[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՆՐԱ ՍԵՐՆ ԷՐ

Հունիսի 8-ին ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում տեղի ունեցավ ՙԳեղագիտությունը և բանաստեղծությունը. Սարինյանի հետ՚ գրքի շնորհանդեսը։ Գիրքը կազմել է նույն համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, ով փորձ է արել բազմակողմանիորեն  ներկայացնել մեծ արցախցու, գիտնականի գեղագիտական, փիլիսոփայական հայացքները, ցույց է տվել, թե ինչպես են մտերմական-ընկերական հարաբերությունները վերածվում ստեղծագործական համագործակցության։ 

 Գրքի ՙԵրկխոսություն. Սարինյանի ֆենոմենը՚ բաժնում ներկայացվում են գիտնականի և բանաստեղծ Վարդան Հակոբյանի երկար տարիների ընկերական հարաբերություններն ու գիտական-ստեղծագործական կապերը։ Բացահայտվում է Սարինյանի կերպարը գիտական աշխարհում, կյանքում, կենցաղում։ Երկխոսության մեջ որոշակի լույս է սփռվում Սարինյան-Պարույր Սևակ, Սարինյան-Հրանտ Մաթևոսյան, Սարինյան-Սևակ Արզումանյան, Սարինյան-Լևոն Խեչոյան և այլ անվանի գործիչների հետ ունեցած գրական-ստեղծագործական առնչությունների ու կապերի վրա։ Գրքում բացահայտվում է Սարինյանի ֆենոմենը, հարուստ  ներաշխարհի արդիականությունը, դասերը գալիք սերունդների համար։ 

Միջոցառումը նաև հուշ-ցերեկույթ էր մեծ գիտնականի հիշատակին։ ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, բացելով շնորհանդեսը, հայտնեց, որ հենց նույն օրը, նույն ժամին Երևանում, գրականության  ինստիտուտում նույնպես ընթանում է ակադեմիկոսի հիշատակի արարողություն։ Վ. Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Սարինյանը  մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում երիտասարդ գրականագետների պատրաստման գործում։ Ապրեց իմաստուն, բեղմնավոր, իսկ մահով ընդգծվեց նրա հավերժական ընթացքը, հոգևոր ներկայությունը։ Նրա գրքերը, գիտական ժառանգությունը կրթել ու պիտի կրթեն սերունդներ։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում նշեց, որ գիտնականի գրքերը մարդու և մարդկայնության, կյանքի փիլիսոփայության մասին են, որ նա մեծ գործ է կատարել խորհրդային և հետխորհրդային շրջանում հայ գրականագիտության մտքի ձևավորման, զարգացման գործում։ Նրա խոսքով` Սարինյանը 19-րդ դարի հայ դասական գրականության գիտակն է, ով գրական միջավայրին հաղորդում էր ազգային հպարտության երանգներ։ Սարինյանը նաև գրականության տեսաբան է, գրականության պատմաբան, գրականագիտության մեծ փիլիսոփա, որի հետ դժվար է բանավիճել, ում  կարելի է համեմատել  Բելինսկու հետ։ 

Ականավոր գրականագետի մասին խոսք են ասում, հանդիպումներից  հուշեր են պատմում գրողներ Կիմ Գաբրիելյանը, Արկադի Թովմասյանը, Ժաննա Բեգլարյանը, Զինաիդա Բալայանը, բանասիրական գիտությունների  թեկնածու Սիլվա Մինասյանը։ Նշվեց, որ Սարինյանը միշտ տեր էր կանգնում երիտասարդ գրականագետների ու գրողների խնդիրներին, որ Արցախը նրա սերն էր, որ նրա ուշադրության կենտրոնում են եղել նաև Արցախում ստեղծագործող գրողները։ Նա հայ գրականագիտության մեջ հոգեբանական ուղղության հիմնադիրն է, որի միջոցով տեսանելի է դառնում անհատի դերակատարությունը հայրենի հոգևոր արժեքների, ազգային գաղափարակարգի  ստեղծման, պահպանման գործում։ Անվանի մուրացանագետն իր պարտադիր ներկայությամբ շուք ու խորհուրդ էր հաղորդում Արցախի գրողների միության կողմից կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառումներին, հատկապես` Մուրացանյան օրերին։ Նա հայկական  ռոմանտիզմը ներկայացրեց որպես պատմական երևույթ, կատեգորիա, գնահատման դրեց հայ գրականության երևելիների՝ Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Ղ. Ալիշանի, Պ. Դուրյանի, Մուրացանի, Րաֆֆու և այլ մեծերի ստեղծագործությունները։ Նա գրականագիտական հարուստ ժառանգություն է թողել` ՙՌեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ՚, ՙՀայկական ռոմանտիզմ՚, ՙՐաֆֆի՚, ՙՎ. Տերյանի դիմանկարը՚, ՙԼևոն Շանթ՚, ՙՀայ վեպի պատմություն՚, ՙՀայ նոր գրականության պատմություն՚ (հինգհատորյակ` Սարինյանի խմբագրությամբ), ՙՀայ քննադատության պատմություն՚ (երկու հատոր` Սարինյանի խմբագրությամբ) և այլն։

Գրականագետ Ամալյա Գրիգորյանն ասաց, որ ինքը մեծացել է Սարինյանի մասին պատմություններով, եղելություններով, գիտական և կյանքի պատգամներով։ Որ գիրքը կազմելը եղել է իր խոնարհումը մեծ հայրենակցին, և որ ինքը փորձ է արել ստեղծել գիտնականի նկարագիրը։

ՙՄեծ որոնող էր և մեծ ընթերցող՚,-ասել է նա:

Ելույթ ունեցողներն առաջարկեցին հրատարակել հուշերի գիրք։ ՙԳեղագիտությունը և բանաստեղծությունը. Սարինյանի հետ՚ գրքի հրատարակությունը հոգու պարտք էր մեծ գիտնականի հիշատակին, մահվան տարելիցին։     

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ