբշամարտի այդ տեսակի մարզաձևի կանոններին, կարճ ժամանակահատվածում մարզվեցի՝ հմտանալով մենամարտերի առանձնահատկություններին, գործածվող հնարքներին։ Ընդհանուր առմամբ, գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 22 պետությունների մարզիկներ։ 55կգ քաշային կարգում ունեի 7 մրցակից և կայացած 5 գոտեմարտերում էլ հաղթեցի։ Դրանից հետո անմիջապես առաջարկություն ստացա հաջորդ օրը մասնակցել կազախ կուրեսիի առաջնությանը։ Այդ մրցաշարում ունեցա 4 գոտեմարտ, որոնց ընթացքում արձանագրելով 3 հաղթանակ և մեկ պարտություն, գրավեցի 2-րդ տեղը։ Իհարկե, հաղթանակների ամենակարևոր, ամենահուզիչ ու տպավորիչ պահերից մեկն էլ այն է, որ 1-ին պատվավոր պատվանդանի վրա կանգնած ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվում է երկրիդ դրոշը։ Այդ պահին մարզիկն ունենում է հաղթական խաղաղություն, մեծ բերկրանք ու բավականություն, և որ իզուր չէին այնքան քրտնաջան աշխատանքները։ Պարգևատրությունից հետո ես բարձրացրի նաև Արցախի դրոշը և լուսանկարվեցի մրցակիցներիս հետ՝ նրանց տեղեկացնելով, որ սա մեր հայկական երկրորդ հանրապետության դրոշն է։ Նրանք իրենց հերթին պատիվ համարեցին, որ մրցել են արցախցի ուժեղագույն մարզիկի հետ։ 

-Կազմակերպական առումով ինչպե՞ս անցան այդ մրցաշարերը, և արդյո՞ք պատրաստ էիր մասնակցել այդ կարևոր առաջնություններին։   

-Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով, մրցաշարերը կազմակերպվել են բարձր մակարդակով, չնայած, ի տարբերություն ձյուդո մարզաձևի, դրանք օլիմպիական չեն։ Մասնակցության հրավերը ստացել էի 2 ամիս առաջ, բացի դրանից, ֆինանսական մասը նույնպես հոգացել են կազմակերպիչները։  Ինչ վերաբերում է մարզական վիճակիս, ապա նշյալ մրցաշարից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 18-20-ը, Հունաստանում մասնակցել եմ սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որին պատրաստվել էի բավականին ջանադրաբար։ Չնայած առաջին գոտեմարտում պարտվեցի բուլղարացի մարզիկին, սակայն դա ինձ համար մեծ փորձ էր, ոչ թե պարտություն, որովհետև հակառակորդս ուժեղագույն մարզիկներից էր՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ Այդ ժամանակաընթացքում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի  գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի հետ օրական երկու անգամ պարապում էինք։ Այնպես որ, ես արդեն պատրաստ էի մեկնել Սերբիա։ 

-Որպես և՜ մարզիկ, և՜ մարզիչ, ինչպե՞ս են ընթանում պարապմունքներդ։ Մի՞շտ է հաջողվում իրագործել  նպատակներդ ու սպասելիքներդ։

-Արդեն 15 տարի է, որ պարապում եմ ձյուդոյով (13 տարեկանից)։ Իհարկե, այդ տարիներին ունեցել եմ դժվարություններ, անընդհատ պարապել եմ, մշտապես պատրաստվել մրցումների՝ գործածելով ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական  բոլոր հնարքները։ Այդ ուղին և՜ դժվար էր, և՜ հեշտ, որովհետև ամեն անգամ, չնայած մարզական պատրաստ վիճակիդ, միշտ չէ հնարավոր լինում մրցումների ժամանակ ճիշտ ինքնադրսևորվել և արժանանալ մեդալի։ Եվ տարբերություն չկա, թե որ մարզաձևով ես դու հանդես գալիս։ Մրցաշարից առաջ բոլոր մարզիկներն էլ ունենում են հուզական ու հոգեբանական տարբեր ապրումներ։ Միայն հոգեբանորեն ճիշտ տրամադրվածության և հաղթանակին անվերապահ հասնելու ձգտումով ու մի քիչ էլ հաջողության շնորհիվ հնարավոր է արձանագրել լավագույն արդյունքներ։ Մարզիկը պետք է պարապի նպատակասլաց, լինի հոգեբանորեն ճիշտ տրամադրված, հավատով, որ ինքը կարող է, պատրաստ է հասնել այդ բաղձալի հաղթանակին։ Կարևորը պարտությունից հետո չվհատվելն է։ Պարտությունների մեջ ես երբեք հոգով պարտված չեմ զգացել, ընդհակառակը, միշտ ուժ եմ գտել իմ մեջ, որ, միևնույն է, ամեն գնով հասնելու եմ հաղթանակի։ Դրա համար էլ երբեք չեմ դադարել պարապել, չեմ հուսահատվել, չեմ թուլացել, այլ շարժվել եմ առաջ։ 

-Իսկ դժվա՞ր չէ ՙթույլ՚ սեռի ներկայացուցչի համար անցնել նման ճանապարհ։ 

-Կարծում եմ`տարբերություն չկա ՙթույլ՚ կամ ՙուժեղ՚ սեռի մարզիկների միջև, եթե մարզիկը սիրում է տվյալ մարզաձևը, մշտապես զբաղվում է դրանով ու ձգտում հասնել հաղթանակի, ապա նման ճանապարհն արդեն դառնում է ապրելակերպ։ Ճիշտ է, դժվարություններ ու խոչընդոտներ շատ են լինում, բայց եթե սիրում ես գործդ, ապա այդ ամենին հասնելն ինչ-որ տեղ դյուրին է թվում։ 

-Ո՞րն է քո ամենամեծ երազանքն ու նպատակը։ 

-Մի քանի տարի առաջ սամբոյի Եվրոպայի (2 անգամ) և Աշխարհի մեծահասակների առաջնություններում դարձա բրոնզե մեդալակիր, իսկ ամենանշանակալի ձեռքբերումը համարում եմ 2017թ. ապրիլի 1-ին Խորվաթիայում ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում 2-րդ մրցանակային տեղ նվաճելը և արծաթե մեդալակիր դառնալը։ Դրանից հետո առաջին անգամ մասնակցեցի մեծահասակների ձյուդոյի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, որոնց միայն մասնակցությունն ինձ համար մեծ բան էր նշանակում։ Սակայն դրանով չեմ բավարարվել, որովհետև ունեմ մեծ նպատակ ու երազանք՝ ձյուդոյի և սամբոյի աշխարհի առաջնություններում զբաղեցնել 1-ին տեղը, այնուհետև մասնակցել օլիմպիական խաղերին ու մեդալ բերել մեր երկրին։ 

-Տեսանելի հեռանկարում ի՞նչ ծրագրեր ունես։ 

-Այս տարվա սեպտեմբերին պատրաստվում եմ մասնակցել գոտիներով ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը, որի հրավերն արդեն ստացել եմ, իսկ նոյեմբերին՝ սամբոյի Աշխարհի առաջնությանը։ Դրանց զուգահեռ էլ կմասնակցեմ այլ մրցաշարերի։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչիս` Իվան Ազիզբեկյանին, տարիների քրտնաջան աշխատանքի, ինչպես նաև իմ թիմակիցներին` ցուցաբերած աջակցության համար։ Մեր մարզիկներին էլ մաղթում եմ նպատակասլաց աշխատանք` Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական մրցաշարերում հաղթանակներ ձեռք բերելու համար։ Մեր նշանաբանն է` երբեք չհանձնվել, հավատով ու հաստատուն  քայլերով, անտրտունջ պարապունքներով հասնել բերկրալի հաղթանակի։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ