Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՑԱՎ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼԻԳԱ

Համահիմնադիրների մամուլի ասուլիսը

 Հունիսի 20-ին Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն Հոթել՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց- դահլիճում կայացավ Արցախի նորաստեղծ ֆուտբոլային լիգայի համահիմնադիրներ Սևան Ասլանյանի և Հրաչ Յագանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրին Արցախի ֆուտբոլային լիգայի նպատակների մասին։ Ներկայում լիգայում ընդգրկված է ֆուտբոլային 8 թիմ՝ ՙԼեռնային Արցախ՚, ՙԵրազանք՚, ՙԱսկերան՚, ՙՄարտակերտ՚, ՙՎանք՚, ՙՄարտունի՚, ՙՃարտար՚ և ՙՇուշի՚։ Նախատեսվում է այս շարքը լրացնել Հադրութի և Քաշաթաղի շրջանների ևս 1-ական թիմերով։ 

Լիգայի համահիմնադիրների պարզաբանմամբ՝ այս տարվա առաջնությունների մեկնարկը տրվելու է հուլիսի 14-ին։ Մինչև նոյեմբեր ընթանալիք խաղերը կլինեն փորձնական, իսկ նոր մրցաշրջանը կսկսվի հաջորդ տարվա մարտ ամսից։ Առայժմ  առաջնություններն անց են կացվելու Ստեփանակերտի և Ասկերանի մարզադաշտերում, սակայն նորաստեղծ կառույցը համակարգողները հավաստիացրին, որ արդեն ընթանում են աշխատանքներ, որպեսզի Ճարտարի մի քանի տարի առաջ կառուցված մարզադաշտը ևս համապատասխանեցվի նոր մրցաշարի պահանջներին։ Նույն ձևաչափով ծրագրված է վերակառուցել Մարտունու, Մարտակերտի մարզադաշտերը։ Ս. Ասլանյանի խոսքով՝ քննարկման փուլում է Շուշիի և Վանքի թիմերի մարզադաշտերի ստեղծման հարցը։ Այս և այլ խնդիրներ կփորձեն լուծել ու համակարգել նորաստեղծ լիգայի պատասխանատուներն իրենց  գրասենյակներում, որոնցից մեկը Ստեփանակերտում է, մյուսն էլ կլինի Ժնևում։ Ծագումով հայ Հրաչ Յագանը հենց Ժնևից է, և ինքն էլ կհամակարգի տեղի արցախյան գրասենյակի աշխատանքը։ Իսկ թե ինչո՞ւ է գրասենյակը գործելու Ժնևում, Հ. Յագանը պատասխանեց, որ ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գրասենյակը նույնպես Ժնևում է, ինչը հնարավորություն կտա միշտ կապի մեջ լինել մարզական այդ կառույցի ներկայացուցիչների, ինչպես նաև համագործակցության կապեր հաստատել Արցախի ֆուտբոլային լիգայի հետ։ ՙՄենք կփորձենք ակտիվորեն համագործակցել ՈՒԵՖԱ-ի հետ, որի շրջանակներում կցուցադրենք մեր ֆուտբոլային խաղերի, մարզադաշտերի տեսագրությունները, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները, որպեսզի եվրոպական այդ կառույցը հնարավորինս աջակցի արցախյան ֆուտբոլի զարգացմանը՚,-նշեց Հ. Յագանը։ 

Լիգայի ստեղծման գաղափարը ողջունեցին Արցախի իշխանությունները։ Կառույցը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և համատեղ իրականացնել ծրագրեր՝ ուղղված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ Արցախի ֆուտբոլի հավաքականը ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն դառնալով ԿոնԻՖԱ-ի (չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիա) անդամ, 2014 թվականից մասնակցում է ֆուտբոլային այդ կառույցի կազմում ներգրավված երկրների առաջնություններին։ Հ. Յագանը ԿոնԻՖԱ-ի կոմիտեի անդամ է և իր հերթին առաջարկել է, որ Արցախում ևս կազմակերպվի չճանաչված պետությունների ֆուտբոլային կոնֆեդերացիայի գավաթի խաղարկություն։ Այս և մի շարք այլ ծրագրեր բազմաթիվ արտասահմանյան լրագրողների հնարավորություն կընձեռեն այցելել Արցախ և իրենց ռեպորտաժներով ներկայացնել Արցախն ու այն ճանաչելի դարձնել աշխարհին։ Բանախոսները հավաստիացրին, որ շուտով կլինի նաև Արցախի ֆուտբոլային լիգայի կայքէջը, որտեղ պարբերաբար կթարմացվեն բոլոր տեղեկատվությունները։ Բացի նշյալ առաջնությունից, լիգան կազմակերպելու է նաև Արցախի ֆուտբոլային գավաթի խաղարկություն, որի եզրափակիչը կկայանա ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում։ 

Պատասխանելով լրագրողների հարցերին, համահիմնադիրները պարզաբանեցին, որ մրցաշարերի հստակ կանոնադրություն դեռևս չունեն, բայց առաջիկա 6 ամիսներին կաշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի հաջորդ տարի ունենան կանոնադրություն, հստակեցված աշխատաոճ, թիմերի ընդգրկուն կազմ։ Այդ ժամանակահատվածում Արցախի լիգան աշխատանքներ կտանի ամբողջ աշխարհից ներգրավելու ֆինանսավորողների, ովքեր էլ կդառնան արցախյան թիմերի սեփականատերեր։ Ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ ևս փորձեր կարվեն, որպեսզի տեղի թիմերն ունենան ֆինանսավորման աղբյուրներ, որոնք էլ արդեն կհստակեցնեն իրենց թիմերի կանոնակարգը։ Բանախոսները վստահեցրին, որ արդեն կան դիմորդներ արցախյան թիմերի ֆինանսավորման պատասխանատվությունն ստանձնելու համար։ Օրերս Բրազիլիայից հետաքրքիր առաջարկ է ստացվել, այն է` Արցախի լիգայի թիմերում ընդգրկել լեգիոներների։ Հետագա պայմանավորվածությունները հնարավորություն կընձեռեն տեղի թիմերում ընդունել 1-2 լեգիոներների, ովքեր էլ իրենց հերթին տեղացիներին կփոխանցեն համաշխարհային ֆուտբոլի փորձն ու իրենց գիտելիքները։ Նմանատիպ առաջարկներ եղել են նաև Շվեյցարիայից մանկապատանեկան խմբերում արտերկրի ֆուտբոլիստների ընդգրկման առումով։ 

Ս. Ասլանյանն ու Հ. Յագանը` անդրադառնալով առաջիկա ծրագրերին, նշեցին, որ մեր հանրապետությունում նախատեսվում է ստեղծել առանձին ֆուտբոլային ակումբներ, որոնք էլ կունենան իրենց մանկապատանեկան խմբերը։ Վերջիններիս համար ևս կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Օրերս Երևանում ԱՀ և ՀՀ ֆուտբոլային մարզիչների միջև կազմակերպվեց կոնֆերանս, քննարկվեցին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները։ Արցախի լիգան նմանատիպ սեմինար կկազմակերպի նաև Ստեփանակերտում։ Այս և նման հարցերը կկանոնակարգվեն առաջիկայում։ Նշենք, որ Արցախի լիգայի ստեղծման գաղափարը կյանքի է կոչվում արտերկրի մեր հայրենակիցների ֆինանսական ներդրումների շնորհիվ, որի նպատակն է ոչ միայն Արցախում զարգացնել ֆուտբոլն ու հետաքրքիր դարձնել մարզական աշխարհը, այլև ֆինանսապես խրախուսել տեղի  ֆուտբոլիստներին։ Լիգայի թիմերի համար կսահմանվի մասնակցության հաստատագրված գումար, իսկ լավագույն թիմերն ու համապատասխան մրցանակներ նվաճածները կարժանանան դրամական այլ պարգևների։ 

Վերջում բանախոսները շտապեցին Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտ, որտեղ կայացավ նորաստեղծ Արցախի ֆուտբոլային լիգայի կողմից կազմակերպված Ստեփանակերտի և Ասկերանի թիմերի ընկերական հանդիպումը։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ