Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ՆԿԱՐԻՉԸ

Օրերս ՙԱրմատներ՚ արվեստի կենսակենտրոնում տեղի է ունեցել նկարչուհի Լիանա Քոչարյանի գործերի անհատական ցուցահանդես-վաճառքը: Կենտրոնը դեռ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան իր օգտատերերին հրավիրում էր սրճարան` անմիջական ու ջերմ մթնոլորտում ծանոթանալու նկարչուհու գործերին, շփվելու նրա հետ: 

 Հենց այդպես էլ ստացվեց: ՙԱրմատներ՚-ում մշակութային միջոցառումները կարգավորող, լրագրող Սարինե Հայրիյանը համառոտ ներկայացրեց ցուցադրության ներկայացված գործերն ու նկարչուհու անցած ճանապարհը: Լիանա Քոչարյանը ծննդով Մարտունու շրջանի Աշան գյուղից է: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Այնուհետև աշխատել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 հանրակրթական դպրոցում, դասավանդել ՙկերպարվեստ՚ առարկան: Կին-արվեստագետ լինելով հանդերձ` 1998-ից մինչև 2016-ը ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում, ունի սպայական կոչում: Բազմաթիվ ընկերական շարժերի, գեղանկարների, իսկ վերջերս էլ շուրջ 30 գրքերի նկարազարդման, նաև բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ է: 1992 թվականից Արցախի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, բիենալիների, սիմպոզիումների: Արժանացել է Արցախի կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի: 

Սրճարանում մեծ բազմություն էր հավաքվել: Եվ դա ամենևին էլ զարմանալի չէր: Լիանա Քոչարյանը մայրաքաղաքում ճանաչված ու սիրված անձնավորություն է: Մտնելով քաղաքի գեղարվեստական աշխարհ, նա աչքի ընկավ ինքնուրույն ոճով, ինքնատիպ աշխարհընկալմամբ, արվեստի հանդեպ ունեցած խոր նվիրվածությամբ: Նկարչի սուր աչքը տեսնում և յուրահատուկ ձևով արտացոլում է մարդու արտաքին տեսքի ու ներաշխարհի հակասությունները: Նկարչի խորաթափանց հայացքն ամեն ինչ է նկատում` թե՜ մարդուն ու բնությանը վերաբերող, թե՜ հասարակության մեջ կատարվող երևույթներին, իրադարձություններին: Նա անտարբեր չէ ցանկացած մարդու, երևույթի հանդեպ: Երկրում կատարվող շատ թե քիչ կարևոր իրադարձություններ արժևորվում են նրա արժեհամակարգում և տեղ գտնում իր կտավներում: 

Սրճարանում ցուցադրված նկարները, խոստովանում է հեղինակը, ներկայացնում էին Ղարաբաղյան շարժումից ծնված և հետագայում նրա ստեղծագործական կյանքում զարգացում ստացած արցախյան կոլորիտը, ինչպես նկարչուհին է նկատում` ՙհամն ու հոտն՚ արտացոլող, ՙԱրցախյան մոտիվներով՚ վերնագրված շարքը: Նշված կտավների հերոսներն են Արցախի ինքնատիպությունը, ավանդույթները պահպանող տատիկն ու պապիկը` հումորով լի, կենսախինդ աշխարհընկալմամբ ներշնչված: Այս կերպարները չափազանց հոգեհարազատ են նկարչուհուն: ՙՈրպես մարդկային յուրօրինակ տիպար` նրանք շատ կարևոր են ինձ համար,- խոստովանում է նա:- Չէ՞ որ ինքնուրույնից, ինքնատիպությունից զուրկ մարդուն շատ հեշտ է դարձնել անդեմ ամբոխի մի մասնիկ և նրան թելադրել ցանկացած օտարածին արժեհամակարգ՚: 

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև գեղանկարչական գործեր: Այս կտավներն իրենց էությամբ հոգեհարազատ են վերոհիշյալ շարքին: Կտավներում արտացոլված են հայրենի երկրամասի բնության յուրատեսակ, հեքիաթային պատկերները: Հայրենի երկրի բնությունը և այնտեղ ապրող մարդն անբաժան են իրարից, համոզված է նկարչուհին, նրանք հոգեպես միաձուլված են ու հարազատացած: Այլ կերպ չէր էլ կարող լինել, նկատում է նա, չէ՞ որ բնությունն է ձևավորում մարդուս ներաշխարհը` բնավորությունը, պատկերացումները: Ահա թե ինչու արցախյան ՙհամն ու հոտն՚ արտացոլող մարդն ու բնությունը հավասարապես արժևորված են նրա ստեղծագործության մեջ: 

Մի ուրույն տեղ են գտել նկարչուհու զարդագրերը, որոնք, խոստովանում է նա, իր ստեղծագործության մեջ մի նոր էջ են բացել: Զարդագրերը ներկայացված են հայկական մանրանկարչության տարրերով, բովանդակությամբ կապված են վերոնշյալ նրա կտավների հետ, քանի որ արտահայտում են արցախյան գրողներից, ժողովրդական ասացվածքներից մեջբերած հատվածներ: Եթե կտավներում արցախյան ինքնատիպությունն արտացոլող տարրերը գիծն ու գույնն են, ապա զարդագրերում այդ էությունը կրողը խոսքն է` հարցազրույցում արտահայտած իր մտքերը եզրափակում է Լիանա Քոչարյանը: 

Այս երեկոն, խոստովանում է նկարչուհին, իր կյանքի երջանիկ օրերից մեկն է: Անհատական ցուցահանդես կազմակերպելու մտահղացումը վաղուց էր ծնվել, բայց ինչ-որ մի բան խանգարում էր դա իրականացնել: Նկարչուհին իր խորին երախտագիտությունը հայտնեց ՙԱրմատներ՚ արվեստի կենսակենտրոնին` վաղեմի մտահղացումը կյանքի կոչելու, անմիջական մթնոլորտում շնորհանդեսն անցկացնելու, իսկ ընկերներին, գործընկերներին` ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների համար: 

Ցուցահանդեսը կտևի մոտ մեկ ամիս:

 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ