Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻՆ

 

 

 

ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ծնվել է 1948թ. հունվարի 12-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ 1965-ից աշխատել է Մ. Գորկու (այժմ Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։

Բնատուր շնորհքի, աշխատասիրության շնորհիվ, սովորելով վարպետ դերասաններից ու փորձառու ռեժիսորներից, Ք. Հարությունյանը հմտացել է բեմարվեստում, հանդիսատեսի ու թատերախոսների կողմից գնահատվել ըստ արժանվույն։ Բազմապլան դերասան է, իր ուժերն է փորձել նաև ռեժիսորական արվեստում, բեմադրություններ է հեղինակել ինքնագործ թատերախմբերում, ինչպես նաև Ստեփանակերտի մայր թատրոնում։ Նկարահանվել է Գոռ Վարդանյանի ՙՃակատագիր՚, Ջիվան Ավետիսյանի ՙԹևանիկ՚ և ՙԸնդհատված մանկություն՚, Մհեր Ալբերտի Մկրտչյանի ՙԿյանք ու կռիվ՚, Անահիտ Աբադի ՙԵվա՚, Ա. Գևորգյանի ՙԽորտկարանը ճամփեզրին՚  ֆիլմերում։ Արժանացել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալի։  ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր է։ Պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով։ 2015-ին Վանաձորում Հովհաննես Աբելյանի անվան հուշամեդալ է ստացել  Հասան Ջալալի (Մուրացան՝ ՙՌուզան՚) դերակատարման համար։ 

-Մեր զրույցը սկսենք դերասան դառնալու Ձեր երազանքից։

-Երեխա էի, սովորում էի 4-րդ դասարանում, Շուշիի գիշերօթիկում։ Դրա պատմությունից սկսեմ։ Գիշերօթիկի տնօրեն, անվանի մանկավարժ Արսեն Խաչատրյանը հորս հետ մոտ ընկեր էր, գիշերօթիկն էլ նոր էր բացվել: Զանգել էր հորս, գեղեցիկ ներկայացրել կրթօջախը, որտեղ հայտնի մանկավարժներ են աշխատում, նրանք են՝ Մարտիրոսյան Շահենը (հայոց լեզու և գրականություն), Ֆարսյան Ժորան (մաթեմատիկա)... Դպրոցում էի սովորում, երբ մի անգամ Երևանից Սուրեն Քոչարյանը եկավ դպրոց ելույթի։ Երբ նրան տեսա բեմի վրա Թումանյանի հեքիաթներն ու պոեմները արտասանելիս, այնպես տպավորվեցի, որ որոշեցի դերասան դառնալ։ Դերասան դառնալու երազանքը տարիների հետ վերածվեց ավելի սևեռուն գաղափարի, մտքի։ Սուրեն Քոչարյանը դարձավ իմ կուռքը, մինչև այսօր. նա անգերազանցելի էր։ Եթե նրան չհանդիպեի, գուցե մեխանիզատոր դառնայի։ Մանկական երազանք էր, և գուցե իմ երջանկությունն էր և այն, որ երազանքս իրականություն դարձավ։

-Ինչպե՞ս եղավ  Ձեր մուտքը թատրոն։ Կարծես թե չեք ձգտել մասնագիտական կայուն կրթություն ստանալ։

-Ես սովորում էի գյուղատնտեսական տեխնիկումում, որտեղ թատերական ինքնագործ խմբի անդամ էի։ Ասեմ նաև, որ 8-րդ դասարանն ավարտելուց գնացել էի տեխնիկում։ Միքայել Հարությունյանն այն տարիներին հայտնի էր որպես ՙՀյուսիսային ծիածան՚ (Խ. Աբովյան) կինոֆիլմում Աղասիի դերակատարը։ Ինքը մեր տեխնիկումում թատերական խումբ էր պահում։ Տեսավ, որ շնորհք ունեմ, նաև դերասան դառնալու ցանկություն, մի օր ինձ տարավ Ստեփանակերտի թատրոն՝ Իվան Հովհաննիսյանի մոտ, ով այն ժամանակ գլխավոր ռեժիսորն էր։ 15-16 տարեկան պատանի էի։ Ազատ հաստիք չկար, բայց ինձ առաջարկեց գալ-գնալ, կապ պահպանել թատրոնի հետ, մինչև որ մի բան ստացվի։ Այդպես թատրոնի  հետ կապս  հաստատվեց։ Թատրոնում բեմադրում էին  ՙՄխիթար Սպարապետ՚։ Ես կուլիսներում նստած դիտել էի փորձերը, և պիեսը գրեթե անգիր գիտեի։ Դերակատարը՝ Ղարիբյան Ռուդիկը, գնացել էր Երևան՝ քննության, իսկ տոմսերն արդեն ծախված էին, դահլիճը լեփ-լեցուն էր, ասացի՝ ես կխաղամ։ Շատերը տարակուսեցին, բայց ես վստահ մտա դերի մեջ։ Դա առիթ դարձավ, որ ինձ հրամանագրեն որպես սկսնակ դերասան։ 

Հիմա բացատրեմ, թե ինչու չգնացի ուսանելու Երևանի գեղարվեստաթատերականում։ Անվանի ռեժիսոր Արտաշես Հովսեփյանը եկել էր Ստեփանակերտ, երիտասարդներ հավաքագրելու բարձրագույնի համար, բայց քանի որ ես թատրոնի խաղացանկում  շատ էի զբաղված (մեծ ու փոքր դերերով), մի տեսակ իմաստ չեղավ, որ աշխատանքը թողնեմ։ Հետո գնացի խորհրդային բանակ, ծառայեցի, վերադարձա, ինձ գրկաբաց ընդունեցին, և՜ աշխատում էի, և՜ հեռակա սովորում Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան արվեստների ժողովրդական համալսարանի ՙԴերասանական արվեստ՚ բաժնում։ 2 տարի սովորեցի։ 

-Դուք խաղընկեր եք եղել թատրոնի շատ մեծությունների հետ։ Ի՞նչ է դա տվել Ձեզ:

-Բացի Կարո Ալվարյանից, որին չեմ տեսել, մնացածների հետ խաղընկեր եմ եղել։ Նրանք թատրոնի սյուներն են եղել, Հայաստանի ցանկացած թատրոն կերազեր նման մեծություններ ունենալ, դա մի նախանձելի աստղաբույլ էր: Մեր թատրոնն Անդրկովկասում հայտնի մշակութային օջախ էր։ Ես նրանցից շատ բան եմ սովորել։ Ամեն մեկից ինչ-որ բան վերցնելն էլ մեծ դպրոց էր։ Ես նրանցից սովորել եմ  աշխատասիրություն, անմնացորդ նվիրվածություն, պատասխանատվություն։ Սովորել եմ մասնագիտական էթիկա  և բեմական մշակույթ։ Ես նրանց շատ եմ պարտական և խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ։ Կոլեկտիվում իշխում էին սերն ու համերաշխությունը, մթնոլորտը  ստեղծագործական էր։ Ներկայացումները քննարկում էին, խոսում լավի ու թերությունների մասին, և ոչ ոք չէր վիրավորվում։ Նրանց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր, գործուղումների գնալը՝ առավել ևս։ Սուրեն Համզոյանը, Թամարա Մելքումյանը, բոլորը, բոլորը...Ո՞ր մեկին հիշեմ։ Ներկայացումները գյուղական վայրերում խաղում էինք լամպի լույսի տակ, եղել է, որ սպասել ենք լուսնի լույսին...Բայց երանելի, փառավոր ժամանակներ էին։ Ես երջանիկ եմ նրանց հետ աշխատելու համար։ 40 տարի աշխատել եմ նրանց հետ։ Եվ նրանք ինչքա՛ն ուշադիր ու հոգատար էին երիտասարդներիս հանդեպ։

-Դուք բազմապլան դերասան եք։ Ձեզ հավասարապես հաջողել են և՜ դրամատիկական, և՜  բնութագրական և՜  կոմիկական դերերը. Սեյրան, Ոսկան, Սաղաթել (Ալ. Շիրվանզադե), Համբո (Թումանյան), Մուրիկ (L. Միքայելյան), Միքայել (Գ. Սունդուկյան), Բելոգուբով (Ա. Օստրովսկի), Վաչագան ( Խ. Ավագյան), Առլեկին (Դ. Ռիկարդո), Նազար ( Գ. Տեր-Գրիգորյան), Հասան Ջալալ (Մուրացան)...Ունե՞ք Ձեզ ավելի սրտամոտ դերեր։

-Անկեղծ ասած, սիրում եմ բացասական դերեր մարմնավորել։ Ճիշտ է, դժվար է, բայց կերպարը պիտի մշակես, ստեղծես։  Տարիքի հետ ձգում են կոմիկական դերերը։ Ջահել ժամանակ հերոս էի խաղում։ Այսօր իմ խաղացած դերերն այլ կերպ կխաղայի,  ավելի մտածված։ Ինձ վստահված դերերը միշտ խաղացել եմ մեծ պատասխանատվությամբ, աշխատել եմ հուսախաբ չանել, և դա գնահատել են ռեժիսորները։ Ականջս միշտ եղել է ավագների դիտողություններին։ Ինքս ինձնից միշտ դժգոհ եմ եղել, մինչև այսօր։ 

-Ասմունքը ի՞նչ տեղ է գրավում Ձեր թատերարվեստում։ 

-Անկեղծ ասած,  դերասանը պիտի ասմունքի։ Եվ ոչ միայն, պիտի երգեն, պիտի պարեն... Շնորհք ունեն, բայց չեն զբաղվում, և դա ցավալի է։ Ես Թումանյանի երկու հատորները գրեթե անգիր գիտեմ, հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ...Շատ եմ կարդում։ Ասմունքի քաղցրությունը ես զգում եմ։ Իմ երկացանկում և՜  հայ դասականներն են, և՜  ժամանակակիցները։ Իմ ասմունքի խաղացանկում կան 50-ից ավելի գործեր, որոնց մեջ կան հումոր, երգիծանք, հայրենասիրական, քնարական ստեղծագործություններ։ Հաճախ եմ ելույթ ունենում զորամասերում, ժամերով արտասանում։ 

-Արցախյան շարժման, ազգային զարթոնքի տարիներին մայր թատրոնին կից ստեղծվել էր նաև պոեզիայի թատրոն։

-Այո։ Դա ժամանակի հրամայականն էր։ Բաղինյան Սամվելն էր ու ես։ Մենք գնացինք դեպի ժողովուրդը՝ ասմունքով, հայրենասիրական ստեղծագործությունների ընթերցմամբ։ Եղանք բոլոր ամենածայրամասային  գյուղերում։ Ղարաբաղի հանդիսատեսը ծարավ է գրական-գեղարվեստական խոսքի։  Հիշում եմ այդ տարիներից մի դեպք. Ճարտարում էինք, միջոցառման կեսին էլեկտրական լույսերը խափանվեցին, բայց դահլիճը պահանջեց շարունակել ելույթները։ Մթության մեջ, ոչ ոք չլքեց դահլիճը։ Մի ուրիշ անգամ. ելույթ էինք ունենում Ստեփանակերտի 8-րդ դպրոցում, հանկարծ տագնապի ազդանշան տվեցին։ Զինավոր Գևորգյանը փութով դռները բացեց, բայց ոչ ոք դուրս չեկավ...Հանդես էինք գալիս նկուղներում, ռմբապաստարաններում, գնում էինք դիրքերը (պատերազմի ժամանակ)։ 1992-ն էր, շրջանում նոր տարվա միջոցառմանն էինք։  Ճիշտն ասած, ես մեծ ճանաչում ստացա հենց այդ տարիներին։

-Կա՞ն դերեր, որ երազում եք խաղալ։ 

-40 տարվա ընթացքում խաղացել եմ 100-ից ավելի դերեր, վերջին 20 տարում՝ 15-20 դեր։ Կուզենայի ավելի շատ խաղալ։ Ես ուզում եմ ամեն օր լինել բեմում, խաղալ...Դրանից չեմ հոգնում։ 

-Այսօր Քաջիկ Հարությունյանը ի՞նչ դերի վրա է աշխատում։

-Թեննեսի Ուիլյամսի ՙԿատուն շիկացած տանիքի վրա՚ պիեսում Մեծ Հայրիկի դերն եմ տանում։ Բեմադրիչը Մարիա Կարապետյանն է։ Հետաքրքիր գործ է։ 

-Դուք նաև զբաղվում եք մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործով։ Ժամանակը հերիքո՞ւմ է։

-Այո։ Լավ գործի համար ես միշտ ժամանակ ունեմ։ Մի դեպք պատմեմ։ Զորամասից  հրավիրում են օգնելու ու փոքրիկ բեմադրություն անելու։ Զբաղվածությունս մեծ էր, իմ հետևից մեքենա էին ուղարկում գիշերը, 12-ն անց, գնում էի, և ի՛նչ ոգևորությամբ էին անցնում փորձերը։ 25 տարի է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում խմբեր ունեմ, ասմունքի և թատերական։ Այսօր մեր թատրոնում աշխատող երիտասարդ դերասանների մի մասն իմ թատերախմբերի սաներն են։ Գյուղական վայրերում ինքնագործ խմբերին մեթոդական օգնություն եմ ցույց տալիս։ 

-Դուք հաճա՞խ եք լինում բնության գրկում։ 

-Այգի ունեմ։ Բնության սիրահար եմ։ Ճանապարհին դերերս եմ սովորում։ Քիչ-միչ, բայց նյութական հարց եմ լուծում։ Անտառները լիքը, մարդիկ զլանում են գնալ, հավաքել։

-Հիասթափության պահեր ունեցե՞լ եք։

-Ոչ, ես միշտ լավատես եմ եղել։ Անկումներ, վերելքներ ու վայրէջքներ եղել են, բայց ես ապագան միշտ լավ եմ տեսել։ Այսօր մենք տանիք չունենք. 20 տարուց ավելի է թատրոնի շենքի նորոգումը՝ օրակարգի մեջ։ Շենքը շատ գեղեցիկ է, ակուստիկան՝ բացառիկ։ Հավատում եմ, և՜  շենք կունենանք, և՜  թատրոնի համբավն ինչ-որ չափով կվերականգնվի։ 

-Ձեր տարիքից ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ դերասաններին։

-Նվիրվել մասնագիտությանը։ Շնորհալի երիտասարդներ ունենք։ Փորձառու մանկավարժ-ռեժիսորի ձեռքը մի քիչ պակասում է։

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ