[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ՙՔվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ՚ խորագրով Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովն իր աշխատանքները հունիսի 28-ից հուլիսի 2-ը շարունակեց Արցախում: Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, Սաութհեմթոնի  և Սանկտ  Պետերբուրգի համալսարանների պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են Ռուսաստանի քվանտային ֆիզիկայի կենտրոնը (Մոսկվա) և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երևան): Ծրագիրն իրականացվում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 10 երկրներից շուրջ 50 ֆիզիկոսներ:

Գիտաժողովն անցկացվեց ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ներկա  էին  Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, ֆիզիկայի մասնագետներ, ուսուցիչներ: 

Գիտաժողովը ներածական խոսքով բացեց և առաջին լիագումար նիստը վարեց  կազմկոմիտեի նախագահ, պրոֆեսոր Ալ. Կավոկինը:  ՙԻնձ համար մեծ պատիվ է բացել միջազգային գիտաժողովն Արցախում՚,-ասաց նա և ներկայացրեց, թե ինչպես է մտահղացվել գաղափարը:  Երկար տարիներ ֆունդամենտալ ֆիզիկայի ինստիտուտների  գիտնականներին միավորող  ընկերակցությունն անց է կացնում գիտաժողովներ Հայաստանում՝  գործընկերների՝ Երևանի ՙՔվանտ՚ վարժարանի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի համագործակցությամբ:  Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հերթական մի հանդիպման ժամանակ որոշվեց ֆիզիկայի քվանտային մեզոսկոպիկ զարգացող ուղղությամբ գիտնականների խումբը բերել Արցախ մի քանի նպատակներով: Առաջին՝  քննարկումների միջոցով կանխագուշակումներ անել  ապագայի վերաբերյալ: Երկրորդ`ցույց տալ գործընկերներին Արցախը: Պրոֆ. Կավոկինը, որը  4-րդ անգամ է այցելում Արցախ, քանի որ, ինչպես խոստովանեց ինքը, առաջին անգամ այցելողը ցանկանում է վերադառնալ այս զարմանահրաշ աշխարհ, միշտ երազել է Արցախը ցույց տալ իր գործընկերներին, որպեսզի նրանք ևս ճիշտ պատկերացում կազմեն նորանկախ այս հանրապետության մասին: Արցախն այն չէ, ինչ սփռվում է տեղեկատվական աղբյուրներով, որի ժամանակ հաճախ ճշմարտությունը չի ներկայացվում: Որպեսզի գործընկերներին բերելով Արցախ՝ կարողանա ասել.ՙՃշմարտությունն ահա փռված է ձեր առջև, տեսե՛ք՚: Երրորդ նպատակն է  մեկտեղել գիտնականներին և ուսուցիչներին` քննարկելու ֆիզիկա առարկայի դասավանդման խնդիրները և նոր մեթոդները: Ֆիզիկայի դպրոցական դասընթացն ամբողջ աշխարհում հիմնականում  հենված է 19-րդ դարի, փոքր-ինչ` 20-րդ դարի ֆիզիկայի վրա:  Դպրոցական դասագրքերում արտացոլված չեն վերջին հարյուրամյակի ֆիզիկայի նորությունները: Եվ երեխաները  սարսափելի կտրվածություն են զգում  իրենց սովորածի և  շրջապատում եղածի միջև: Ու դա չի  նպաստում ֆիզիկայի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը: Մյուս կողմից` այնքան էլ դյուրին չէ դպրոցում քվանտային մեխանիկա դասավանդելը: Այդ  տեսակետից շատ կարևոր է մեկտեղել ակտիվ գիտնականներին, ովքեր իրենց ձեռքով անում են քվանտային հեղափոխություն, և ուսուցիչներին` ներկայացնելու նորարարությունները: Չնայած իր կողմից նախաձեռնությանը` պրոֆ. Կավոկինն այնքան էլ համոզված չէր, որ Արցախում կհաջողվի նման ներկայացուցչական գիտաժողով կազմակերպել, և շատ ուրախ էր, որ այն ստացվեց շատ բարձր մակարդակով: 

Ողջույնի խոսք ասաց գիտաժողովի համակազմակերպիչ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը. ՙՆման գիտաժողովի անցկացումը շատ կարևոր է Արցախի կյանքում, որի մասնակիցները քվանտային  և մեզոսկոպիկ ֆիզիկայի աշխարհի լավագույն գիտնականներն են, որոնք այցելել են մի երկիր, որը տվել է ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի գծով  բազմաթիվ նշանավոր գիտնականներ՚: Նա հույս հայտնեց, որ այդպիսի գիտաժողովները շարունակականություն կունենան: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ նախապես  ներկայացնելով ԱՀ  Նախագահի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին:

Ն. Աղաբալյանի  խոսքով՝ միջազգային գիտաժողովը  կարևոր իրադարձություն է ոչ միայն արցախցիների, այլև,  ընդհանրապես, գիտական աշխարհի համար: Նա  շնորհակալական խոսք ուղղեց պրոֆ. Կավոկինին և նրա ողջ թիմին` գիտաժողովի նախաձեռնության համար: ՙԱրցախում միշտ  ուրախ ենք հյուրընկալելու մարդկանց, ում միտքն ու ջանքերն  ուղղված են զարգացման ծրագրերի իրականացմանը` լինի դա կրթության, գիտության ոլորտներում կամ` մեկ այլ ասպարեզում՚,-ասաց նա:  Նախարարը ցավով նշեց, որ վերջին 30 տարիներին Արցախի անունը հաճախ նույնականացվում է պատերազմի և հակամարտության հետ: Սակայն հազարամյակների պատմություն ունեցող  Արցախը շատ ավելի հետաքրքիր է իր պատմամշակութային, գիտական ժառանգությամբ, իր ներուժով: Արցախը հայտնի է իր մեծանուն զավակներով, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել  ոչ միայն  այս փոքրիկ հողակտորի վրա ապրող ժողովրդի համար, այլև ամբողջ մարդկության կյանքում, ընդգծեց նախարարը: Սակայն մեր երկրին պարտադրված պատերազմի պատճառով Արցախի գիտական ներուժի զարգացման և բացահայտման գործընթացը, բնականաբար,  դանդաղել է: ՙՇատ երիտասարդներ և երեխաներ, որոնք գուցե կդառնային գիտնականներ, դարձել են կա՜մ  պատերազմի զոհ, կա՜մ  էլ զրկվել  են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Ահա թե ինչու այս գիտաժողովը դիտարկում ենք որպես բացառիկ հնարավորություն  մեր ուսուցիչների համար, ովքեր պատասխանատու են այսօրվա սերնդին կրթելու և նրանց ներուժը բացահայտելու համար՚,-ասաց Ն. Աղաբալյանը: Նա վստահություն հայտնեց, որ գիտաժողովը նաև սկիզբ կդնի նոր բարեկամության  և արդյունավետ համագործակցության: Գիտաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ նախարարը նաև հավաստիացրեց, որ մասնակիցների օրերը կլինեն հագեցած, նրանք այստեղից կհեռանան վառ տպավորություններով: 

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում նույնպես արժևորեց միջազգային գիտաժողովն Արցախում անցկացնելը: ՙԿարծում եմ՝ սա շատ կարևոր սկիզբ է: Հայաստանի նոր իշխանությունները կրթությանն   ու գիտությանը,  բարձր  տեխնոլոգիաներին կարևոր նշանակություն են տալիս, և բոլոր  քննարկումներում  Արցախի հետ համագործակցությունը և նրա  ներգրավվածությունը մեր օրակարգի կարևորագույն կետերից է՚,-ասաց նա: 

Օրհնանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեսպիկոպոս Մարտիրոսյանը:  Նա մաղթեց, որ գիտության պտուղները ծառայեն խաղաղությանը, առողջությանը և հստակ մտքին: 

Գիտաժողովում տեղի ունեցավ մի փոքրիկ արարողություն: Երևանի ՙՔվանտ՚ վարժարանի և  Ֆիզիկոսների ընկերակցության միջերկրածովյան ֆունդամենտալ ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարներն իրենց երկարամյա համագործակցությունը վավերացրին հուշագրով: 

Ցուցադրվեց ֆիլմ Արցախի գիտության մասին, որտեղ ներկայացված են արցախածնունդ նշանավոր գիտնականները: 

Ընդմիջումից հետո գիտաժողովում լսվեցին մի շարք զեկուցումներ, ինչպես նաև Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում՝ հանրապետության ֆիզիկայի ուսուցիչների առջև ճանաչված ֆիզիկոսներն ու մանկավարժները հանդես եկան մեթոդական թեմաներով դասախոսությամբ:   

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ