[ARM]     [RUS]     [ENG]

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ԱՄԵՆԱՄՅԱ

2017թ. սեպտեմբերի 11-16-ը Հադրութի մշակութային կյանքում առաջին անգամ տեղի է ունեցել ՙԴիզակի գույները՚ նկարչական սիմպոզիումը։ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից սիմպոզիումին մասնակցել են 10 նկարիչներ։ 

 Բավականին հարուստ էր սիմպոզիումի առօրյան։ Կազմակերպիչներն այնպես դասավորեցին օրվա ժամանակացույցը, որ մասնակիցները հնարավորություն ունենան այցելել շրջանի տարբեր գյուղեր, որոնք ունեն դեռ միջնադարից պահպանված հարուստ պատմամշակութային միջավայր` Տյաք, Տումի, Տող, Մեծ Թաղեր և այլն։ Տպավորված Արցախի հարուստ, հեքիաթային բնությունից` մասնակիցները նկարեցին բազմաթիվ նկարներ, որոնցից 33-ը նվիրվեցին Հադրութին։

Թե ինչպես ծնվեց այս գաղափարը, պատմում է Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Երազիկ Հայրիյանը։ ՙՀադրութ հյուր եկած Քարվաճառի թատերական խմբի ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն ուզում էր ՙ44 աստիճանի վրա՚ ներկայացումով հանդես գալ Հադրութում։  Գևորգ Բաբախանյանի հետ զրույցի ընթացքում մտահղացում ծնվեց նկարչական սիմպոզիում անցկացնել այստեղ։ Ողջունելի մտահղացում էր: Մտածեցի, որ կազմակերպելով նման միջոցառում, երկու կարևոր խնդիր կարելի է լուծել. և՜ նկարիչներին ծանոթացնել հարազատ բնաշխարհի այս հատվածին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, և՜ տեղի մշակութային կյանքն աշխուժացնել` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ՚,- ասում է նա։

Վերհիշելով նախորդ տարվա տեղի ունեցածը` նշենք, որ սիմպոզիումն անցավ մեծ հաջողությամբ, լայն արձագանք գտավ թե՜ Արցախում, թե՜ Հայաստանում և թե՜ Ռուսաստանում։ Հաջողությունից ոգևորված` որոշվեց  սիմպոզիումը դարձնել ամենամյա։ Համենայն դեպս, կազմակերպիչներն ու բոլոր աջակիցներն իրենց համաձայնությունը տվեցին` աջակցելու երկրորդ անգամ կազմակերպել միջոցառումը։ Ընդ որում, այս տարի այն կկազմակերպվի արդեն միջազգային ձևաչափով։ Հրավիրվելու են 17 նկարիչներ ոչ միայն Արցախից և Հայաստանից, այլև Ռուսաստանի Դաշնությունից, տեղեկացնում է Ե. Հայրիյանը։ 

Բաժնի պետը խորին երախտագիտությամբ է խոսում բոլոր այն կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարների, անհատ ձեռներեցների մասին, ովքեր հավանություն տվեցին մտահղացմանը և ամենայն աջակցություն ցուցաբերեցին։ Սիմպոզիումի աջակիցներն են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Հադրութի շրջվարչակազմը, ՙԱրարատ՚ հիմնադրամը, ՙԱվան Շուշի՚ հոթելը, ՙԿատարո՚ ընկերությունը, ՙԺամ՚ ամսագիրը։

Բաժնի պետի հավաստմամբ` այս տարի այցելություններ կլինեն Հադրութի այն գյուղերը, որտեղ քիչ թվով բնակչություն է մնացել` Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր, բայց որոնք շատ հարուստ պատմամշակութային միջավայր ունեն։ 

ՙՆպատակն այն է,- շեշտում է Ե. Հայրիյանը,- որ ուշադրություն դարձվի վերոնշյալ բնակավայրերին և դրանով իսկ նոր շունչ հաղորդվի պատմական նշանակություն ունեցող այդ վայրերին՚։  

Սիմպոզիումի բացումը տեղի կունենա հունիսի 22-ին, Հադրութ շրջկենտրոնում։ Այն կտևի մինչև հունիսի վերջը։

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ