[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐԴԱՏՈՆԸ` ԱՎԱՆԴՈՒՅԹ

 

 

 

Գրիգոր Նարեկացուն  նվիրված Վարդատոնը, որն արդեն ավանդույթ է դարձել, այս անգամ անցկացվեց այլ ձևաչափով. հայկական Վերածննդի դարաշրջանի  կարկառուն ներկայացուցչի հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո հավաքվածները հանճարեղ բանաստեղծի անունը կրող համալսարանի գիտական նիստերի դահլիճում մասնակցեցին գիտաժողովին, որը կազմակերպել էին Արցախի գրողների միությունը, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ղեկավարությունը, Արևմտահայերենի հայագիտության գիտահետազոտական ՙԼուտովիկա և Յակոբ Այնթապլեան՚ կենտրոնի տնօրեն, բանասիրական  գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը։

 

Նարեկացին բացառիկ և անմեկնելի երևույթ է ոչ միայն  ազգային, այլև համամարդկային  նշանակության։ Հայ գրականությունը Նարեկացիով վերածնունդ ապրեց: Նա եղավ առաջին հոգեբույժն աշխարհում, և նրա ՙՄատյանով՚ բուժվում են նրանք, ովքեր հավատ ունեն։ Նարեկացին ստեղծել է հոգևոր ՙավազան՚, որի հետ հաղորդակցվում և մաքրագործվում են, և որը հայի  հոգեկերտվածքին մշտապես երանգներ է տալիս. այսպես գնահատելով հայ միջնադարյան հանճարին` ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվա սկզբից ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի բոլոր բաժիններում Նարեկացուն ժամեր կհատկացվեն, Երևանից գիտնականներ կհրավիրվեն դասախոսություններ կարդալու։ Նա առիթն օգտագործելով` Գրողների  միության տարվա մրցանակները հանձնեց Մաքսիմ Հովհաննիսյանին, Սոկրատ Խանյանին, Վարդգես Բաղրյանին, Ռոբերտ Եսայանին, Ժաննա Բեգլարյանին, Սիրվարդ Ստեփանյանին։

Վարդատոնի առթիվ ողջույնի խոսք ասաց Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նշելով, որ Նարեկացին մարգարեություն է արել, որ իր լեզուն պիտի քարոզվի ամբողջ աշխարհում։ Նարեկացին սկսել է թարգմանվել 18-րդ դարից, և այժմ նրան կարդում են 12 լեզուներով։ Նարեկացին ճեղքեց ազգային հոգևոր-գեղարվեստական սահմանները, որը մեծ նվաճում է, դասվեց սրբերի շարքը: Պատահական չէ, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նրան տիեզերական վարդապետ հռչակեց։ Աստվածաշնչից հետո ՙՄատյան ողբերգությունը՚, որին ժողովուրդը ՙՆարեկ՚ է կոչում, ամենասիրված գիրքն է, որ բուժում է, որ հրաշագործություններ է անում։ Պարզվել է, որ Արցախում Գրիգոր Նարեկացու անունով եկեղեցի կա, և այն պետք է վերականգնել, որպեսզի մեծ սրբի տիեզերական մեծության օրհնանքը լինի հայոց աշխարհի վրա։ Ապա Սրբազանն իր կյանքից, իր փորձից  դրվագներ  պատմեց գրքի կատարած հրաշագործությունների մասին: Սրբազան հայրը համալսարանի գրադարանին  հոգևոր գրքեր նվիրեց։

Նարեկացու կյանքն ու գործունեությունը  ներկայացրեց Ամալյա Գրիգորյանը։ Նարեկացին ծնվել է 951թ., Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Վանա լճի մոտ գտնվող Նարեկա վանքում, աշակերտել ազգակից Անանիա  Նարեկացուն, նույն  վանքում դարձել կրոնավոր, զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքով, ապրել մաքրակենցաղ ճգնավորի վարքով։ Մահացել է 1003-ին, աճյունը հանգչում է Նարեկավանքի մոտ գտնվող մատուռ-դամբարանում, որը դարձել է ուխտատեղի։ Նարեկավանքն այսօր հիմնովին  ավերված է: Մեծն բանաստեղծի  տաղերը բացառիկ արժեք են ներկայացնում, իսկ ՙՄատյանը՚ մարդկության ստեղծած գեղարվեստական բառացիկ գոհարներից է։ Նարեկացին կատարելության է հասցրել բանաստեղծության ձևը շատ ավելի առաջ, քան դա արվեց պարսկական  և արաբական քնարերգության մեջ։ 

ՙՄակդիրների իմաստային  խմբավորումը Նարեկացու ՙՄատյան ողբերգության՚ պոեմում՚ թեմայով զեկուցեց ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ռենա Մովսիսյանը։ Ստեղծագործական բովանդակության, գաղափարական մտածողության և լեզվական արտահայտչամիջոցների ներդաշնակության առումով անգերազանցելի է ՙՄատյանը՚։ Նա գիտեր  ՙծովաձայն հնչեցնել բառերը՚: Պոեմի լեզուն  գրաբարն է, որի հետ կապված ենք օրգանապես, գենետիկ  հիշողությամբ, որը մղում է  զղջանքի ու մաքրման։ Շքեղ, ճոխ հոմանիշ մակդիրներով և պատկերավորման տարատեսակ միջոցներով Նարեկացին կերտում է աստվածային  էության և մարդկային  իրականության համեմատական պատկերը՝ լեզուն հասցնելով կատարելության։ Հիրավի, տաճարին հատուկ փառահեղություն ունի ՙՄատյանի՚  լեզուն։ Աստված, ըստ նրա, լույս է. անխարդախ,  անախտակիր, աննախանձ, անոխակալ, ամենափայլ  ճառագայթ, արփիացնցուղ ցող, կիզանուտ ճաճանչ, ճաճանչափայլ լույս,  փառքի ճառագայթ։ Աստված բոլորիս ճշմարիտ դատավորն է։ 

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանն անդրադարձավ  իրավունքների և ազատությունների խնդրին  ՙՄատյան ողբերգության՚ պոեմում։ Նարեկացին ապրել ու  ստեղծագործել է միջնադարյան Հայաստանում, երբ  բնական օրենքի դոկտրինան ավելի շուտ վերաբերում էր մարդու պարտավորություններին, քան իրավունքներին։ Ստի ու մեղքի դեմ պայքարը միշտ  էլ արդիական է։ Պոեմում, մարդկային սուտը, խորամանկելու կարողությունը, մեղքի  գիտակցումից փրկվելու բոլոր ուղիները նշելով, Նարեկացին  փաստում է նաև  մարդու անզորությունն Աստծո արդարության դեմ,  որի աչքից ոչինչ ծածուկ չի մնում։ ՙՈրպեսզի մարդիկ երջանիկ լինեն, պետք է հասնեն մեղքերի քավության՚,-ասված է ՙՄատյանի՚ մեջ: Թե՜ աշխարհիկ և թե՜ հոգևոր իրավունքների և ազատությունների միակ նպատակը մարդու կյանքն ու երջանկությունն են,  բնական և անօտարելի իրավունքների և ազատությունների պահպանումը։ 

ԱրՊՀ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Արկադի Թովմասյանը Նարեկացուն անվանեց մեծ հոգեբան, մեծ մարդագետ, որ նրա ՙՄատյանի՚ բուժական ազդեցությունը կապված է հոգեբանական գործոնի հետ։ ՙՆարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա՚. Չարենցը գտել է համաշխարհային հռչակ վայելող մեծին բնութագրող բառը՝ լուսապսակ։ 

ՙՄատյանի՚ ռուսերեն թարգմանության մասին խոսեց համալսարանի ռուսաց լեզվի դասախոս Ելենա Գրիգորյանը, իսկ պատմության ամբիոնի դասախոս Ալիկ Սարգսյանն անդրադարձավ  Նարեկացուն և աղանդավորական շարժմանը։ 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում նշեց, որ Նարեկացուն անդրադարձել են շատ գիտնականներ, այդ թվում`  Մխիթարյանները, և որ խորհրդային կարգերի  փլուզումից հետո նարեկացիագիտությունը նոր փուլ մտավ՝ նոր  լույսի տակ։ Ուրախալի է, որ երիտասարդությունը հետաքրքրություն է ցուցաբերում Նարեկացու հանդեպ։ 

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի շրջանավարտ, Երևանի  Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Աննա Իզմայիլյանը հանդես եկավ դասական ստեղծագործությունների կատարմամբ, իսկ  ուսանողներն ասմունքեցին տաղերից  ու ՙՄատյանից՚։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ