Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Արցախի գիտական կենտրոնն օրերս հրավիրել էր գիտխորհրդի նիստ, որտեղ ներկայացվել են հանրապետության պետբյուջեի ֆինանսավորմամբ գիտական թեմաների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունները։ Նիստը վարում էր կառույցի ղեկավար Ստեփան Դադայանը։

 Օրակարգի 1-ին հարցը Արցախի գիտական կենտրոնի գիտական աշխատակազմի գործառույթները կարգավորող փաստաթղթերի ընդունման մասին էր, որի պարզաբանմամբ հանդես եկավ Կենտրոնի տնօրենի տեղակալ Անյուտա Սարգսյանը։ Գիտխորհուրդը միաձայն որոշեց ընդունել ներկայացված փաստաթղթերը՝ որոշակի լրացումներով ու խմբագրումներով։

Այնուհետև իրականացվող գիտական թեմաների վերաբերյալ հաշվետվություններով  հանդես եկան դրանց ղեկավարները։ Զեկուցողներն իրենց ելույթներում հատկանշեցին թեմաների արդիականությունն ու դրանց նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործում, նաև պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։ 

Զեկուցմամբ առաջինը հանդես եկավ իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանը՝ ՙԱրցախի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ՚ թեմայով։ Նրա խոսքով՝ իրականացվել են թեմայի վերաբերյալ 1-ին կիսամյակի համար նախատեսված աշխատանքները։ Մասնավորապես, ուսումնասիրվել են Արցախի Սահմանադրության պատմությանն առնչվող բոլոր տեսակի նյութերը, այդ թվում՝ 1918թ. Սահմանադրության վերաբերյալ,  ձեռք են բերվելՀայաստանի և արտասահմանյան երկրների սահմանադրությունների մեկնաբանությունների վերաբերյալ մի քանի տասնյակ էլեկտրոնային և տպագիր նյութեր և այլն։     

Կիրառական նշանակության թեմաներից է ՙՀողապաշտպան երկրագործության համակարգի օղակների արդյունավետությունն Արցախի նախալեռնային գոտու անջրդի պայմաններում՚ հետազոտությունը, որի ղեկավարը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սարիբեկ Գալստյանն է։ Նրա հավաստմամբ՝ ներկայիս աշխատանքն իր մեջ ընդգրկում է հողի մշակման վերաբերյալ ավելի լայն հարցեր, քան իր կողմից հետազոտվող նախորդ թեման էր։ Նվազագույն մշակման համակարգը, ըստ թեմայի ղեկավարի, ունի իր յուրահատությունները, որը տարբերվում է ավանդականից։ Առաջին խնդիրներից մեկը եղել է մակերեսային մշակման պայմաններում ցանքաշրջանառության ազդեցությունն ուսումնասիրելը։ Թեմայի հետազոտման նպատակներից մեկն էլ նշված պայմաններում հերբիցիդների օգտագործումն է։  

Գիտական աշխատանքի նպատակն է հանրապետության նախալեռնային գոտու անջրդի երկրագործության պայմաններում աշնանացան ցորենի ցանքերում կազմակերպել հողի նվազագույն մշակման համեմատում կիրառվող ավանդական եղանակի հետ։ Ըստ Ս. Գալստյանի՝ երկրի պարենային ինքնաբավության ապահովման համար գոյություն ունի երկու ճանապարհ՝ ավանդական երկրագործության համակողմանի ինտենսիվացում և ագրոցենեզներում հողառաջացման բնական գործընթացի վերականգնման վրա հիմնված երկրագործության նոր համակարգի ներդրում, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ 

ՙԲանջարաբոստանային և կիրառական նշանակության բույսերի սնկային հիվանդությունների ուսումնասիրությունն Արցախում՚. գիտական այս թեմայի ղեկավարը կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Մարգարյանն է։ Ներկայացնելով կիսամյակային աշխատանքները՝ զեկուցողը նշեց, որ վաղ գարնանից սկսվել և շարունակվում են թեմայի ուղղությամբ գործընթացները Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Պարբերաբար հավաքագրվում են ախտահարված նմուշներ և դրանք նույնականացնում ընդունելի մեթոդներով՝ մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ հետազոտությամբ։  Գ. Մարգարյանի համոզմամբ՝ խոնավությունն ու ջերմությունը սնկային հիվանդությունների զարգացման լավագույն նախապայմաններից են։ Այսինքն՝ տարին բարենպաստ է ծրագրի իրականացման, սակայն ռիսկային՝ գյուղատնտեսության համար։ Ասվածը պարզաբանելով՝ նա նշեց, որ բռնկված հիվանդությունները կարող են հանգեցնել համաճարակի, ինչի հետևանքով կունենանք բերքի ոչ թե մասնակի, այլ զգալի կորուստ։ Թեմայի ղեկավարի հավաստմամբ՝ գիտական հետազոտություններին զուգընթաց նաև  գյուղատնտեսներին և հողօգտագործողներին անհրաժեշտ խորհրդատվություններ են տրամադրում։ Նյութերի վերլուծության արդյունքում ծնված գիտական հոդվածն էլ ուղարկվել է Պետրոզավոդսկ, որտեղ ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ 150 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Նիստի մասնակիցները լսեցին նաև ՙԻրավաքաղաքական փաստարկները ղարաբաղյան հակամարտության առանցքային փաստաթղթերում և բանակցություններում՝ 1995-2003թթ.՚ (թեմայի ղեկավար՝ քաղաքական գիտությունների թեկնածու Հրայր Փաշայան), ՙՖեմտավայրկյանային լուսային իմպուլսով քվանտային նանոկառուցվածքների գրգռման ժամանակ կոհերենտ տերահերցային ճառագայթման գեներացման մասին՚ (թեմայի ղեկավար՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ալբերտ Ալեքսանյան), ՙՀայ ազգային-ազատագրական պայքարի նորօրյա փուլի՝ Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը և զարգացման հեռանկարները՚ (թեմայի ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյան) և ՙՂարաբաղի վարչատարածքային հարցերը պատմաքաղաքական զարգացումներում՚ (թեմայի ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Նելլի Բաղդասարյան)  գիտական թեմաների մասին հաշվետվությունները։  

Նիստը որոշեց ներկայացված հաշվետվություններն ընդունել ի գիտություն։ Իսկ թեմաների ղեկավարներին հանձնարարվեց մինչև ամփոփիչ հաշվետվությունն ուսումնասիրությունները ձեռագիր վիճակում ներկայացնել Գիտական կենտրոն՝ տպագրության երաշխավորելու համար։ Միաժամանակ նրանց հանձնարարվեց սահմանված կարգով և ժամկետներում ապահովել 2018 թվականի համար նախատեսված աշխատանքների իրականացումը՝ սահմանված կարգով և ժամկետներում։

ՙՄեր երկիրը, մեր հասարակությունը սպասում է նման գործերի, և մենք պարտավոր ենք դա անել՝ անկախ այն բանից՝ կիրառական նշանակությա՞ն, թե՞ հիմնարար գիտությունների վերաբերյալ թեմաներ են՚,-ասաց Ստեփան Դադայանը։ 

Օրակարգի վերջին հարցը Արցախի գիտական կենտրոնի բազային թեմաների մասին էր։ Զեկուցողները՝ Լիլյա Առստամյանն ու Արևիկ Իսրայելյանը, հանգամանալից տեղեկատվություն ներկայացրին իրենց կողմից իրականացվող բազային թեմաների վերաբերյալ։ Լ. Առստամյանի իրազեկմամբ՝ մշակվել է ծրագիր հակադիաբետիկ նշանակության թեյերի արտադրության համար, որն արդեն իրականացման փուլում է։ Իր հերթին Ա. Իսրայելյանը տեղեկացրեց, որ Գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Ա. Սարգսյանի հետ համատեղ ծրագիր են իրականացնում անասնակերերի հարստացման և սիլոսացման ուղղությամբ։ Արդյունքները կներկայացվեն ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագայում ոլորտում կիրառելու համար։  

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ