Logo
Print this page

ԳՐՈՂԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ծաղկաձորում տեղի է ունեցել երիտասարդ գրողների 16-րդ համաժողովը

 Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Արցախի երիտասարդ, սկսնակ գրողներ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնց թվում էին Էդուարդ Միլիտոնյանը, Արտեմ Հարությունյանը, Վահե Արսենը (բանաստեղծ և գրականագետ), Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, Սուսաննա Հարությունյանը, Արմեն Ավանեսյանը, Պերճ Դեմիրճյանը, Շանթ Մկրտչյանը։ Մի քանի օր տևած համաժողովին մասնակցում էին նաև գրահրատարակիչներ։ 

Արցախից մասնակցել են արձակագիր Վան Նովիկովը, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը: Մեզ հետ զրույցի ընթացքում նրանք անդրադարձան համաժողովում հնչած խնդիրներին, որոնք առկա են նաև Արցախի գրական դաշտում։ 

ԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ 

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԳԱԼՈՒ Է

Վան ՆՈՎԻԿՈՎ. -Ինձ համար միշտ կարևոր է եղել հասու լինել համահայկական գրական դաշտում ընթացող գործընթացներին, գրական խնդիրներին, որոնք միշտ էլ հանդիպումից հանդիպում բարձրաձայնվում են, բայց բովանդակային առումով նկատելի փոփոխություններ չեն կատարվում։ Ինձ համար գրական գործընթացները տեսանելի են եղել արդեն ճանաչում գտած գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկումներով, ով այս անգամ հանդես եկավ ՙԻրականությունը և գրականությունը՚  թեմայով զեկուցումով, որի մեջ  կրկին տեսանելի դարձավ երիտասարդ սերնդի գրական ընթացքը: Գրական դաշտում փոփոխությունները զգալի են, հատկապես ապրիլյան իրադարձությունների առիթով, և համաժողովը հանգեց այն ընդհանրացված մտքին, որ գալիս է գաղափարներով հագեցած մի սերունդ, որ կենսական այլ ազդակներ ունի, գալիս է ներքին ընդդիմությամբ, կաղապարներ փշրելու, գալիս է իր ներաշխարհով, զգացումներով, իր հարցադրումներով։ Անշուշտ, վերջին դեպքերի ազդեցությամբ տեղի են ունեցել գրականության վերաարժևորում և վերաձևում, հատկապես երիտասարդական գրական դաշտում։ Նախկինում շատ է գրվել ընդդիմադիր հայացքների մասին թե՜ պոեզիայում, թե՜ արձակում, որոնք, սակայն, այն ժամանակ այնքան էլ ուշադրության կենտրոնում չէին։ Սակայն վերջին իրադարձությունները դրանք առաջ մղեցին։ 

Ժամանակների մեջ անփոփոխ է մնացել մի հանգամանք, որ գրողները և գրականությունը հակված են սպասարկու լինել այս կամ այն գաղափարական հոսանքներին։ Որ շատ հաճախ ստեղծվում է պոպուլիստական գրականություն, երբ մարդիկ ինչ-ինչ պահանջների ազդեցության տակ փորձում են գրել տեքստեր և դա համարել գրականություն։ Այսինքն` փոփոխվող իրավիճակներին համապատասխան  գրողը ստեղծում է լրագրողականից չտարբերվող տեքստեր, և դա համարվում է գրականություն, գրական-գեղարվեստական արժեք։

Երկրորդ խնդիրը, որ առանձնացվեց համաժողովում, այն է, որ գրողն իր ներսում  մոդելավորում և ներկայացնում է այն իրականությունը, որն ինքն է տեսնում։ Վերլուծությունը ցույց տվեց, որ մի շարք երիտասարդների բանաստեղծություններ իրենց մոդելավորմամբ ստացվել են իրար շատ նման։ Այս խնդիրը նոր չէ, միշտ բարձրաձայնվել է նախորդ համաժողովներում, բայց խնդիրը դարձյալ քննարկումների սեղանին է։ Նման մոդելավորումը, որ իրականությունը ներկայացնում է առանց գեղարվեստական երանգների,  գրականությունը տանում է լճացման, սեփական ձեռագրի կորստի, ստեղծվում են ՙկյանքային տեքստեր՚, որոնք տարածվում են համացանցով, բայց սա գրականություն չէ։ Գրողը չպետք է դառնա հասարակական այս կամ այն խմբի սպասարկող անձ։ Գրողը պետք է ստեղծի իր ժամանակը և այն ժամանակը, որ գալու է։ 

ՕՐԵՐԸ ԳՐԱԿԱՆ ՇՈՒՆՉ

 ՈՒՆԵԻՆ

Մեր զրույցը բանաստեղծուհի 

Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ.

-Սոնա, դու մշտապես մասնակցում ես ծաղկաձորյան գրական երիտասարդական համաժողովներին։  Քո տպավորությունը։ 

-Ծաղկաձորյան հանդիպումները սկզբնապես անցկացվել են որպես միջազգային, բայց այս անգամ արտերկրից հյուրեր չկային։ Մասնակիցները միայն Հայաստանից ու Արցախից էին։ Ամեն պահի համաժողովներն ունենում էին կարգախոսներ, որն այս տարի չկար, բայց ընկալելի էին  գրողը և իրականությունը թեման, իրականության արտացոլումը երիտասարդ սերնդի գրականության մեջ, և թե ինչպես է գրողն իր ստեղծագործությամբ ՙփախչում իրականությունից՚ կամ հակառակը։ Թեմային գրականագետները մոտեցան փիլիսոփայական տարբեր տեսանկյուններից։ Համաժողովում եղան նաև գրքի ու դիզայնի քննարկումներ, շնորհանդեսներ։ Գրաքննադատությունը դիտվեց որպես օգնող ձեռք, որպեսզի սկսնակը կարողանա մտնել գրական դաշտ, գտնել գրական ուղին։ ՀՀ գրողների միությունն ունի առաջին գրքերին աջակցելու, տպագրելու միջոց. Շանթ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է նոր մատենաշար (առաջին գրքերի), բայց դիզայնը նման է անցյալ դարի 60-ականների ձևավորմանը, այսինքն՝ նմանեցվել է։ Հասմիկ Սիմոնյանը քննադատեց նման ձևավորումը, քանի որ այն հարմար չէ վաճառքի համար՝ անկախ բովանդակությունից։ 

Ես ծաղկաձորյան հանդիպումներից մշտապես տպավորված եմ վերադառնում։ Այդ օրերը լրիվ հագեցած են անցնում, և ամեն տարի Ծաղկաձորն ինձ համար բացվում է նորովի։ 

Ծաղկաձորը տալիս է գրական շփումներ, նոր նպատակադրումներ, նոր հայացքներ, նոր գաղափարներ։ 

Համաժողովում կային և՜ գրական միջոցառումներ, և՜ ֆիլմի դիտում ու քննարկում, կարծիքների բախումներ, մի խոսքով` օրերը գրական շունչ ունեին, որոնք քո մեջ ստեղծագործելու ուժ են ներարկում, նորից ձգտում են արթնացնում, որպեսզի դու ստեղծես քո գրականությունը։ 

-Ինչպիսի՞ն են քո դիտարկումները ծաղկաձորյան վերջին հանդիպումից։

-Իրար հակասող երևույթներ կան, որը ես կապում եմ ազատության պակասի հետ. ինձ համար և նրանց համար ազատությունը տարբեր չափի է։ Իսկ կարծրատիպեր կոտրելու ձգտումը բոլորիս համար նույնն է և՜ Արցախում, և՜ Հայաստանում։ Ասեմ, որ այս անգամ քննարկումներն ավելի բուռն, ավելի անկեղծ էին, քաղաքական նոր շունչը զգացվում էր։ Ընկալման տարբերությունը տարածքի մեծությունից է. մտքերի, բախումների կենտրոն դառնալն այստեղ նոր է սկսվում։ Իմ մի դիտարկումն էլ, որը գուցե սուբյեկտիվ է, դա այն է, որ Հայաստանում մի տեսակ վերապահումով, այսինքն՝ նուրբ են վերաբերվում Արցախում ստեղծվող երիտասարդական գրականությանը։  

-Թվում է, թե իրավագիտությունը քիչ առնչություն ունի պոեզիայի հետ։ Դու բանաստեղծական երեք գրքի հեղինակ ես։ Քո հոգու մեջ չեն ՙվիճո՞ւմ՚ այդ ոլորտները։

-Ոչ։ Որովհետև երկու ոլորտներն էլ ձգտում են արդարություն հաստատել, այլ կերպ ասած՝ արդարության սուրհանդակներ են։ Նմանություններով հանդերձ, պոեզիան ունի խենթության միտում, մոլուցք։ Դա նման է կրակի, որ խժռում է։ Բանաստեղծությունը կլանում է հույզ և տալիս է հույզ։ Պոեզիան տեսնում է այն երևակայականը, որ մի օր իրականություն է դառնալու։ Իրավագիտության հիմքում գրողների քաշած մոդելներն են։ Գրողները մարդասեր սկզբունքներ կրողներն են։  Իմ իրավագետ լինելը խանգարում է միայն, որ քիչ եմ կարդում հատկապես ծավալուն գրքերը, վեպերը։ 

-Սոնա, դու ունե՞ս ընթերցողական քո լսարանը։

-Ունեմ։ Այն տարաբնույթ է։ Իմ բանաստեղծությունները կարդում են տարբեր խավերի, տարբեր մասնագիտության տեր մարդիկ։ Սակայն մի խնդիր կա.  մենք գրասեր հասարակության ստեղծման, համախմբման կարիք ունենք։ Մենք՝ երիտասարդներս, Գրողների միությանը գրական երիտասարդական ակումբ ստեղծելու առաջարկություն ենք արել, որն ընդունվել է ուրախությամբ։ 

-Քո բանաստեղծությունը հանրությանը ո՞ր ճանապարհով է ճանաչելի դառնում` համացանցով, թե՞ գրքերով։

-Թե՜ մեկով, թե՜ մյուսով։ Իմ բանաստեղծությունները տպագրվում են Լիբանանում, Լոս Անջելեսում, այլ հայկական զանգվածային լրատվամիջոցներում, Սանկտ Պետերբուրգում (թարգմանությամբ)։ Ես տպագիր խոսքն ավելի եմ կարևորում, քանի որ համացանցային գրականությունը բարձիթողի վիճակում է, հանրության հավանած ստեղծագործության գեղարվեստական որակն երբեմն շատ ցածր է լինում։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.