ՙԴԻԶԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ՚ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ
Հունիսի 22-ին Հադրութ շրջկենտրոնում, ՙԽորն աղբյուր՚ անվամբ տեղանքում, կայացավ ՙԴիզակի գույները՚ նկարչական 2-րդ սիմպոզիումի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:
Հիշեցնենք` ՙԴիզակի գույներն՚ առաջին անգամ կազմակերպվել է 2017թ. սեպտեմբերի 11-16-ը: Սիմպոզիումին մասնակցել են 10 նկարիչներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Տպավորված Արցախի հարուստ, հեքիաթային բնությամբ` մասնակիցները բազմաթիվ տեսարաններ հանձնեցին կտավին, որոնցից 33-ը նվիրվեցին Հադրութին: Գաղափարը` հենց այստեղ անցկացնել նկարչական սիմպոզիում, ծնվեց անցյալ տարվա գարնանը, երբ Հադրութում նկարիչ և ռեժիսոր Գևորգ Ընծա ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ ցանկություն հայտնեց հանդես գալ ներկայացմամբ, պատմում է շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Երազիկ Հայրիյանը: Կազմակերպելով նման միջոցառում` երկու կարևոր խնդիր էր լուծվում. առաջին` նկարիչներին ծանոթացնել հարազատ բնաշխարհի այս հատվածին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, և երկրորդ` աշխուժացնել տեղի մշակութային կյանքը ` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ: Սիմպոզիումը լայն արձագանք գտավ Արցախում, Հայաստանում, անգամ Ռուսաստանում: Որոշվեց այն դարձնել ամենամյա:
Կազմակերպիչներն ու բոլոր աջակիցներն իրենց համաձայնությունը տվեցին սատարել թե՜ այս և թե՜ հաջորդ տարիներին միջոցառումների կազմակերպմանը: Ընդ որում, այս տարի այն կազմակերպվեց արդեն միջազգային մակարդակով: Հրավիրվել են 17 նկարիչներ Արցախից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Երազիկ Հայրիյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլոր կազմակերպություններին, հիմնարկների ղեկավարներին, անհատ ձեռներեցներին` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, Հադրութի շրջվարչակազմին, ՙԱրարատ՚ հիմնադրամին, ՙԱվան Շուշի՚ հոթելի տնօրինությանը, ՙԿատարո՚ ընկերությանը, ՙԺամ՚ ամսագրին, միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար: Նրա հավաստմամբ` այս տարի այցելությունները նախատեսված են կազմակերպել Հադրութի այն գյուղերում, որտեղ քիչ թվով բնակչություն է մնացել` Առաքել, Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր, բայց որոնք շատ հարուստ պատմամշակութային միջավայր ունեն:
Ի դեպ, նկարիչները հասցրել են պատկերել ոչ միայն Հադրութի հին թաղամասերը, մերձակա գյուղերի հիշարժան վայրերը, այլև էտյուդներ կատարել շրջկենտրոնից բավականին հեռու գտնվող Մելիքաշենում, Պլեթանցում, Բանազուրում, Առաքելում:
Մեր հարցազրույցը սիմպոզիումի համահիմնադիր, նկարիչ Գևորգ Ընծա ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ հետ:
-Նախ, ինչպե՞ս եղավ, որ ՙԴիզակի գույները՚ նկարչական սիմպոզիումն ավանդաբար անցկացվելու ՙկարգավիճակ՚ ստացավ:
-Անցած տարվա հաջողությունը մեզ ոգևորեց: Եվ ինչպես ծանրամարտիկը հաջողությամբ ձողը բարձրացնում է և հետո պատվիրում ավելի ծանր կշիռ, նույնն էլ մեզ մոտ եղավ: Այս տարվա ՙկշիռը՚ մեծացրինք` սիմպոզիումը դարձրինք միջազգային: Նույնիսկ կտավների չափերը մեծացրինք: Եվ եթե անցած տարի Հայաստանից և Արցախից 12 նկարիչներ մասնակցեցին սիմպոզիումին, այսօր ունենք հինգ մասնակից արտերկրից` Ռուսաստանի Դաշնությունից: Դա ավելի ոգևորիչ հանգամանք դարձավ հենց նկարիչների համար, հատկապես ռուս նկարիչների: Հայաստանը ծանոթ երկիր է, իսկ Արցախը` անծանոթ: Վստահ եմ, որ նրանք կլինեն այն դեսպանները, որոնք հետագայում Արցախի մասին իրենց երկրում կարող են շատ բան անել` փոխել վերաբերմունքը մեր երկրի հանդեպ:
-Այս տարվա սիմպոզիումի մասնակիցների մասին Ձեր գնահատականը:
-Նախ նշեմ, որ կրկին շատ լավ պայմաններ են ստեղծվել նկարիչների համար: Ուրախությամբ եմ փաստում, որ ամեն տարի ավելանում է մեր հովանավորների թիվը: Հասկանալի է, որ մասնակիցների թվի մեծացմամբ ծախսերն էլ են ավելանում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, որ կանգնել է մեր թիկունքին` աջակցելու ծրագրերին: Շնորհակալ եմ ՙԺամ՚ ամսագրին, որը հանդիսանում է մեր տեղեկատվական հովանավորը:
-Մասնակիցների մի մասը Հայաստանից է, մյուսները` Ռուսաստանից: Կարո՞ղ է դա հանգեցնել ինչ-որ խոչնդոտների, խնդիրների:
-Դա երևի ամենավտանգավոր հանգամանքն է, երբ խմբի մեջ անհամաձայնություններ են լինում: Ես դրանից շատ եմ վախենում: Ինձ համար կարևորը մարդկային հարաբերությունները բարձր պահելն է: Փառք Աստծո, մենք որեէ խնդիր այդ առումով չենք ունեցել:
-Ինչպե՞ս է դա հաջողվում, ինչի՞ շնորհիվ:
-Դժվարանում եմ հստակ ասել, թե ինչի շնորհիվ, բայց որ մթնոլորտն անկաշկանդ է, բարիդրացիական` միանշանակ է: Իսկ եթե չկա լարում, կա սեր, միաբանություն, ուրեմն, նվազագույնի են հասնում կոնֆլիկտները: Իհարկե, երբ ես նկարիչներին ընտրում եմ, ձգտում եմ պահանջկոտ, քմահաճույքներով նկարիչներին չընդգրկել: Եվ շատ կարևոր է, որ ավագների կողքին լինեն երիտասարդ նկարիչներ: Մենք այս տարի ունենք պրոֆեսորներ Չուվաշիայից, Սանկտ Պետերբուրգից և նրանց կողքին երիտասարդ նկարիչներ, որոնց միջև փորձի փոխանակում է կատարվում: Ստեղծագործական մթնոլորտ է տիրում սիմպոզիումի մասնակիցների մոտ: Արդեն 50-ից ավելի գործեր են ստեղծվել: Եվ այս ամենը` մեծ ներշնչանքի շնորհիվ:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ